Լրահոս
Օրվա լրահոսը

«Ու այս ամենից հետո, ինչ-որ մեկը կանգնում ու հայտարարում է, թե մետաղի ջարդոն արտահանող ընկերությունը պատկանում է վարչապետին». Բաբկեն Թունյան

Հունիս 19,2020 23:30

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամենասկզբից ասեմ, որ 2019թ. հունիսի 26-ին վարչապետի կողմից ինձ ուղարկված այս աշխատանքային նամակը հրապարակում եմ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ։

Նաև ասեմ, որ եթե կասկածողներ կան դրա իսկության մեջ, կարող եմ հրավիրել և մեյլերը ցույց տալ։

Հիմա անցնեմ բուն թեմային։ Երկար է մի քիչ, բայց կփորձեմ չձանձրացնել ու պարզ գրել։

2019թ. ամռանը կառավարությունը օրենքի նախագիծ ուղարկեց ԱԺ, որով փակում էր օրենքի մի «սողանցք»։ Այդ սողանցքի օգնությամբ որոշ նորաստեղծ ընկերություններ սկսել էին մետաղի ջարդոնը արտահանել՝ առանց տուրք վճարելու (հայկական ծագման սերտիֆիկատ ստանալու շնորհիվ)։

Մի քանի ամսում արտահանման ծավալներն այնքան արագ աճեցին, որ այդ ջարդոնով աշխատող տեղական արտադրողների համար հումքից զրկվելու ռիսկ առաջացավ։

Նախագիծը եկավ ԱԺ հրատապ ռեժիմով, և պետք է արագ ընդունվեր՝ երկրորդ ընթերցումը առաջինից 24 ժամ հետո։ Այսինքն, կառավարությունը ցանկանում էր օր առաջ լուծել այս խնդիրը։ Օրենքով սահմանվում էր, որ անկախ ծագման աղբյուրից՝ արտահանման դեպքում պետք է տուրք վճարել։

Մետաղի ջարդոնի արտահանմամբ զբաղվող ընկերությունները, բնականաբար, սկսեցին բողոքել։ Անգամ բեռնատարներով փողոց էին փակել։ Նրանք ասում էին, որ իրենք հավաքում և արտահանում են թեթև մետաղների ջարդոն (օրինակ, մեքենաների կմախքներ), որոնք Հայաստանում, միևնույն է,ոչ ոք չի գնում և օգտագործում։ Ասում էին, որ նաև բնապահպանական խնդիր են լուծում։ Նաև ասում էին, որ իրենք ծախսեր են արել, տեխնիկա են գնել, պայմանագրեր են կնքել, իրենց ժամանակ է պետք, իսկ կառավարությունը ցանկանում է միանգամից փակել ջարդոնի արտահանման ճանապարհը։

ԱԺ-ում, ինչպես միշտ, որոշում կայացնելուց առաջ սկսեցինք ծանրութեթև անել։

Նախ հասանք նրան, որ կառավարությունը համաձայնեց 24-ժամյա ռեժիմից հրաժարվել։

Մենք մեկ շաբաթ ժամանակ ստացանք մինչև երկրորդ ընթերցում։ Այդ ընթացքում հանդիպեցինք ջարդոն արտահանողների հետ, մի քանի պատգամավորներով այցելեցինք մետաղների ընդունման բազաներ, մետաղի ջարդոնով աշխատող գործարաններ, մեր աչքով ամեն ինչ տեսանք, համոզվեցինք, որ տեղական արտադրողները ունեն այդ հումքի, այդ թվում՝ մեքենաների կմախքների կարիքը։ Ընդունում են, վերամշակում և ցանկանում են ծավալներն ավելի մեծացնել։

Հետո նստեցինք, մասնագետների օգնությամբ հաշվարկներ արեցինք, տուրքի հավասարակշռված չափ որոշեցինք, որ տեղական արտադրողները հումքից չզրկվեն, և միևնույն ժամանակ՝ ջարդոնի ընդունման համար «ջրի գին» չսահմանեն։

Ջարդոն արտահանողներին 2 ամիս ժամանակ տվեցինք, որ հնարավորություն ունենան արդեն իսկ հավաքած ջարդոնը արտահանեն։ Իսկ տեղական արտադրողները հայտարարություն տարածեցին, որ պատրաստ են կգ-ը 40 դրամով ջարդոն ընդունել։

Մի խոսքով, ի վերջո եկանք կոնսենսուսային նորմալ լուծման։

Այդ ընթացքում, կառավարության հետ այս հարցով բավականին թեժ բանավեճեր ենք ունեցել՝ հրապարակային և ոչ հրապարակային։ Շատերը կհիշեն ելույթս, երբ ասացի, որ եթե ՊԵԿ-ը չի կարողանում ծանր մետաղները թեթևից տարբերել, ուրեմն մեզ այդպիսի ՊԵԿ պետք չէ։

Այդ նույն ընթացքում նաև

վարչապետին էի գրել, որ խնդիր կա՝ ըստ էության, պաշտպանելով ջարդոնի արտահանմամբ զբաղվող փոքր տնտեսվարողների շահերը։ Սա, կրկնում եմ, մինչև այն պահն էր, երբ մենք հանդիպումներ ու այցելություններ ունեցանք, և ամեն ինչում ինքնուրույն համոզվեցինք։

Այս նամակը վարչապետի պատասխանն է իմ այդ նամակին։ Ուշադրություն դարձրեք ո՛չ միայն կոնկրետ մետաղի ջարդոնի խնդրին, այլ ընդհանրապես վարչապետի մոտեցմանը մեր երկրի տնտեսության տեսլականին։

Քանի որ առիթ եղավ, ասեմ, որ սա միակ դեպքը չի։ Ճիշտ լուծում գտնելու համար ցանկացած քիչ թե շատ լուրջ թեմա նման քննարկումներով անցնում է, երբեմն բուռն, որոնց մասին, բնականաբար, բարձրաձայն չի ասվում։

Ու այս ամենից հետո, ինչ-որ մեկը կանգնում ու հայտարարում է, թե մետաղի ջարդոն արտահանող ընկերությունը պատկանում է վարչապետին, ջարդոնի արտահանման մաֆիա է գործում նրա հովանավորությամբ, և այլն, և այլն…

Հետևությունները թողնում եմ ձեզ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930