Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հարցում Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը մեզ համար որևէ բացասական փոփոխության չի ենթարկվել. Արման Եղոյան

Հունիս 20,2020 10:42

ՀՀ Ազգային Ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, ասված է․

«Քիչ առաջ Եվրախորհրդարանը 507 կողմ 119 դեմ ձայներով հաստատեց Արևելյան Գործընկերության վերաբերյալ Եվրոպական Միության Խորհրդին, Եվրահանձնաժողովին և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին ուղղված Եվրախորհրդարանի պաշտոնական առաջարկները։
Այ հենց սա՛ է Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը ԵՄ արտաքին քաղաքական օրակարգի Արևելյան գործընկերությանն առնչվող խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ Արցախի հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ, և ոչ Եվրախորհրդարանի այն երեք պատգամավորների հայտարարությունը, որ շրջանառվում էր օրեր առաջ։

Փաստաթղթի նախնական տարբերակը շրջանառության մեջ է դրվել մոտ երեք ամիս առաջ, այն մի քանի փուլով քննարկվել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, տասնյակ նոր առաջարկներով մի շարք նոր ձևակերպումներ են ընդգրկվել տեքստում և հեռացվել դրանից։

Առաջարկությունների մեզ հետաքրքրող հատվածում Եվրախորհրդարանը ԵՄ վերը նշված ինստիտուտներին, ինչպես նաև ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին առաջարկում է «վերահաստատել իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց 2009 թ․ Հիմնարար սկզբունքներին»։

Սա անել՝ «նպատակ ունենալով հասնել խնդրի կարգավորմանը, հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնադրության և ԵԱՀԿ 1975 թ․ Հելսինկյան Եզրափակիչ ակտի նորմերի և սկզբունքների վրա»։ Եվրախորհրդարանը նաև կոչ է անում վերը նշված մարմիններին «քաջալերել բոլոր կողմերին ակտիվացնել երկխոսությունը և ձեռնպահ մնալ բորբոքիչ հռետորաբանությունից, ինչը էլ ավելի կվտանգի կարգավորման ցանկացած հեռանկար»։

Հիշեցնեմ, որ 2009-ի (Լ՛Աքվիլլայի) Հիմնարար սկզբունքներն են ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և ուժի չկիրառումը։ Արցախյան հիմնահարցի կարգավորման համատեքստում այս նույն երեք սկզբունքներն են նկատի առնվում նաև ՄԱԿ-ի Կանոնադրությանը և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտին հղում անելիս:

Այսպիսով, Արցախի հարցում Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը մեզ համար ոչ միայն որևէ բացասական փոփոխության չի ենթարկվել, այլ նույնիսկ ենթարկվել է միայն մասնագիտական աչքի համար տեսանելի դրական փոփոխության, որոնց արձանագրումը, հասկանալի պատճառներով, կթողնեմ անկախ փորձագետներին»:

ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930