Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սփյուռքը Հայաստանի իշխանության օրակարգում չէ այլեւս. «Ազգ»

Հունիս 20,2020 12:26
spyurq

Մեր կայքէջի ընթերցողներին ծանոթ է, թե Բեյրութում ինչպես սկսվեցին հակահայ գրգռությունները մամուլի տեղական որոշ օրգանների եւ մի խումբ վարձկանների կատարմամբ: Ծանոթ է նաեւ հյուսիս-արեւելյան Սիրիայում, որը քրդական, ասորիական եւ հայկական ջոկատների ինքնապաշտպանության տակ է գտնվում, դարձել է Էրդողանի կանոնավոր բանակի եւ վարձկան ահաբեկիչների տեւական թիրախ, նպատակ ունենալով տեղահան անել նրանց եւ տարածաշրջանը կցելՙ այսպես կոչված նոր-օսմանցիների երազած «կայսրությանը»:

Ե՛վ Լիբանանի, ե՛ւ Սիրիայի հայության ակնկալությունը հայրենի իշխանությունից զինված միջամտությունը չէ անշուշտ, այլ՝ դիվանագիտական ազդեցության բանեցումը, առաջին հերթին պաշտոնական Մոսկվայի վրա, որը ռազմաքաղաքական վճռական ներկայություն եւ ազդեցություն ունի այդ տարածաշրջանում: Հայտնապես, տեղի հայերը, եւ ոչ միայն նրանք, իսկապես հուսախաբ են Ռուսաստանից, որը, նրանց թվում է, այժմ ձեռք է քաշել Սիրիայի, հարակցաբար նաեւ Լիբանանի ամբողջականությունը պաշտպանելու սկզբնապես հայտարարված նպատակից: Մերոնց պահանջը հայրենի կառավարությունից այն է, որ օգտագործելով իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Կրեմլին համոզի զսպել Էրդողանի ախորժակները:

Ըստ երեւույթին մեր ազգակիցները լավ չեն պատկերացնում, որ Հայաստանի նոր, «հեղափոխական» իշխանությունները ցարդ ոչինչ չեն արել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, մեղմ ասած, գործնական եւ արդյունավետ գետնի վրա վերականգնեցնելու ուղղությամբ: Մեր ազգակիցները չեն պատկերացնում, որ Հայաստանի «արտաքին գործոց» նախարարությունը խորը ինքնամեկուսացման մեջ է գտնվում եւ իրեն զրկել է ոչ միայն Մոսկվայի, այլեւ կարեւոր մյուս մայրաքաղաքների հետ աշխատելու իրական հնարավորությունից: Այդ եւ այլ մայրաքաղաքներում գտնվող դեսպանատները այժմ փաստորեն վերածվել են ընթացիկ գործեր կատարող հյուպատոսարանների:

Ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլեւ գրեթե ողջ սփյուռքահայությունը չի պատկերացնում, որ ինքը, որպես՝ այսպես կոչված համազգային եռամիասնության թեւ, կորցրել է իր դիրքը, եթե երբեւիցե ունեցել է: Սփյուռքը Հայաստանի իշխանության օրակարգում չէ այլեւս: Եթե լիներ՝ վարչապետին կից հանձնակատարի պաշտոն վարող անձը երկրորդ անգամ չէր արտագաղթի Ամերիկա: Եթե լիներ՝ անցնող երկու տարվա ընթացքում հայրենի իշխանությունը առնվազն մեկ անգամ, համավարակը դեռ չսկսած, սփյուռքահայ ներկայացուցիչների հետ խորհրդակցական ժողով կգումարեր:

Առավել մտահոգիչ է այն, որ հայրենի իշխանությունները չեն գիտակցում համահայկական միասնության ճակատագրական նշանակությունը ո՛չ ներսում, ո՛չ էլ դրսում, առանց որի չենք կարող դեմ դնել ոչ միայն Covid-19-ին, այլեւ էրդողանյան virus-ին:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930