Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Մալխասյան․ «Պետք է իրավական ու քաղաքական գնահատականի արժանացնել նաև ՀՀԿ-ի ու նրա արբանյակների հարցը»․ «Ժամանակ»

Հունիս 20,2020 11:08

«Քանի որ բացվել է ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու թեման, այն պետք է ավելի ընդգրկուն դառնա, վերաբերի նաև ՀՀԿ-ին, մնացած ընտրակեղծարարներին ու այսպիսով վերջնականապես իրավական ու քաղաքական գնահատական տրվի անցած տարիների ընտրախախտումներին ու ընտրական պրոցեսներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Վարդան Մալխասյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին վերաբերող քրեական գործին ու նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ու կալանավորելու գործընթացին։

Մալխասյանի խոսքերով՝ միշտ էլ պարզ է եղել, որ ԲՀԿ-ն գաղափարական աջակիցներ չունի, այդ կուսակցության հենքում գաղափարախոսություն չկա։ Նրանք փողով կուսակիցներ են հավաքագրել, աջակիցներ են ձեռք բերել, կուսակցական կառույցները ձևավորել ու պահում են փողով։ «Այդ կուսակցությունը վերևից ներքև, ուղղահայաց ու հորիզոնական գծերով կառուցված է փողի ու շահի վրա։ Բնական է, որ նրանք ընտրություններին ձայն պետք է ստանային բացառապես փողով։ Եվ հիմա շատ տարօրինակ է, որ միայն մեկ դրվագ է բացահայտվել՝ Գեղարքունիքի մարզի մասով։ Բացառված է, որ նրանք մի մարզում փող բաժանեին, իսկ մեկ այլ մարզում՝ ոչ։ Նրանք ամբողջ հանրապետությունով են փող բաժանել, համատարած։ Համատարած կաշառք բաժանել է նաև ՀՀԿ-ն։ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն առանց փողի ոչ մի ընտրության անգամ 1 տոկոս չէին հավաքի»,- ասաց Մալխասյանը՝ հավելելով․ «Հետևաբար՝ բոլոր տեսակի բացահայտումները պետք է համալիր լինեն, պետք է խորքային լինեն, ու բոլոր արարքներին տրվի իրավաքաղաքական գնահատական։ Իրերը պետք է միշտ կոչել իրենց անուններով։ Ոչ մի բան չպետք է ծածուկ մնա։ Պետք է մաքրենք, զատենք այդ կեղտը։ Պետք է գայլերին ու գառներին բաժանել, զատել»։

ՀԱԿ անդամի խոսքերով՝ եթե Հանրապետական կուսակցության ընտրախախտումներին, ընտրակաշառքի դրվագներին էլ գնահատական տրվի, ԲՀԿ-ն այլևս շահարկման առիթ չի ունենա, թե իրենց նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում է։ «Հայաստանում ընտրությունների ժամանակ ամբողջ հանցագործ, բանդիտական սխեմայի կնքահայրը ՀՀԿ-ն է իր արբանյակներով, այն ուժերով, որոնք պառկեցին այդ կուսակցության տակ։ Ժամանակին Քոչարյանն ասել էր, որ իրենք լուծել են նաև իշխանությունների տակ պառկող կուսակցությունների խնդիրը։ Հետևաբար՝ կրկնում եմ, պետք է իրավական ու քաղաքական գնահատականի արժանացնել նաև ՀՀԿ-ի ու նրա արբանյակների հարցը»,- եզրափակեց Վարդան Մալխասյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930