«Նախագծում կարևոր դրույթ կա այն առումով, որ հանձնաժողովը բացի նշված ուղղություններից, որոնք կան օրենքում, եթե գտնում է, որ դրանց հետ համակարգային առումով կապված կան այլ խախտումներ, դրանք ևս կարող է ներառել իր ուսումնասիրության շրջանակում»,- խոսելով ձևավորվելիք փաստահավաք հանձնաժողովի գործունեության մասին՝ «Մեդիա կենտրոնում» տեսակապի միջոցով անցկացվող քննարկմանը հայտարարեց ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը:
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագիծը։ Սահմանվում է, որ հանձնաժողովն ուսումնասիրելու է 1991-2018 թվականների ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և ուսումնասիրելու դրանց պատճառները, դրանց վերաբերյալ տեղեկություններ է հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով է հանդես գալու:
Ըստ նախագծի՝ ուսումնասիրության առարկա կդառնան ընտրություններն ու հանրաքվեները կեղծելու, ընտրակաշառք բաժանելու դեպքերը, քաղաքական հետընտրական հետապնդումները, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումները, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը: Անդրադառնալով հանձնաժողովի կազմի ձևավորմանը՝ Տիգրան Դադունցն ասաց. «Հանձնաժողովի ինը անդամներից վեցին առաջադրում է ՀՀ ԱԺ-ն և երեքին կառավարությունը՝ որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ, ԲԴԽ-ն և Մարդու իրավունքների պաշտպանը: Այդ վեց հոգու մասով տպավորություն չստեղծվի, որ ԱԺ-ն կարող է մոնոպոլիա ունենալ, քանի որ վեց անդամներից երեքը լինելու են ՀԿ-ների ներկայացուցիչներ. ուղղակի ԱԺ-ն լինելու է հարթակ, որ ՀԿ-ները կարողանան իրենց ներկայացուցիչներին առաջադրել: Երեքին առաջադրելու են խմբակցությունները, մյուս երեքը՝ ՀԿ-ների կողմից ներկայացված թեկնածուներից են առաջադրվելու»:
Հարցին՝ վերքաղաքական հիմնահարցը քաղաքական դաշտ բերելն արդյոք հղի չէ՞ վտանգով, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց. «Սա մեր քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցերից մեկն է, և «Իմ քայլը» դաշինքն հանձնառությունն է: Մենք գնացել ենք ընտրությունների՝ ՀՀ քաղաքացիներին խոստանալով անցումային արդարադատության իրականացում»:
Կարդացեք նաև
Պատգամավորը անցումային արդարադատության այս մասով իրականացնելու համար ամենամեծ մարտահրավեր համարում է հանձնաժողովի կազմը, քանի որ ըստ էության դրանից է կախված այն հեռանկարը, թե որքանով կհաջողի անցում արդարադատությունը ՀՀ-ում: Խոսելով կազմի ձևավորման մասին՝ նա ասաց. «Նախագծում ներկայացված կազմն ինձ մոտ մի փոքր կասկածի տեղիք է տալիս, թե որքանով նման կերպ ձևավորված հանձնաժողովը լեզու կգտնի և կկարողանա աշխատել մեկ ուղղությամբ: Որքանով համահունչ կլինեն հանձնաժողովի անդամների նպատակներն ու աշխատանքները»:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք քաղաքական մարմնի կողմից ձևավորված մարմինը կարո՞ղ է քաղաքական չեզոքություն դրսևորել, Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց. «Իհարկե, կարող է, քանի որ մենք այդպիսի բազմաթիվ մարմիններ ունենք, որոնք ԱԺ-ի կողմից են ձևավորվել, և դրանց գործունեության հիմքում հենց քաղաքական չեզոքությունն է ընկած: Բուն այս առումով չունեմ մտահոգություն, բայց այն հարցը, որ խմբակցությունների կողմից պետք է ներկայացվեն թեկնածուները, նաև այն խմբակցությունների, որոնք չունեն նման քաղաքական հանձնառություն, շատերի կողմից լսել եմ, որ նրանք անհրաժեշտ չեն համարում անցումային արդարադատությունը ՀՀ-ում, չգիտեմ՝ որքանով նրանց ներկայացրած թեկնածուները կարող են արդյունավետ աշխատել անցումային արդարադատության իրականացման ուղղությամբ: Սա խնդիր է, բայց կարծում եմ՝ սա դեռ քննարկելի հարց է, գուցեև հնարավոր է որոշ փոփոխություններ մտցնել»:
Պատգամավորն առաջարկում է ավելացնել հանձնաժողովի անդամների թիվը, քանի որ այդ թվով կազմը ի վիճակի չի լինելու երկու տարվա ընթացքում այդ ծավալի ուսումնասիրություններ կատարել, արձանագրել բոլոր փաստերը, հետամուտ լինել դրանց լուծմանն ու դրանց հիման վրա առաջարկներ ներկայացնել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ