Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ մասնաճյուղում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը երեք օր քննարկվելուց հետո այսօր ավարտվեց: Դատավոր Ռոբերտ Պապոյանը գնացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը նա կհրապարակի հունիսի 21-ին:
Դատական նիստից հետո Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Սամվել Դիլբանդյանը, խոսելով դատարանից նյութերին ծանոթանալու համար ողջամիտ ժամանակ խնդրելու մասին, ինչը չի բավարարվել, ասաց. «Այստեղ մենք խնդիրներ ունեցանք, որովհետեւ բավականին պրոբլեմատիկ էր: Քրեական գործի նյութերը բավականին շատ էին ամբողջ նյութերին ծանոթանալու, վերլուծելու, գրավոր նախապատրաստելու համար: Անկասկած մեզ տրված ժամանակահատվածը շատ քիչ էր: Կարծում եմ, որ այդտեղ Սահմանադրության 67-րդ հոդվածի ակնհայտ խախտում թույլ տրվեց, քանի որ այդ հոդվածի համաձայն մեղադրյալը բավարար ժամանակ եւ հնարավորություն պետք է ունենա իր պաշտպանությունը արդյունավետ կազմակերպելու համար: Փաստորեն, այս պահանջ- սահմանադրական իրավունքը, որ յուրաքանչյուր մեղադրյալ ունի, այս կտրվածքով, ըստ էության, խախտվեց: Եվ դա մենք իրականում մեր վրա զգացինք, որովհետեւ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում անընդհատ նոր մտքեր էին ծնվում: Եթե բավարար ժամանակ լիներ, դատարանը գոնե երկու օր հնարավորություն տար, պաշտպանությունն ավելի ուժեղ կկազմակերպվեր, մեր կողմից ավելի հիմնավոր փաստաթղթեր կներկայացվեր:
Գործի նյութերին ծանոթանալը, ըստ էության մի բան է, վերլուծություն իրականացնելը ու դրա վերաբերյալ համապատասխան մտահանգումներ, եզրակացություններ անելը բոլորովին այլ բան է: Այսինքն, քրեական գործի նյութերին որ ծանոթանում ես, դա չի նշանակում, որ քրեական գործը դու մեխանիկորեն կարդում ես: Քրեական գործի նյութերին ծանոթանալ, նշանակում է. եթե կան մի շարք ապացույցներ, ուրեմն այդ ապացույցները պետք է մանրակրկիտ հետազոտես, համադրես, որպեսզի կարողանաս տեսնել, թե իրականում այդ հիմնավոր կասկածը, որ ներկայացնում են, եղած ապացույցների շրջանակում հաստատվո՞ւմ է, թե չի հաստատվում: Եվ քրեական գործում իրականում կային մի քանի ապացույցներ, մի քանի ցուցմունքներ, որ ակնհայտորեն մեկը՝ մյուսին հակասում էր: Եվ այդ հակասությունները, ըստ էության, լուրջ կասկածի տակ են դնում ապացույցների արժանահավատությունը: Նաեւ հիմնավոր կասկածի արժանահավատությունը: Հիմնավոր կասկածը ամբողջությամբ բացակայում է, որովհետեւ հիմնավոր կասկածը ենթադրում է, որ պետք է լինեն բավարար փաստական տվյալներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն տվյալ սուբյեկտի կողմից կոնկրետ որեւէ գործողություն կատարելու մասին: Այս քրեական գործի ամբողջ նյութերում չկա որեւէ կոնկրետ ապացույց, որը կարող է վկայակոչել Գագիկ Ծառուկյանի կողմից որեւէ գործողություն կատարելու մասին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ