Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի պաշտպան. «ԱԺ-ին ասացին՝ Ծառուկյանը խմբի կազմում կաշառք է տվել, իսկ դատարանում այլ բան են ասում»

Հունիս 19,2020 17:53

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները նրան երկու ամսով կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը անհիմն են որակում: «Դատարանին նախ ներկայացրել ենք, որ գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին ներկայացված միջնորդության մեջ ձեւակերպված արարքը, ոչ թե որակումը, խիստ տարբերվում է այն արարքից, որը վարույթն իրականացնող մարմինը դատարանին է ներկայացրել: Սա խիստ կարեւոր է: Օրինակ, ԱԺ-ին ներկայացրին, թե Գագիկ Ծառուկյանն իբր խմբի կազմում կաշառք է տվել ընտրողներին, իսկ այսօր դատարանում ասում են՝ ղեկավարել է խումբ, որի շրջանակում տրվել է կաշառք…»,-լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը: Այսօր քննվում էր Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը:

Փաստաբանը դատարանին ներկայացրել է, որ հունիսի հինգին իշխանությանը քննադատող հայտարարությունից հետո է սկսվել այս քրեական հետապնդումը Գագիկ Ծառուկյանի հանդեպ. «Սակայն մեղադրանքի կողմը չներկայացրեց այլ հիմնավորումներ: Փորձում են հիմնավորել, որ Վարդենիսում մի քանի հոգու հետ կապված կաշառքի միջադեպ է եղել: Եթե պայմանական համարենք, որ դա հիմնավոր է, ապա ասում են՝ եթե եղել է, կուսակցության ղեկավար կազմն ինչպե՞ս կարող էր չիմանալ: Դե, կներեք, էլի… մեղադրանքում չկա նշում, որ Գագիկ Ծառուկյանը որեւէ մեկին ասել է տանել ընտրակաշառք տալ, չկա որեւէ ապացույց: Նաեւ չկա ապացույց, որ Գագիկ Ծառուկյանը որեւէ մեկին տվել է կաշառք: Մնացածը ենթադրություններ են: Նայեք ԱԱԾ-ի տեսանյութը: Երբ խուզարկության ժամանակ դեպքի վայրում ապացույցներ են երեւում, դրանք փակվում են շղարշով, որպեսզի չերեւան, նախաքննական գաղտնիք չհրապարակվի: Գագիկ Ծառուկյանի դեպքում հրապարակում են փաստաթղթերը մոտիկ պլանով, որոնցում ենթադրյալ պատգամավորների գրություններ են: Մեկ այլ փաստաթուղթ էլ կիսով չափ փակել են: Ասում են, թե սա իրավական գործընթաց է, մինչդեռ այլ՝ քաղաքական նպատակ ունեն»:

Պաշտպանների փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը դռնփակ նիստի ժամանակ արտահայտվել է միջնորդության մասին՝ այն շինծու որակելով: Դատարանի որոշումը կհրապարակվի կիրակի՝ 15:00-ին: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի առնչությամբ ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն է տարածել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930