2 օր առաջ Հանրային խորհրդում ՀՀ քաղաքացիների այս ընդունելության ժամանակ, բոլոր վտանգներով հանդերձ ու բոլոր կանոնների պահպանումով, արտակարգ հանդիպումներ ենք ունեցել շուրջ 30 քաղաքացիների, խմբերի հետ։ Թեմաները, նրանց ներկայացրած առաջարկությունների մասին պատկերացումներ կարող եք կազմել հաղորդագրությունից։
Բայց դրանցից միայն մի մեծ խմբի կանդրադառնամ՝ 7-8 մարդ, ում վարձակալական իրավունքները 2011-2012թթ․ կոպտորեն խախտվել է նախկին իշխանությունների կողմից, բացարձակ ապօրինությամբ, հասցեի կեղծումով աճուրդի են դրվել այն տարածքները, որոնց համար իրենք ունեցել են 10 տարի և ավել ժամկետի համար վարձակալության պայմանագրեր։ Այս դեպքի կապակցությամբ անգամ անցած տարի ՀՀ քննչական կոմիտեում կա քննվող գործ, որտեղ նրանք տուժող են ճանաչվել, բայց առաջընթաց չկա․․․ Իսկ նախորդ ընդունելության ժամանակ էլ մեկ այլ նմանատիպ խումբ էր եկել հանդիպման՝ հանրային գերակա շահից տուժած բնակարանատերեր, ինչպես նաև իրավունքի այլ խախտումների ենթարկված անձինք։
Ինչո՞ւ եմ սա շեշտում։ Որովհետև ՀԽ-ն իրավապաշտպան կառույց չէ, չունի այն լիազորությունները, աշխատում է անվճար, բայց նրան են դիմում, որովհետև հույսները կտրած է դատաիրավական համակարգից, ՄԻՊ-ից, ումից բացահայտ դժգոհում են, ու ես դա չէի հրապարակայնացնում շաբաթներ առաջ, խնդրում էի քաղաքացիներին մի փոքր էլ սպասել, համբերել։
Բայց, ՈՉ։ Դա ՄԻՊ-ին պետք չէ։ Նա այնքան պարապ է, որ կամ զբաղված է “խտրական իրավապաշտպանությամբ”՝ “միայն յուրային անձանց համար”, կամ էլ այնքան պարապ է, որ բացարձակ զբաղված է այլ գործերով։
Կարդացեք նաև
Մինչդեռ․․․ այս արտակարգ դրության ժամանակ, երբ մարդու իրավունքների սահմանափակման օբյեկտիվ հիմքեր և անհրաժեշտություն կա ու դրա կապակցությամբ է հայտարարվել Արտակարգ դրություն, փոխանակ հայտարարություններով կոչ անելու, որ մարդիկ հարգեն հակահամավարակային կանոնները, տուրք չտան սադրիչ խմբերին, որոնց կոչերը բացահայտ սպառնալիք են անձի կյանքի ու հանրային առողջության համար, փոխանակ թեթևացնելու պարետատան աշխատանքը, որպեսզի հասարակությունը մնա օրինապահության տիրույթներում, ինչո՞վ է զբաղված ՄԻՊ-ը․․․
Այո, զբաղված է նրանով, որ կարող է հավաքների ազատության սահմանափակման օրինական հիմքերի առկայության դեպքում շրջանցել այդ օրինական որոշումը, անտեսել ու չտեսնելու տալ, որ օրինակ X գործարարին սատարողներն այս շրջանում իրավունք չունեն հավաքներ, բողոքի ակցիաներ կազմակերպել՝ վարակի տարածման ռիսկեր ստեղծելով, օրենքի ու հանրային իրավունքի այդ խախտումը մի կողմ դնելով հայտարարություն է տարածում ոստիկանության գործողությունների մասին, որոնք պարտավոր էին օրենքի ուժով կասեցնել, անգամ համատարած տուգանել արտակարգ դրությունը խախտողներին։
Եւ ուշադրություն, այդ դեպքերի կապակցությամբ ՄԻՊ-ն այնքան էր «շտապում» դատապարտող գնահատական հնչեցնելու հարցում, որ նույն նախնական հայտարարության մեջ նշեց, որ ոստիկանության գործողությունները ուսումնասիրելու համար խումբ է ձևավորվել ու գործուղվել, որը կարծես թե պետք է զեկույց դներ ՄԻՊ սեղանին, որից հետո կարելի էր գնահատական տալ․․․ Բայց ոչ, ՄԻՊ-ն առանց այդ ուսումնասիրության հենց սոցիալական ցանցում դաշույն խրեց օրինականություն հաստատած ոստիկանների թիկունքին, թե նրանք անիրավաչափ ու անհամաչափ են գործել․․․
Բայց միայն սրանով չէ, որ զբաղված է ՄԻՊ-ը։ Երեկ էլ առանց ուսումնասիրելու, որ իմ գրառման մեջ որևէ թիրախավորում որևէ անձի, ընտանիքի, նրա երեխայի հանդեպ չի եղել, այդպիսի թիրախավորում չի եղել սոցիալական ցանցերում բաց տեղադրված նկարը տարածած բազմահազար մարդկանց կողմից, կրկին իր կյանքի այս շրջանի գերնպատակի հանգույն հիշատակում է ՀԽ նախագահի ու այլոց անունը։
Ես լիովին գիտակցում եմ, որ պարոնը իր պաշտոնավարման շրջանի վերջին օրերին կյանքի նպատակ է դրել մի ողջ իրավապաշտպան, բյուջեի հաշվին սնվող կառույցը իմ անձի դեմ օգտագործելը։ Ու իմ հերթին բացարձակ անթույլատրելի ու անընդունելի և դատապարտելի եմ համարում բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման գործելաոճը։
Զբաղվեք ձեր գործով, պարոն։ Ձեզ նշանակած նախկին իշխանությունների կողմից ու օրոք այնքան մեծածավալ ու զանգվածային իրավունքների խախտումներ են արձանագրվել, այնքան մարդ է դեռևս տառապում իր իրավունքների վերականգնված չլինելու պատճառով, որ անթիվ անհամար է։ Գոնե Ձեր պաշտոնավարման ժամկետի վերջին շրջանում մի բարի գործ արեք, գնահատական տվեք նրանց իրավունքների խախտմանը, վերականգնենք նրանց իրավունքները։ Զբաղվեք հանրօգուտ գործով, այլ ոչ թե “ընկերների” իրավապաշտպանությամբ։ Նրանք իրավաբան են, հիմնել են իրավապաշտպան կազմակերպություն և իրենց իրավունքները կպաշտպանեն։ Իսկ, այ, հազարավոր մարդիկ իրավաբանական պաշտպանության կարիք ունեն, ու մենք՝ հարկատուներս, ձեզ բարձր աշխատավարձ ենք վճարում, որ դա կատարեք։
Հանրային խորհրդի նախագահ
Ստյոպա Սաֆարյան