Լի Միլլերի դառն ու անուշ կյանքը
Լի Միլլերն ամերիկյան նորաձեւության լուսանկարիչ էր, Vogue-ի շապիկի ֆոտոմոդել, ռազմական թղթակից, որը նկարել է նաեւ Դահաուի եւ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարները:
Լիի կյանքում բազմաթիվ ճակատագրական եւ վառ դրվագներ են եղել, երեխա ժամանակ բռնության ենթարկված աղջիկը տասնինը տարեկանում արդեն հայտնի մոդել էր, քսանից հետո լեգենդար լուսանկարիչ Ման Ռեյի մուսան էր, իսկ երեսունում նրան նկարեց Պաբլո Պիկասոն, որը դարձավ Լիի լավագույն ընկերներից մեկը: Երբ Միլլերը երեսունութ տարեկան էր, նրա հայտնի լուսանկարը արվեց, որտեղ նա Ադոլֆ Հիտլերի լոգարանում է՝ վաննայի մեջ:
Kulturologia.ru-ն որոշ մանրամասներ է ներկայացրել: Լի Միլլերը ծնվել է Նյու Յորքում, որտեղ էլ մոդելի կարիերա է արել, Փարիզում լուսանկարչություն է սովորել Ման Ռեյի մոտ, ծանոթացել Պոլ Էլյուարի, Պաբլո Պիկասոյի եւ Ժան Կոկտոյի հետ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատել է Լոնդոնում, եւ չնայած հարազատների հորդորներին՝ չի վերադարձել Ամերիկա, աշխատել է Vogue-ի համար, լուսանկարել է նաեւ համակենտրոնացման ճամբարների մղձավանջները: Լի Միլլերը ավելի շատ ավանդ ունի որպես լուսանկարիչ-լրագրող, քան որպես մոդել: Ցավոք, պատերազմի ժամանակ նա իր տեսածի պատճառով սթրեսի էր ենթարկվել ու երկար ժամանակ չէր կարողանում աշխատել:
Կարդացեք նաև
Ինչպես արդեն նշվեց, Լի Միլլերի ամենահայտնի լուսանկարն արվել է Ադոլֆ Հիտլերի լոգարանում: Լուսանկարչական սարքը պահել է նրա ընկեր Դեվիդ Շերմանը, նա ընդամենը «չխկացրել» է, երբ Միլլերն արդեն ստացել էր իր ուզած կոմպոզիցիան: Լուսանկարում նա Հիտլերի վաննայում է, որի կողքին ֆյուրերի լուսանկարն է, ներքեւում կեղտոտ կոշիկներն են, որոնք Միլլերը հագել է Դահաուի համակենտրոնացման ճամբարում: Լուսանկարն արվել է 1945 թվականին՝ Մյունխենում:
1946-ին լուսանկարիչը վերադարձել է ԱՄՆ, որտեղ գտնվող նրա տունը արվեստի մարդկանց համար յուրօրինակ Մեքքա էր դարձել: Միլլերն իր օրն անցկացնում էր արվեստի մարդկանց հետ հանդիպումներում, նաեւ հաճախ այցելում էր խոհարարական արվեստով հետաքրքրված իր միակ որդուն: Միլլերը հաճախ գիշերներն արթնանում էր մղձավանջային երազներից, համակենտրոնացման ճամբարում տեսածները նրան հանգիստ չէին տալիս: Մի ուրիշ մղձավանջ էլ այն էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները նրան կասկածում էին այլ երկրի օգտին լրտեսության մեջ:
Լի Միլլերը մահացավ յոթանասուն տարեկանում, իսկ նրա աճյունամոխիրը ցրեցին ԱՄՆ-ում գտնվող նրա տնով մեկ, որտեղ նա ապրել էր իր ընտանիքով:
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
19.06.2020