Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ բոլորիս մնում է ապավինել մեր ինքնակազմակերպվածությանը․ «Ազգ»

Հունիս 20,2020 12:49

Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսը համեմատում է պատերազմի հետ եւ պահանջում, որ իրեն չքննադատեն, իսկ քննադատողերին անվանում է դավաճաններ: Այս անհեթեթ մոտեցման մեջ նրան պաշտպանում են բացառապես նրա քաղաքական թիմի ներկայացուցիչներ, այսպես կոչված՝ սորոսական շրջանակները, այդ թվում իրեն անկախ հայտարարող ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Վերոնշյալներից ոչ ոք բնականաբար, ոչինչ չի ասում տասնյակ հազարավոր հիվանդների, առողջապահական համակարգը կոլափսի հասցնելու, հարյուրավոր մահերի եւ այս ամենի մեջ իշխանության մեղավորության մասին: Իրավիճակ, որը մեզ հասցրել է հոդվածի սկզբում նշված՝ կրկին անցնել կարանտինի, թե՞ շարունակել տնտեսական արդեն իսկ խաթարված գործունեությանը երկընտրանքին: Ո՞րն է ելքն այս վիճակում:

Եթե երկիրը վերադառնա այս տարվա մարտ-մայիսի տնտեսական գործունեության տեսակների սահմանափակմանը, ապա դա եւս մեկ ուժգին հարված կլինի տնտեսությանը եւ հատկապես մարդկանց սոցիալական վիճակին: Կարանտինի ժամանակ պարապուրդի մատնված մարդիկ կորցրեցին եկամուտներ, այդ ընթացքում ծախսելով իրենց ունեցած խնայողությունները: Մյուսներն էլ ընկան պարտքերի մեջ: Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերը պարզապես խորհրդանշական էին: Եթե հիմա վերստին անցնենք կարանտինի եւ չաշխատենք, ապա անգամ այդ աննշան միջոցները, որ ստացավ բնակչության մի մասը, չեն լինելու: Այսինքն, նոր կարանտինը մեզ կկանգնեցնի սոցիալական աղետի առջեւ:

Մյուս կողմից էլ շարունակել ներկայիս կացությունը, նշանակում է թույլ տալ ամեն օր հարյուրավոր մարդկանց վարակվել եւ ամեն օր մահեր ունենալ: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ գլորվող ձնագնդիի հետեւից գնացող իշխանությունը ոչ միայն չի հասնում նրան, այլեւ ընդհանրապես չի տեսնում, թե այն որտեղ է հայտնվել: Բնակչությունը այլեւս չի վստահում վարչապետ Փաշինյանի հակասական խոսքերին ու գործողություններին: Հետեւաբար, իրավիճակը հսկողության տակ վերցնելու նրա ուշացած եւ կիսատ-պռատ քայլերը արդյունք չեն տալիս եւ չեն տալու:

Այս պահին Հայաստանի Հանրապետության բնակչությունը հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ պետական հոգածություն որպես այդպիսին գոյություն չունի, երբ մարդիկ մահանում են այն պատճառով, որ հիվանդանոցների վերակենդանացման բաժինները տեղ չունենալու պատճառով չեն կարողանում ընդունել նրանց: Եվս մեկ անգամ կարանտինի մեջ հայտնվելով էլ, մարդկանց մոտ առաջանալու է «ինչ տարբերություն՝ սովից, թե՞ կորոնավիրուսից կմահանանք» հարցը:

Մեզ բոլորիս մնում է ապավինել մեր ինքնակազմակերպվածությանը, հոգ տանել թե մեր, թե մեր շրջապատի առողջությանն ու անվտանգությանը, կատարել մասնագետների խորհուրդներըՙ անհրաժեշտ հեռավորություն միմյանց պահելու, դիմակ կրելու, ախտահանումն իրականացնելու ուղղությամբ եւ պատասխանատվություն կրել կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար:

Այսինքն, անել այն, ինչ կարող է անել մեզանից յուրաքանչյուրը, երբ պետական համակարգված գործողություններ չկան, երբ բացի դիմակ կրելու արդեն ձանձալի դարձած եւ հակառակ ազդեցությունը թողնող քարոզից, ոչինչ չի արվում նոր հիվանդանոցային տեղեր բացելու, զանգվածային տեստավորման, տեղային սահմանափակող միջոցառումների եւ կանխարգելման առողջապահական գործողությունների, արտերկրից առաջարկվող օգնությանը արձագանքելու, հիվանդության դեմ պայքարի համար ստացվող միջոցների արդյունավետության եւ դրանք յուրայինների միջեւ բաշխում թույլ չտալու եւ բազմաթիվ այլ ուղղություններով: Պետք է փորձել գոյատեւել:

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930