Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատական համակարգը քաղաքական իրավիճակից զերծ չի կարողանում իրեն պահել»

Հունիս 20,2020 13:30

Սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը երեկ, Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, (դատավոր Արսեն Նիկողոսյան) փոխվեց. նա ազատ կարձակվի 2 միլիարդ դրամ գրավի դիմաց:

«Շնորհակալություն պարոն Բադասյանին (արդարադատության նախարար, Ն.Բ.) իր ուժեղ վեթինգի համար». Դատարանի որոշման մասին այսպես «Առավոտի» հետ զրույցում արձագանքեց իրավապաշտպան, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով ընդհանուր դատական համակարգին, նշում է՝ դատաիրավական համակարգի արմատապես փոփոխված չլինելը, դրանց բարեվարքության, արդարադատության բովանդակային  չհամապատասխանեցված լինելը, իրավական պետության չափանիշներին միշտ լուրջ ռիսկեր է ներկայացնում: Սաքունցն ասում է՝ Հայաստանում դատական, իրավական համակարգը տարիներ շարունակ գործել է մեկ տրամաբանության մեջ՝ գործադիր իշխանությունից, քաղաքական իշխանությունից կախվածության մեջ. «Եվ սրանով պայմանավորված ռիսկերից մեկն այն է, որ իրենք  փորձեն ադապտացվեն առկա քաղաքական իշխանության տրամադրություններին՝ մշակութային առումով՝ ավելի լավ է լոյալ լինենք գործադիր իշխանությանը: Մյուս  կողմից էլ, քանի որ  դրանք որպես համակարգ ձեւավորվել են հենց պետության զավթման ժամանակահատվածում, որը նաեւ անձնավորված է եղել, անձնավորման սկզբունքով է ձեւավորվել այդ համակարգը եւ նախկինների հետ անխուսափելիորեն ունենալով որոշակի  պայմանավորվածություններ, ազդեցություն ունեն նաեւ հիմա: Բոլոր դեպքերում, անկախ իմ նշած հանգամանքների բնույթի տարբերությունից, այդ համակարգը ռիսկային է, վստահելի չէ, կանխատեսելի չէ, ոչ թե կանոնների առումով, այլ՝ վարքագծի»: Այդ անվստահությունն, ըստ իրավապաշտպանի,  ընդհանուր պատկերն է, բայց թե ո՞ր գործոններն, ինչ իրավիճակներում կարող են ազդել, դա դժվար է կանխատեսել:

«Ցավոք պետք ասեմ, դատական համակարգը քաղաքական իրավիճակից զերծ չի կարողանում իրեն պահել: Այսինքն, քաղաքական համակարգ, որի մեջ մտնում է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ նախորդ իշխանության, այսպես կոչված՝ կրողները, որովհետեւ այն մշտապես գտնվել է քաղաքական կախվածության մեջ»,-ասում է Սաքունցը: Եվ հիմա այդ կախվածությունները պայմանավորող գործոնները շատացել են, ինչպես ասում է իրավապաշտպանը, եթե առաջ մեկ գործոն կար, հիմա դրանք շատ-շատ են:

«Այնպես որ, ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ Ռոբերտ Քոչարյանն ազդեցության լծակներ չունի, սա ինձ համար անվիճելի է: Ռոբերտ Քոչարյանը ազդեցության լծակներ ունի նաեւ մեդիա դաշտում, դա անթաքույց է: Կան մարդիկ, որոնք իր հետ փոխկապակացված են,  կան մարդիկ, որոնք հանրային դաշտում են գործում, մարդիկ, որոնք իր ազդեցությունը ներկայացնողներն են թե՛ դատաիրավական համակարգում, թե՛ հանրային դաշտում, այստեղ որեւէ կասկած չկա»,-վստահեցնում է իրավապաշտպանը:

Նա գտնում է, որ այս առումով իրավիճակը բավականին բարդանում է, որովհետեւ չկա արդարադատություն իրականացնող այն կայուն ինստիտուտը, որը հաշվի կառնի բոլոր  գործոնները եւ չի կարեւորի մի գործոնը՝ մյուսի նկատմամբ եւ տուրք չի տա իրավական մանիպուլյացիային. «Դու չես կարող դատական գործընթացում հաշվի չառնես այն  բոլոր գործոնները, որոնք իրականում գոյություն ունեն, այլ հարց է, թե՝ որքանով է իրավական գնահատականի արժանացնում այդ ամենը՝ թե՛ մեղադրող կողմ, թե՛ պաշտպանող կողմ, թե՛ արդարադատություն իրականացնող կողմ: Պետք է նշեմ, որ  մեղադրող կողմը, պրոֆեսիոնալիզմի տեսակետից, արդարադատություն իրականացնելու տեսակետից, խոցելի է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930