Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիրանույշ Սահակյան․ «Սա իրենց քաղաքական պլանն է, որը չունի իրավական «սպասարկում»․ «Հրապարակ»

Հունիս 20,2020 12:40

Իշխանությունը հրատապ ռեժիմով պատրաստվում է լուծել Սահմանադրական դատարանի հարցը: Եվ չնայած, ըստ տեղեկությունների, Վենետիկի հանձնաժողովը լիարժեք կանաչ լույս չի վառել իշխանությունների առաջ, այլ որոշ խոչընդոտներ է մատնանշել, սակայն իշխանությունը նահանջելու մտադրություն չունի իր «երազանքների ՍԴ»-ն կյանքի կոչելու ճանապարհից, եւ արդեն նախագիծ է մշակվում, որը եկող շաբաթ կուղարկվի խորհրդարան։ Հստակ է միայն, որ Վենետիկը դրական է արտահայտվել հանրաքվեն չեղարկելու հարցում՝ թույլատրելով, որ ՍԴ-ի ճակատագիրը լուծեն խորհրդարանում։

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը պնդում է՝ իրավական ճանապարհով հնարավոր չի լինի վերոնշյալ փոփոխություններն իրականացնել, քանի որ, գործող Սահմանադրության համաձայն, մայր օրենքի՝ դատական համակարգին վերաբերող 7-րդ գլխում ԱԺ-ն փոփոխություններ չի կարող անել, դա հնարավոր է բացառապես հանրաքվեի ճանապարհով․ «Բացի այդ, Սահմանադրությունը փոփոխվող հոդվածների թվում չի նշել 213-րդ հոդվածը, որովհետեւ այն անցումային դրույթ է, իսկ իրավունքի փիլիսոփայությունն այն մասին է, որ անցումային դրույթը ժամանակավոր, մեկանգամյա կիրառման նորմ է, որը կոնկրետ իրավիճակում ապահովում է նախորդ ռեժիմից նորին անցումը»։

Կարելի՞ է իրավական ճանապարհով Հրայր Թովմասյանին զրկել ՍԴ նախագահությունից՝ հաշվի առնելով, որ նրան ընտրել է ԱԺ-ն, եւ օրենքը հետադարձ ուժ չունի։ «Գիտեք, սա իրենց քաղաքական պլանն է, որը չունի իրավական «սպասարկում», եւ հասկանալի է, որ այս հարցերն իրավական հարթության մեջ խնդիրներ են առաջացնելու թե՛ հետադարձ վատթարացնող օրենքի կիրառումով, թե՛ խտրականության, որովհետեւ այս նույն մոդելը որեւէ այլ պաշտոնյայի նկատմամբ չի կիրառվել։ Բայց մենք գիտենք, որ ընտրության փոփոխված կարգ կա թե՛ վճռաբեկ դատարանի դատավորների, թե՛ ԿԸՀ նախագահի, թե՛ մյուս դատավորների առնչությամբ, եւ եթե իրենց թեզն իրավական առումով կենսունակ է, ապա այդ փոփոխություններն իրենց ազդեցությունը պետք է ունենան նաեւ այլ պաշտոնատար անձանց նկատմամբ։ Եթե չեն ունեցել, եւ միայն ՍԴ նախագահի համար է արվում, այստեղ հիմնավորելու ենք խտրականությունը, որն իր հիմքում ունի քաղաքական դրդապատճառներ»։

Սահակյանի խոսքով՝ միջազգային իրավական սկզբունքները չեն թույլատրում որեւէ դատավորի կարգավիճակը կամ լիազորությունները դադարեցնել օրենքով չնախատեսված հիմքով։ Նա հիշեցնում է․ «Մեր Սահմանադրությունը չի նախատեսում պառլամենտի օրենքով դատավորի լիազորությունների դադարեցում, այսինքն՝ մենք այստեղ Սահմանադրության չնախատեսված ընթացակարգով, չնախատեսված հիմքով, չնախատեսված մարմնի միջոցով ենք լիազորությունները դադարեցնում, ինչն ապօրինություն է»։

Եվրոպական ստանդարտները պահանջում են նաեւ, որ ցանկացած դատավոր ունենա իր խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը։ «Մինչդեռ եթե իրենք փորձ են անում օրենքի կամ հանրաքվեի միջոցով անել, նշանակում է՝ մենք դատավորին զրկում ենք լիազորությունների դադարեցման հիմքերը դատարանում վիճարկելու հնարավորությունից, իսկ սա բացարձակ իրավունք է, ու շեղումներ հնարավոր չէ կատարել»։ Սահակյանը շեշտեց, որ շատ այլ իրավունքների խախտման հետ էլ գործ կունենանք։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930