Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Քոչարյան. 2 մլրդ դրամը բոլորի համար է խոշոր գումար. «Հրապարակ»

Հունիս 20,2020 11:39

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը, անդրադառնալով գրավի չափին, ասաց․ «Իհարկե, գրավի չափը շոկային էր, բայց դե, ամեն դեպքում, ուրախ եմ որոշման համար այնքանով, որ գումարը մուտքագրելուց հետո հայրս դրսում կլինի՝ ազատության մեջ»։ Մեր զրույցի պահին Քոչարյանը դեռ Իզմիրլյան կենտրոնում էր՝ գրավի գումարը չէր փոխանցվել համապատասխան հաշվեհամարին։ Հիշեցնենք, որ գրավի մուծման համար դատարանը ժամկետ է սահմանել՝ 48 ժամ, եւ քանի որ շաբաթ օրը բանկերը չեն աշխատում, ընտանիքը շտապում էր գումարը փոխանցելու հարցում։

– Դատախազությունը հայտարարել է, որ բողոքարկելու է վերաքննիչի որոշումը․ դա ինչպե՞ս եք գնահատում, կարող է ձեր ուրախությունը երկար չտեւել, եթե վճռաբեկը հակառակ որոշումը կայացնի։

– Բնական է, որ պետք է բողոքարկեին, սպասելի էր, բայց մենք ամեն սցենարի էլ պատրաստ ենք։ Եթե հիշում եք, դատավոր Ազարյանի որոշումից հետո՝ դեռեւս 2018 թվականի օգոստոսին, երբ որ ազատ արձակեց, դատախազները վերաքննիչ բողոք ներկայացրին, կարծեմ, սեպտեմբերի 1-ին, թե 2-ին, ու վճռաբեկ դատարանն ինչ-որ աննախադեպ բան արեց՝ սեպտեմբերի 19-ին ընդունեց վարույթ, այն դեպքում, երբ ուրիշ գործերով ինքը պահում էր երեք ամիս ու վերջին ժամկետում միայն ասում էր, որ չեն ընդունելու։ Մի խոսքով, ուզում եմ ասել՝ այդ ամեն ինչի ականատեսն ենք, շատ լավ պատկերացնում ենք, որ նույն սցենարը կարող է կրկնվել։

– Ինչպես դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեպքում, այնպես էլ Արսեն Նիկողոսյանի, հարձակումներ եղան իշխանական ճամբարից՝ նրան անվանեցին ծախված։ Այսինքն՝ այն դատավորները, որոնք Քոչարյանին կալանավորելու որոշում են կայացնում, ազգի հերոս են, ով ազատում է՝ դավաճան։ Դուք սա ինչպե՞ս եք գնահատում, կարո՞ղ էր դատավորն իր որոշումը կայացնել ձեր թելադրանքով։

– Գիտե՞ք, ինձ թվում է՝ Ձեր հարցի լավագույն պատասխանը կտան իրավաբանական համայնքի ներկայացուցիչները, ու ես բազմաթիվ գրառումներ եմ տեսնում Ֆեյսբուքում։ Ե՛վ պարոն Ազարյանը, ե՛ւ Արսեն Նիկողոսյանը այն եզակի դատավորներից են՝ այդ համայնքում իրավամբ հարգված, որ նման բան ասելը, նույնիսկ մտածելը անհեթեթություն է։ Իսկ մնացած ֆեյքային կազմակերպված հարձակումները սպասելի էին եւ այլեւս ոչ մեկի մոտ զարմանք չեն առաջացնում։

– Իսկ Ձեզ համար 2 մլրդ դրամը խոշո՞ր գումար է։

– Իհարկե, խոշոր գումար է, ինձ թվում է՝ 2 մլրդ դրամը բոլորի համար է խոշոր գումար, ներառյալ նաեւ մեզ համար։ Այն, ինչ դատարանում ներկայացրել են փաստաբանները, ես եւ քույրս մեր բնակարաններն ենք ուզում բանկում գրավադրել, հիմա այդ պրոցեսի մեջ ենք, որ դրա դիմաց ինչ-որ գումար ստանանք, որ այդ գումարը վճարենք։ Իսկ մնացած մասով, ինչպես գրասենյակն է հայտարարություն տարածել, երեկ ուղղակի մի քանի ժամվա մեջ բազմաթիվ մարդիկ զանգեցին, պատրաստակամություն հայտնեցին, ու հիմա այդ պրոցեսն է գնում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930