Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտենում է «գործելո՞ւ ժամանակը»

Հունիս 20,2020 14:00

«Սամվել Բաբայանի «ստուգողակա կրակո՞ցը»-2

Անցած շաբաթ ռուսական «Ноев ковчег» թերթը տպագրեց, իսկ ՌԴ ԱԳՆ խոսափողի համարում ունեցող «Regnum» գործակալությունը արտատպեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի ընդարձակ հարցազրույցը: Aravot.am-ի`«Սամվել Բաբայանի «ստուգողական կրակո՞ցը» հրապարակմամբ անդրադարձել էինք ընդարձակ հարցազրույցի հիմնական ուղերձին` Արցախի հիմնահարցի կարգավորման «մանդատային հայեցակարգի» մասին հարցադրմանը եւ դրան հնչած պատասխանին: Հիշեցնենք, Սամվել Բաբայանը գտնում է, որ մադրիդյան սկզբունքները կենսունակ չեն, խնդիրը կարող է կարգավորվել, եթե հակամարտության կողմերը միջնորդ երկրներից մեկին կամ բոլորին, կամ միջազգային հեղինակավոր կազմակերպության՝ ԵԱՀԿ-ին կամ ՄԱԿ-ին, տան հակամարտության գոտու մանդատային կառավարման իրավունք: Ըստ նրա, միայն այդ դեպքում հնարավոր կլինի վերականգնել երկու ժողովուրդների միջեւ առեւտրատնտեսական եւ մշակութային կապերը, փոխադարձ շահերի վրա լուծել փախստականների հարցը, Արցախի Ազգային գվարդիայի մասնակցությամբ իրականացնել անվտանգության ապահովման միջոցառումներ, իսկ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը կարելի է թողնել միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարին, երբ տարածաշրջանում եւ Արցախում կմեծանա սերունդ, որը դաստիարակված կլինի ոչ թե թշնամության, այլ բարիդրացիության եւ հարգանքի մթնոլորտում:

Հիշեցնենք նաեւ, որ այս մոտեցումը նորություն չէ, Սամվել Բաբայանն այն հրապարակել է ավելի քան մեկ տարի առաջ` նուրբ ակնարկելով «ռուսական մանդատի» գերակայությունը, ինչը միանշանակ չընկալվեց քաղաքական դաշտում:

Հարցազրույցի հրապարակումից հետո զարմանք էինք հայտնել, որ Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից Սամվել Բաբայանի հնչեցրած այդ տեսակետը քաղաքական դաշտում քննարկման առարկա չդարձավ: Քաղաքական ուժի`այն էլ լուրջ հավակնություններ ունեցող, ղեկավարի դիրքից կարծիք հայտնելը նորմալ եւ ընկալելի է, որը կարող է քննարկվել, ընդունվել, բացառվել, քննադատվել, բայց այդ կարծիքը պնդել արդեն պետական պաշտոնյայի`ԱԱԽ քարտուղարի դիրքից, ենթադրում է հարցի` բոլորովին այլ հարթություն տեղափոխում: Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պետական եւ քաղաքական շրջանակների մոտեցումն այս հարցի վերաբերյալ հստակեցնելու նպատակով «Առավոտը» հարցումներ է ուղղարկել: Դրանցից որոշների պատասխաններին կանդրադառնանք այս հրապարակմամբ: Այս պահին մեր ձեռքի տակ եղած պատասխաններում, սակայն, մեկ ընդհանրություն արձանագրենք`բուն հարցին`ԼՂ հարցի մանդատային լուծման, ի մասնավորի`ռուսական մանդատի ներքո լուծման մասին, հստակ մոտեցում չի ներկայացվում: Միակ հստակ դիրքորոշումը ստացել ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Պողոսյանից: «Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը հիմնված է ԱՀ նախագահի հրապարակած յոթ սկզբունքների հիման վրա»,- ասաց մեր զրուցակիցը: Այդ սկզբունքները, հիշեցնենք, Արայիկ Հարությունյանը հրապարակել էր ապրիլի 22-ին: Դրանք են`

1.Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է լիիրավ ու լիարժեք հիմունքներով մասնակցեն հակամարտության խաղաղ եւ վերջնական կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին,

2.Արցախի ժողովրդի անվտանգությունը որեւէ պարագայում չի կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել,

3.Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ճանաչման հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ չի կարող կողմերի միջեւ բովանդակային քննարկման առարկա դառնալ,

4.Պետք է հստակ երաշխիքներով բացառվեն հակամարտության կարգավորման գործընթացում ուժի ու դրա սպառնալիքի կիրառման փորձերը, քանի որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրելու. այլապես Արցախի Հանրապետությունը պատրաստ է անհամաչափ հակահարված տալու նախահարձակ Ադրբեջանին՝ ռազմական գործողությունները նաեւ տեղափոխելով նրա տարածք,

5.Հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում բացառվում են Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամաչափ ու անհամարժեք փոխզիջումներ,

6.Հակամարտության կարգավորման եւ դրա հարակից գործընթացներում հայ փախստականներն ու ներքին տեղահանված անձինք պետք է իրավահավասար ներգրավվածություն ունենան ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հետ միասին, իսկ նրանց հիմնախնդիրները՝ միանման ու միաժամանակյա լուծումներ ստանան,

7.Միջազգային հանրությունը (առաջնահերթորեն՝ ԵԱՀԿ-ն եւ համանախագահ երկրները) պետք է բացառեն Արցախի բնակիչների իրավունքների՝ հակամարտությամբ ու ԱՀ միջազգային կարգավիճակով պայմանավորված խախտումներն ու սահմանափակումները, ներառյալ՝ մարդու իրավունքներին առնչվող ու մարդասիրական միջազգային ծրագրերից փաստացի մեկուսացումը, որոնք Ադրբեջանը փորձում է կիրառել առնվազն որպես ճնշման միջոց՝ ի հեճուկս միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների:

Վահրամ Պողոսյանի պնդմամբ. «ԱԽ քարտուղարի տեսակետը դա «Միասնական հայրենիք» կուսակցության տեսակետն է»: Դիտարկմանը` ամեն դեպքում պարոն Բաբայանը ԱԽ քարտուղարի պաշտոնն է զբաղեցնում եւ ԼՂ հարցի կարգավորման նրա տեսակետը տարբերվում է պաշտոնական Ստեփանակերտի տեսակետից, կարող ե՞ն հակասություններ կամ հակադրություններ առաջանալ, Վահրամ Պողոսյանը պատասխանեց. «Դա պարոն Բաբայանի անձնական, կուսակցական տեսակետն է, դա ԱԽ քարտուղարի տեսակետի հետ կապ չունի: Որեւէ հակասություն չկա Արցախի քաղաքական, պետական համակարգում»:

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր հարցին`ի՞նչ դիրքորոշում ունի ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Արցախի ԱԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի առաջարկած տարբերակի վերաբերյալ, պատասխանել են. «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի գործառույթների շրջանակը չի ներառում Արցախի քաղաքական գործիչների տեսակետների վերաբերյալ գնահատականներ տալը։

Մասիս Մայիլյանը՝ որպես ԱԳ նախարար, իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը՝ հիմնված  հանրապետության նախագահի կողմից կանխանշված արտաքին քաղաքական ուղեգծի վրա»։ Մեր մյուս հարցին`պարոն Բաբայանի առաջարկը կարելի՞ է ընկալել իբրեւ արցախյան դիրքորոշում՝  նկատի ունենալով վերջինիս զբաղեցրած պաշտոնը, հետեւյալ պատասխանն է տրվել. «Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ղեկավարում է հանրապետության նախագահը։ Առաջիկայում կհրապարակվի նախագահի 2020-2025 թթ. ծրագիրը, որտեղ արտացոլված կլինի նաեւ երկրի արտաքին քաղաքական բաղադրիչը»։

Բավականին զվարճալի պատասխան ենք ստացել Արցախի ԱԺ նախագահից: ԱՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից «Առավոտին» փոխանցել են` իրենք պարզել են, որ այդ հարցազրույցը Սամվել Բաբայանը տվել է մինչեւ ԱԽ քարտուղար նշանակվելը, սակայն այն ավելի ուշ է տպագրվել: Այդ իսկ պատճառով, որեւէ կերպ անդրադարձը այդ հարցազրույցին նպատակահարմար չեն համարում: Ուշագրավ է, որ հարցազրույցը սկսվում է շնորհավորանքով` Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցության` խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի եւ պարոն Բաբայանի` ԱԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին:

Պարոն Բաբայանի առաջարկած տարբերակի վերաբերյալ որոշեցինք հստակեցնել նաեւ ՀՀ վարչապետի, ԱԳ նախարարի եւ ԱԱԽ քարտուղարների տեսակետերը: ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր հարցմանը պատասանել են. «Ձեր հարցման մեջ հիշատակված հայտարարությունը վարչապետը չի մեկնաբանում»: ՀՀ ԱԳՆ խոսնակն էլ փոխանցեց, որ ՀՀ ԱԳՆ-ն Արցախի ԱԱԽ քարտուղարին չի մեկնաբանում: Իսկ ՀՀ ԱԱԽ մամուլի խոսնակը պատասխանեց`մեր հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ չունեն:

Քաղաքական ուժերից մեր հարցմանն արձագանքել է առայժմ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը: Կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը փոխանցեց. «Մենք չենք միջամտում Արցախի ներքին գործերին եւ չենք մեկնաբանում Արցախի իշխանության ներկայացուցիչների խոսքերը»:

Սամվել Բաբայանի «ստուգողական կրակոցի» նման արձագանքը ավելի արդիական է դարձնում հարցը`արդյո՞ք մոտենում է «գործելու ժամանակը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930