Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ազատում Քոչարյանին

Հունիս 20,2020 10:00

Ճիշտն ասած, առանձնապես ուրախ չեմ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է ազատ արձակվել. հաշվի առնելով այդ գործչի անձնական առանձնահատկությունները, կարող եմ ենթադրել, որ ազատության մեջ նա կծավալի գործունեություն, որը, վերջին հաշվով, դժվար թե օգտակար լինի մեր պետության համար: Իսկ նրա կողմնակիցների մտահոգությունները, թե «որտեղից այդ խեղճ մարդը ճարի գրավի համար նախատեսած 4 միլիոն դոլարը»՝ այդ խոսակցություններն ինձ անհեթեթ են թվում: Ի դեպ, մեր իրավապահները պետք է, կարծում եմ, ավելի լուրջ զբաղվեն Քոչարյանի եւ նրա շրջապատի տնտեսական գործունեությամբ՝ այստեղ կարող են լինել հետաքրքիր դրվագներ:

Բայց այս պահիս խնդիրը ոչ թե բուն Քոչարյանի, այլ նրա խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշման մեջ է: Կա երկու տարբերակ՝ կա՛մ այդ որոշումը կայացվել է գործադիր իշխանության ցուցումով, կա՛մ էլ ընդունվել է ինքնուրույն՝ ի հեճուկս այդ իշխանության կամքի: Երկրորդ դեպքում համացանցը ողողվելու է դատավոր Արսեն Նիկողոսյանի (ի դեպ, մասնագիտական շրջանակներում նա բացառիկ պրոֆեսիոնալի եւ սկզբունքային մարդու համբավ ունի) հասցեին հայհոյանքներով, ինչպես նաեւ նրան վերաբերող վարկաբեկիչ կամ «վարկաբեկիչ» նյութերով: Դատարանները, կարծում եմ, այս իրավիճակում չեն շրջափակվի, բայց հրահանգ կտրվի ԱԱԾ-ին, ՀՔԾ-ին եւ դատախազությանը՝ այդ դատավորի վրա «կեղտ բռնելու»: Այդ կեղտը սկզբից «սլիվ» է արվելու համացանց՝ իշխանության ներկայացուցիչների եւ կողմնակիցների համապատասխան մեկնաբանություններով, իսկ այնուհետեւ կարող է տեղի ունենալ «իրավական գործընթաց»:

Եթե այդ ամենը չլինի, ապա դա նշանակում է, որ Քոչարյանն ազատ է արձակվում «վերեւից» եկող քաղաքական հրահանգով. թերեւս նման որոշումը կարող է պայմանավորված լինել ներքին կամ արտաքին ինչ-ինչ քաղաքական հաշվարկներով: Գուցե կան նաեւ այլ պատճառներ, որոնց մասին մենք չգիտենք: Բոլոր դեպքերում դատարանի որոշման իրական շարժառիթները շուտով հայտնի կդառնան: Բայց այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում ոչ ոք չի հավատում, որ դատավորները կարող են «անպատիժ կերպով» ինքնուրույն որոշումներ կայացնել. նրանք ովքեր ասում են, որ դատավորներն ու իրավապահներն այլեւս անկախ են գործադիր իշխանությունից, այդ մարդիկ պարզապես անկեղծ չեն: Հայաստանում չկա գործադիր իշխանությունից անկախ դատական եւ իրավապահ համակարգ՝ այս արձանագրման հետ, կարծում եմ, ցանկացած չնախապաշարված մարդ կհամաձայնի:

…Երբ ես ասում եմ, որ համակարգն առայժմ չի փոխվել, ինձ հակադարձում են՝ «մի՞թե չեք տեսնում, որ նախորդ իշխանությունը կոռումպացված էր, իսկ այս մեկը կոռումպացված չէ»: Իհարկե, տեսնում եմ: Բայց իշխանությունները, անձերը ժամանակավոր են, իսկ համակարգը շատ ավելի պահպանողական է, եւ հիմա այն որեւէ ձեւով չի խոչընդոտում իշխանությունների կամայականություններին: Համակարգ, որի ակունքներում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Հոդվածին կուռ կառուցվածք տալու նպատակով տպավորիչ էր այն սկսել Քոչարյանի կալանքը փոխելու փաստից և ավարտել այդ որոշման հետ կապված գեշ դրդապատճառները կամ հետևանքները իր իսկ ստեղծած համակարգին հանգեցնելով («Համակարգ, որի ակունքներում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը»):

    Սակայն, իմ կարծիքով, պատմագրության տեսակետից, Ձեր նախորդ վերլուծությունն («Գործում է 30 տարվա համակարգը») ավելի կարևոր և օբյեկտիվ էր: Քոչարյանին Հայաստան բերեցին ու վարչապետ կարգեցին 1997 թվին: Այդ քայլի հիմնական նպատակներից մեկը թուլացած և բարոյազրկված իշխանությունը, Քոչարյանի օգնությամբ և ամենագործուն մասնակցությամբ, բոլոր այն ատրիբուտներով օժտելն էր, որ թվել եք նախորդ հոդվածի առաջին պարբերությունում և որոնք, այո, գործում են մինչ հիմա: Սակայն 1997-ին այդ գործընթացն արդեն վաղուց ի վեր սկսված էր ու դրա ակունքները շատ ավելի խորն էին:

  2. Հ.Շ. says:

    Դատարանի կողմէ տակաւին չդատուած, չդատապարտուած անձ մը, դատավարութեան ընթացքին՝ բանտէն դուրս հանելը, այսքան մեծ խնդի՞ր մըն է… Առանց դատավճիռի, երկու տարին նստելէն ետք…

    Եթէ դատի կանոնաւոր աւարտին, տուեալ մեղադրանքի հիման վրայ՝ մարդը անպարտ արձակուի, ուրեմն երկու տարի ինչո՞ւ բանտարկուեցաւ… Օրինապէս, պարապ տեղը:

    Իսկ եթէ տեղի ունեցածը, Քոչարյանի դատավարութեան-ընթացքում-տուն-ուղարկուիլը, Փաշինյանի կամքով է, ապա՝ սա իր ամենաառաջին կառուցողական քայլն է: Շնորհիւ որու, մեծաթիւ խելքը գլխին եւ ուղղամիտ հայեր, նոյնիսկ եթէ չդառնան իր համակիրները, գոնէ պիտի դադրին զինք տեւաբար, բացառապէս եւ թունդ կերպով, միայն քննադատելէ:

    Սակայն ես վստահ չեմ որ զինք դարձեալ չեն բանտարկեր:

    Մ. Հայդուկ Շամլեան, Քանատա
    https://haytougchamlian.blog/

  3. Gagik says:

    Իրավապահները 2տարուց ավել ինտենսիվ զբաղվել են Քոչարյանի տնտեսական գործունեությամբ, բայց ի ցավ ձեզ ու մնացած լևոնականների ոչ մի լուրջ բան չեն գտել։ Միայն ինչ որ ծաղրածույի են գտել, որ իբր աջ ու ձախ 10նյակ միլիոնավոր դոլլարներով կաշառք տվել։ Բայց արի ու տես այդ բիզնես լեդիի դեմ մի քանի հայցեր կան ասենք 150հազար դրամի գազի վարձը չմուծելու համար:))

Պատասխանել