Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հենց սկզբից ՍՍ-ի սահմանադրությունը փոխելու միտքը չուներ

Հունիս 20,2020 13:00

Բաց նամակ ՀՀ մտավորականներին

Հայրենակիցնե՛ր, իշխանափոխությունից սկսած ուշադիր հետեւելով ու վերլուծելով վարչապետ Փաշինյանի գործունեությունը, հասել եմ հետեւյալ երեք հույժ վտանգավոր եզրակացությանը, բայց մինչեւ եզրակացությունները շարադրելը ասեմ, որ 72 տարեկան եմ, երբեք որեւէ կուսակցության անդամ չեմ եղել ու անդամակցելու միտք էլ չունեմ, որեւէ պաշտոնի հավակնություն չունեմ, որ ինձ նախարար էլ նշանակեն, կհրաժարվեմ, հարուստ չեմ, բայց ազատ ստեղծագործողի ու ուսուցչության իմ համեստ եկամուտը ինձ լրի՛վ է բավարար, նախորդ բոլոր իշխանություններն էլ իմ համար (մեղմ ասած) անընդունելի են եղել, «աբիժնիկ» չեմ ու երբեք չեմ եղել, ու հույժ մտահոգ եմ միայն իմ զավակների ու թոռների ապագայով, ինչը բարվոք կարող է լինի միայն է՛ն պարագայում, եթե ՀՀ-ի բոլոր քաղաքացիների ապագան կլինի բարվոք: Ահա իմ եզրակացությունները:

1.Փաշինյանը հենց սկզբից միտք չուներ հիմնելու ժողովրդավար, իրավական սկզբունքներով ղեկավարվող հասարակական կարգ ու ազատ շուկայական հարաբերություններ, քանի որ մտադիր էր երկիրը ղեկավարելու միմիայն իր «քաղաքական բարի կամքով», այսինքն, Փաշինյանը ՄԻՄԻԱՅՆ ԻՐ ԿԱՄՔՈՎ հասարակարգ ստեղծելու մտադրությունը ուներ հենց սկզբից ու հիմա էլ ունի ու իրագործում է նույն մտադրությունը:

2.Փաշինյանը իր էս նպատակին հասնելու համար հենց սկզբից որոշել էր ղեկավարվի ոչ թե մեր քաղաքակրթության կուտակած գիտական փորձով, այլ «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով, սրա համար էլ Փաշինյանը իշխանությունը չտրոհեց երեք անկախ թեւի ու իր առերեւույթ բարեփոխությունների կողքին՝ չարեց անհրաժեշտ արմատական փոփոխությունները, այլ ուղղակի ժառանգեց ՍՍ-ի հաստատած կարգը:

3.Փաշինյանը ամեն միջոցով, թե՛ քարոզչությամբ, թե՛ հարկ ու մաքսային մանավանդ զարտուղի (ու աննկատելի) բեռը շատացնելով, թե՛ մարդու իրավունքներն ու ազատությունները քիչ-քիչ խլելով, ոչնչացնում է վերջին 30 տարում նոր ծլած ժողովրդավարության փխրուն ավանդույթները ու երկիրը տանում է բացարձակ բռնապետության ուղով, ու իր քայլերով հիշեցնում է բոլշեւիկներին ու 1920-1945 թվերի Իտալիայի ու Գերմանիայի առաջնորդներին: Էս եզրակացությունները հիմնված են հետեւյալ փաստերի վրա:

ա) Դեռ 2018-ի ապրիլի (ինչքան հիշում եմ) 23-ին տված հարցազրույցի ժամանակ Փաշինյանն ասաց, որ «կարեւոր չի, թե երկիրը կառավարելու կարգը նախագահական կլինի, թե խորհրդարանական», այնինչ, արդեն պարզ էր, որ ՍՍ-ն, փոխելով ՀՀ-ի սահմանադրությունը, հիմնել է, ըստ էության, ավտորիտար-միակենտրոն ու անընդունելի կարգ: Սա բազմիցս հայտարարել էր հենց ինքը՝ Փաշինյանը: Այնինչ, ողջ ժողովուրդը համոզված էր, որ Փաշինյանը պայքարում էր հենց այդ անընդունելի կարգի դեմ, ու ժողովուրդը հենց սրա համար էր միահամուռ սատարում Փաշինյանին: Իշխանափոխությունից երկու-երեք ամիս անց Փաշինյանը հայտարարեց, թե «առկա (ՍՍ-ի) սահմանադրությանը հնազանդվելը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է, անկախ այն բանից, թե ինչպիսին է դա»: Ուրեմն, Փաշինյանը հենց սկզբից ՍՍ-ի սահմանադրությունը փոխելու միտքը չուներ:

բ) Չնայած ակնհայտ է, որ սերժական կարգը արդար չէր ոչ մի առումով, փաշինյանական կարգը ավելի քչացրեց ժողովրդավարությունը: Ժողովրդավարության էս ակնհայտ բացակայությունը ժխտելու համար Փաշինյանն ասում է. «Մեզ ժողովուրդն է ընտրել իր ազատ կամքով, ուրեմն, մենք (իմա՝ «ե՛ս») ժողովրդի կամքն ենք կատարում: Այստեղից հետեւում է, որ մեր (իմա՝ «ի՛մ») կամքը հենց ժողովրդի կամքն է»: Սրանով Փաշինյանը, ըստ էության, իր կամքը (այսինքն, իր ցանկացած քմահաճույքը) նույնացնում է երկրի ողջ ժողովրդի կամքի հետ, ու իր կամ իր կուսակցության ցանկացած քննադատությունը համարում է «բռնություն ժողովրդի կամքի նկատմամբ»:

գ) Վարչապետ Փաշինյանը հունիսի սկզբներին իր տեսակապով ՀՀ ԱԺ-ում հայտարարեց, որ «ՀՀ-ի քաղաքացին պիտի ուզենա՛, պիտի ցանկանա՛, պիտի պահանջի՛, պիտի պատրաստակա՛մ լինի, որ պետական բարձր պաշտոնյաների աշխատավարձերը ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ բարձրանան, որովհետեւ այսօրինակ պահանջը ՀՀ-ի քաղաքացու պետականություն ունենալու կամքի արտահայտությունն է»: Բայց նույն Փաշինյանը նախկին իշխանության օրոք հայտարարել էր, թե նախկին իշխանությունների պետական բարձր պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելը ցինիզմ է («ցինիզմ» բառը պրն Փաշինյանի՛ 2 անգամ գործածածն է, տես այստեղ)

դ) Փաշինյանը էսօր հենց իր դատապարտած «փնովելի երեւույթը» (անհարմար եմ զգում Փաշինյանի գործածած բառը ես էլ գործածեմ, սրա համար էլ դրա տեղը կգործածեմ «փնովելի երեւույթ»-ը) բազմապատկում ու դարձնում է «ՀՀ-ի քաղաքացու պետականություն ունենալու կամքի արտահայտություն», ասես ՀՀ քաղաքացու կյանքի նպատակը իր (ընտրություններով) վարձած ծառայողների համար աշխատելն ու ապրելը լինի: Քանի որ անհնար է, որ Փաշինյանը չգիտակցի, որ իր էս անգամվա ասածը ոչ միայն բացարձակ «համապատասխան չի իրականությանը», անկասկած է, որ իր նպատակներին հասնելու համար Փաշինյանը չի խորշում ոչ «անիրական խոսքերից», ոչ էլ նախկինում իր իսկ «փնոված երեւույթից»: Սա ապացուցում է, որ Փաշինյանը իրո՛ք է գործում «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով: Ուրեմն, Փաշինյանից սպասելի է հակաժողովրդական ցանկացած արարքը: Գործելու էս ոճը Փաշինյանի համար տիպական է: Օրինակ, էս մայիսի վերջին Փաշինյանի իշխանությունը քննարկեց «տեսանելի հարստությունը հարկելու օրենքը», ինչը իշխանություններին սկզբունքային հնարավորություն կտա ՀՀ ցանկացած քաղաքացու հարկելու «շուկայական գներով»: Այս օրենքի իմաստը բացահայտեց պատգամավոր Հ. Աղազարյանը, ով հայտարարեց, թե «այն քաղաքացիները, ովքեր կենտրոնում բնակարան ունեն, բայց տան վիթխարի գույքահարկը ի վիճակի չեն վճարելու, թող վաճառեն իրենց բնակարանները ու գնան մի ավելի համեստ բնակարանում ապրեն»: Փաշինյանը «չնկատեց» Աղազարյանի այս հայտարարության «փնովելի երեւույթը»: Ավելին, Փաշինյանը հայտարարեց, որ «էս օրենքը հաստատում է ՀՀ քաղաքացուց խլած հարկվելու (իմա՝ թալանվելու) սահմանադրական իրավունքը» (տես այստեղ) : Ուրեմն, Փաշինյանի էսօրվա էս «փնովելի երեւույթը» պատահական չի, սա իր քաղաքական քայլերի տիպական ոճն է:

ե) Էս ամենը ցույց է տալիս, որ Փաշինյանը բռնել է ողջ ժողովրդին մոլորեցնելով իրեն հնազանդացնելու արկածախնդրական ուղին, ինչը եթե հաջողվի, կունենանք 30-ական թվերի Գերմանիայի պես մի ողբերգական երկիր: Իր էս նպատակին հասնելու համար Փաշինյանը բաց չի թողնում ոչ մի հարմար առիթ: Էս տեսակ առիթներից մեկը էս կորոնավիրուսային ճարակն էր:

զ) Փաշինյանն ու իր մերձավորները սկզբում չէին գիտակցում, որ ճարակը ժողովրդին մոլորեցնելու հարմարագույն մի գործիք է, սրա համար էլ սկզբում արհամարհանքով էին խոսում վիրուսի մասին: Հետո, երբ զգացին ճարակի ընձեռած հնարավորությունները, գործեցին երեք-չորս ճակատով, օգտվելով էն հանգամանքից, որ ցույցերի արգելքը թույլ չի տա, որ որեւէ օրենքից դժգոհ ժողովուրդը փողոց դուրս գա: Առաջին ճակատը «տեսանելի հարստությունը հարկելու օրենքի» պես ոչ պոպուլյար օրենքները խորհրդարանով արագ-արագ անցկացնելն էր: Էս օրենքի նախագիծը արդեն կար ամենաքիչը 2019-ի աշնանից, բայց ճարակի պահը խիստ հարմար էր օրենքն անցկացնելու համար: Էսօր արդեն խոսում են նաեւ «խոպանչիների» տրանսֆերները հարկելուց, պրոգրեսիվ վիթխարի հարկից եւ ուրիշ զարտուղի հարկ ու մաքսից: Էս հարկոմանիան սկսվել է հենց իշխանափոխությունից հետո, որովհետեւ ազատ շուկայի միակ այլընտրանքը շուկան վարկերով ղեկավարելն է, իսկ վարկերի համար փող է պետք: Պետերի խումբն էլ ոչինչ չի ստեղծում ու փողի միայն երեք աղբյուր ունի՝ հարկ ու մաքսը, օդից թուղթ փող տպելը, արտաքին պարտքը: Երկրորդ ճակատը հոգեբանական հնարքներով ժողովրդին անծպտուն ճորտությանը վարժեցնելու, անհանդուրժողություն սերմանելու ու իրար վրա «գործ տալու» ընթացքն է: Փաշինյանը երկու առիթով է խոսել հոգեբանական հնարքներից, մեկը գույքահարկի շեմը վերացնելու առիթով, երբ ուղղակի ասաց, որ կարեւորը ոչ թե շեմի ցածրությունն է, այլ էն հանգամանքը, որ ժողովրդի հոգեբանությունը վարժվի հարկվելուն: Հաջորդ անգամ Փաշինյանը շեշտեց, որ նույն ընտանիքի անդամները պիտի իրենց մեքենայում դիմակ կրեն, որ սա դառնա հոգեբանություն, որ դրսի մարդիկ տեսնեն, որ սա կարեւոր ու սովորական բան է: Պարզ է, որ Փաշինյանի մտքինը ոչ թե վարակի դեմ պայքարն է, այլ ժողովրդին ճորտամիտ դարձնելը, որ իր ասածներին անծպտուն ենթարկվեն: (Որ էս «ճարակային պայքարը» Փաշինյանի համար ընդամենը իր քաղաքական նպատակներին հասնելու հարմար առիթ է, ապացուցվում է էն բանով, որ ինքն ու իր թիմակիցները երբեւէ չեն խոսում աշխարհի հռչակավոր ճարակաբաններին ու վիրուսաբաններին հակադրվելու իրենց պատճառներից ու երբեք չեն հիշատակում հեղինակավոր հետազոտությունները, ոչ էլ երբեւէ խոսում են կարանտին չգործադրած երկրների՝ Շվեդիայի, Բելառուսի, Ճապոնիայի ու այլոց փորձից: Տիպական են նաեւ Փաշինյանի էն հայտարարությունները, թե «հնարավոր է, որ ճարակը մի քանի տարի տեւի»: Սա իր համար, անկասկած, շատ հարմար բան կլիներ, որովհետեւ ինքը անընդհատ նորանոր «ժամանակավոր» օրենքներ է ընդունել տալիս, օրինակ՝ գաղտնալսումների իրավունքի եւն, որոնք երեւի դառնան մշտական): Երրորդ ճակատը «ասֆալտին փռելու» տեխնիկան է, ինչի զոհը դարձավ, օրինակ, Ծառուկյանը ու, շատ ավելի թեթեւ ձեւով, Մարուքյանը, ով ընդամենը ծեծ ուտելով պրծավ: Սրանք ուժի ցուցադրություն են, որ այլեւս ոչ մի այլախոհ չդիմադրի: Չորրորդ ճակատը ամենաթարմն է: Փաշինյանը որոշել է «նոր» սահմանադրություն կազմի, քանի որ էս ճարակը ցույց տվեց, որ ինքը ամենահեշտը հենց կառավարական նոր օրենքներո՛վ կհասնի միապետության: Օրինակ, արդեն խոսում են, թե նոր սահմանադրությամբ պետք է դրսի ներդրողներին հարկերից ազատեն: (Ներսի ներդրողների վրա թքած): Բայց սա հակառակ է օրենքի առաջ հավասարության սկզբունքին, ինչը հիմնարար է: Համոզված եմ, որ փաշինյանական «նոր» սահմանադրությունը ոչ միայն ունենալու է հնի բոլոր բացասական էական գծերը, այլեւ ավելի է կրճատելու անհատի իրավունքներն ու ազատությունները: Փոփոխությունները կլինեն միայն ձեւական: Նախկին բոլոր իշխանություններից մենք բացարձակ ոչ մի դրական սպասելիք չունեինք, գոնե սկսած 1992 թվից: Փաշինյանի առաջին մի քանի քայլը մեզ ոգեւորեց, ու մենք, հուսավառ, սպասում էինք, թե ուր որ է, մեր երազանքները կիրականանան: Հիմա արդեն օրեցօր համոզվում ենք, որ մեր երազանքներին մի լրիվ իրական կարգ է սպառնում, գորշ շապիկավորների հասարակարգը: Հայ մտավորականները վտանգավոր սխալ կանեն, եթե էս սպառնալիքից չխոսեն ու սրա դեմն առնելու փորձը չանեն: Ես անսահման շատ կուզեի, որ Փաշինյանը սա կարդար ու հրաշք կատարվեր, ու հենց ի՛նքը հրաժարվեր իր թե՛ ինքնասիրահարությունից, թե՛ իր էն կարծիքից, որ ինքը անսխալական է, թե՛ իր «փնովելի երեւույթներից», քանզի չի բացառվում, որ էդ կարգը յոթը սարի հետեւը չի: Որովհետեւ երբ հետեւում ես «նպատակը արդարացնում է միջոցները» սկզբունքին, միջոցները ոչնչացնում են նպատակը, ու գորշաշապիկ կարգը անարգել մտնում է տուն: Տա Աստված, որ գոնե էս անգամ լրիվ սխալված լինեմ, ու մեր երազանքները իրո՛ք իրականանան:

Մերուժան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵՊՀ դասախոս

«Առավոտ» օրաթերթ
19.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930