Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ տպավորությունն այնպիսին է, որ կառավարությունը ոչ թե լսում է մեր բողոքի բովանդակությունը, այլ այն դիտում է որպես աղմուկ». Սևադա Պետրոսյան

Հունիս 20,2020 12:57

«Այս շարժումը երիտասարդ  ճարտարապետների, մշակույթի ոլորտի գործիչների շատ մեծ մոբիլիզացիա է առաջացրել: Սա իրոք ապակենտրոն մի շարժում է»,- «Մեդիա կենտրոն»-ում տեսակապի միջոցով կազմակերպված Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման շուրջ վերջին զարգացումների թեմայով քննարկմանը հայտարարեց «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Իզաբելլա Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր զբոսավարների տուր է լինելու դեպի Ֆիրդուս թաղամաս, համերգ: Նշեց՝ հասկանում են՝ կառավարությունը դժվարին իրավիճակում է հայտնվել, սակայն միևնույն ժամանակ փաստեց՝ կա ինքնաբուխ ու կարևոր շարժում, որը անկախ այդ գործընթացի ելքերից, կարևոր հիմք է դնելու քաղաքային խնդիրների մասնակցային լուծումներ գտնելու համար:

Անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարություններին, թե դրական փոփոխություններ են եղել ծրագրում, կստեղծեն զբոսաշրջային միջավայր, 2-4 հարկանի պատմական շենքեր, Իզաբելլա Սարգսյանն արձագանքեց. «Եթե Տիգրան Ավինյանն առաջարկում է սրճարաններ լինեն կամ հուշանվերների խանութներ, ո՞րն է այստեղ հանրային շահը»:

Ճարտարապետ, «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Սևադա Պետրոսյանի տպավորությունն այնպիսին է, որ կառավարությունը ոչ թե լսում է իրենց բողոքի բովանդակությունը, այլ այն դիտում է որպես աղմուկ և ռեակցիոն ձևով անդրադառնում. «Այդ հայտարարությունը ոչ մի ձևով չի փարատում մեր մտահոգությունները. նույնիսկ քարկապին ավելանում է մեկ քարկապ ևս, թե ինչպես են լուծվելու իրավական, քաղաքաշինական հարցերը»:

Նա բարձրացրեց այն խնդիրը՝ ի՞նչ լիազորությունների շրջանակում է կառավարությունը միջամտում համայնքային խնդիրներին, ի՞նչ իրավական հիմքեր կան, որ կառավարությունը որոշի երկու փողոցների հուշարձանների վրա ցանկացած նախագիծ: Նա հիշեցրեց՝ վերևից ներքև որոշումներ կայացնելու դարն անցել է. քաղաքային, ֆիզիկական միջավայրի վերաբերյալ որոշումները պիտի կայացվեն մասնակցային ձևով: Այնուհետև շեշտեց՝ քաղաքաշինության կարևոր հիմադրույթներից մեկը սեփականության և դրա տնօրինման իրավունքն է: Այնուհետև ցավով նշեց. «Մինչև օրս մենք աշխատում ենք Սովետական միության տրամաբանությամբ, նաև բերում ենք մեծ ունեցվածք ունեցողներին և իրենց կողմից իրականացնում այդ ծրագրերը ի հաշիվ բազմաթիվ այլ մարդկանց սեփականության իրավունքի»:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն այս առիթով արձագանքեց. «Սովետի ժամանակ գոնե գոյություն ունեին քաղաքաշինական նորմեր: Հիմա գոյություն ունի վայրի կապիտալիզմ, երբ իշխողը փողն է. նորմեր, չափանիշներ մղված են հետին պլան: Հուսով էինք, որ նոր իշխանությունները կվերանայեն այդ ամենը, բայց դա չեղավ»:

Նա վստահեցրեց՝ մեզ պետք չեն կեղտոտ փողեր, նաև անօրինական ներդրումներ: Հարցին՝ իսկ ո՞րն է գերակա շահի գինը հանրության համար, Սոնա Այվազյանն այսպես պատասխանեց. «Այդ մարդիկ կորցնում են իրենց պատմությունը, հիշողությունը, անցյալը, և ստանում են մի քանի կոպեկ, որը երբեք չի կարող այդ ամենը փոխհատուցել: Եթե ստանում են գույքի արժեք, մնացածը բարոյական վնաս է, որը չի փոխհատուցվում: Իրենց տեղավորում են այլ միջավայրում: Եթե դա հանրային շահ է, իսկ ինչո՞ւ չքննարկել հանրության հետ: Դա չի արվել: Արվել է այն, ինչ ուզում են, ուղղակի հանրային շահի տակ օտարել են մարդկանց ունեցվածքը»:

Սոնա Այվազյանի կարծիքով՝ այս գործընթացը պետք է դադարեցվի, քանի որ մշակվում է Երևանի գլխավոր հատակագիծը:

Սևադա Պետրոսյանը պնդեց՝ այս դեպքում գերակա շահը հիմնավորված չէ և չի կարող լինել: Ըստ նրա՝ ոչ թե պետք է կազմվի Երևանի գլխավոր հատակագիծ, այլ Երևանի զարգացման ռազմավարական նախագիծ, որը կլինի ճկուն և կունենա օրենքին համարժեք դիրք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930