Լրահոս
Օրվա լրահոսը

Պանդեմիայի տարում թատերականի Վանաձորի մասնաճյուղի դիմորդները բազմապատկվել են

Հունիս 20,2020 12:30

Հարցազրույց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանի հետ

Ըստ «Առավոտի» հարցման եւ ԵԹԿՊԻ ընդունող հանձնաժողովի ներկայացրած տվյալների՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դիմորդները նախորդ տարվա համեմատ բազմակի անգամ ավելացել են: Նաեւ մեզ հասած տվյալներով՝ Գորիսի մասնաճյուղը փակվում է՝ դիմորդ եւ մասնագետներ չունենալու պատճառով: Վանաձորում պատկերն այլ էր անցած տարի: Պատկերը փոխվեց վերջին ուստարում: Իսկ Վանաձորի դիմորդների հավաքագրման հարցում կարեւոր դերակատարում ունի նորանշանակ տնօրենը՝ բանասիրական գիտությունների թեկնածու, Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի առաջատար դերասաններից, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը, որն ամիսներ շարունակ անգամ անձնական ներդրում է արել բուհի հանրահռչակման համար: Մենք կապվեցինք պարոն Զոհրաբյանի հետ, որը պատասխանեց մեր մի քանի հարցերին:

Դերասան, ռեժիսոր Նարինե Գրիգորյանը վարպետության դաս է անցկացրել

– Պարո՛ն Զոհրաբյան, այս կարճ ժամանակահատվածում փաստացի նկատելի բարեփոխումներ արվեցին Վանաձորի մասնաճյուղում: Ձեր լավատեսությունը հարց է առաջացնում. արդյո՞ք կորոնավիրուսը չխոչընդոտեց ուսումնառության ընթացքը:

– Ամեն մեծ խնդիր փորձության է ենթարկում մարդկությանը: Հատկապես արվեստի մարդու համար փորձառություն է՝ ինչպե՞ս պետք է հաղթահարի խնդիրն ա՛յս պայմաններում, վերախմբագրվում են հայացքներդ, ինքդ քեզ ավելի լավ ես ճանաչում: Իհարկե, կատարողական արվեստների համար բարենպաստ չէ համաճարակը կամ դրա «երկարելը», բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ ինչ-որ բաներ մտածել այս պայմաններում դասերն արդյունավետ անցկացնելու համար: «Լեկցիոն» դասերի համար խնդիր գրեթե չկար: Շնորհիվ մեր պրոֆեսիոնալ դասախոսակազմի՝ առցանց շարունակվել են դասերը, անգամ տեսանյութերի միջոցով են մի շարք առաջադրանքներ կատարվել, իսկ ավարտական աշխատանքների մեծ մասը գերազանց գնահատվեցին, մագիստրատուրայում ամենաբարձր գնահատականին արժանացավ մեր բուհի մագիստրանտը:

Կադր միջբուհական փառատոնի մրցանակակիր պլաստիկ ներկայացումից

– Տեղեկացել ենք, որ ակտիվություն է նկատվում նաեւ ձեր բուհի «Պարարվեստ» բաժնում:

– Այո՛, անգամ հատկացված տեղերից շատ են դիմորդները: Տեղի կունենա «զտում»: Այս դեպքում շահում է որակը, իսկ մեր բուհի գլխավոր նպատակների մեջ առաջնահերթություն է տրվում որակյալ կրթությանը, որակի բարձրացմանը: Պետք է հասնենք նրան, որ բուհն ավարտողը գրագետ լինի ոչ միայն իր մասնագիտության մեջ, այլեւ փայլուն տիրապետի մայր լեզվին, նրա քերականությանը: Որքան էլ մարդ շնորհալի լինի, բայց չտիրապետի մայր լեզվին ու գրագիտությանը, չես կարող նրան լուրջ վերաբերվել, այն էլ՝ 21-րդ դարում: Ակտիվ կիսագրագետի պատճառած վնասներն ավերիչ են բոլոր բնագավառներում… Ուրախալի է, որ մեր ուսանողների ուսման մեջ եւս դրական նկատելի շարժ կա որակային առումով:

Կադր ուսանողական պլաստիկ ներկայացումից

– Իսկ ինչպիսի՞ դիմորդներ ունեք այս տարի: Արդյո՞ք չխանգարեց այն փաստը, որ Վանաձորի մասնաճյուղի վերանորոգման պատճառով ժամանակավորապես այլ կրթօջախում եք տեղակայվել, բայց դիմորդների հոսքն ակտիվացել է:

– Հույս ունենք, որ 2021-ից կլինենք նոր մասնաշենքում, որն, ինչպես նշեցիք, վերանորոգվում է, թեեւ, չգիտես ինչու, դանդաղորեն: Խնայողությունների, բուհի առաջընթացին նպաստող ու գործուն միասնականությամբ համակված դասախոսների շնորհիվ նկատվում են դրական միտումներ: Մեր բուհը եղավ տարբեր դպրոցներում, մեր տեղական հեռուստաընկերությունները եւս ուշադիր էին մեր հանդեպ, մարզային եւ քաղաքային իշխանություններն էլ իրենց մասնակի օգնությունն առաջարկեցին, ինչի համար շնորհակալ ենք: Այս տարվա դիմորդների մեծ մասը շնորհալի է, մասնավորապես «Դերասանական արվեստ» բաժնի դիմորդների համար կազմակերպել ենք պիեսների օնլայն քննարկումներ, որոնց միանում են նաեւ երեւանցի ու գյումրեցի դիմորդներ: Հրաշալի է, որ ընթերցելու հանդեպ սեր ունեն: Այս տարի «Դերասանական արվեստ» կուրսը կղեկավարի ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վահե Շահվերդյանը, իսկ «Պարարվեստ» բաժինը՝ Անահիտ Կարապետյանը:

– Եվ վերջին հարցը. սոց. կայքերից տեղեկացանք, որ ԵԹԿՊԻ մայր բուհ դիմող երեւանաբնակ ու գյումրեցի մի շարք դիմորդներ խնդրեցին, որ դուք առցանց վարպետության դաս վարեք, եւ հետո նրանք տեղադրեցին իրենց շնորհակալական ջերմ խոսքերը, թե որքան տպավորված էին դասից: Ի՞նչ հարցեր քննարկվեցին:

– Մեծ բան չէր արածս: Թեման՝ «Բեմադրիչ-դրամատուրգ համագործակցության մաշկույթն» էր, բայց նրանք հարցեր տվին նաեւ բեմադրիչ-դերասան համատեղ աշխատանքի մասին, ինչպես նաեւ պիեսի վրա բեմադրիչի աշխատելու կերպերի վերաբերյալ: Այս սերունդը համարձակ է, ունի իր կարծիքը, հետաքրքիր է մտածում, ազատ. բաներ կան, ինքս էլ սովորում եմ նրանցից: Հավելեմ, որ Վանաձորի մասնաճյուղ սկսել են դիմել նաեւ տարբեր մարզերից. Տավուշ, Գեղարքունիք, Արմավիր: Անգամ մյուս տարվա դիմորդներ էլ արդեն ունենք: Անկախ ամեն դժվարությունից, պետք չէ հուսահատվել, որովհետեւ կյանքը, որքան էլ հակասական լինի, մեկ է, գեղեցիկ է ու խորհրդավոր…

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Գլխավոր լուսանկարում՝ Էլֆիք Զոհրաբյանը՝ ուսանողների հետ

«Առավոտ» օրաթերթ
19.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930