Լրահոս
Օրվա լրահոսը

Առևտրային բանկերի միջոցով ներգրավված ավանդների ծավալը կրճատվել է 2.6%-ով. ՏԶՆԿ

Հունիս 19,2020 17:27

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է ՀՀ բանկային համակարգի կողմից 2020թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալների դինամիկային:

2020թ.-ի ապրիլին 2019թ.-ի դեկտեմբերի վերջի համեմատ ՀՀ առևտրային բանկերի միջոցով ներգրավված ավանդների ծավալը կրճատվել է 2.6%-ով` կազմելով շուրջ 2.5 տրիլիոն ՀՀ դրամ, մինչդեռ նախորդ ամսվա համեմատ անկումը եղել է 3.3%: Հետաքրքրական է նկատել, որ 2020թ.-ի մարտին փետրվարի համեմատ նվազել են դրամով ինչպես ցպահանջ, այնպես էլ ժամկետային ավանդները, մինչդեռ դոլարով ցպահանջ և ժամկետային ավանդների ծավալները աճել են: Դրամով ցպահանջ և ժամկետային ավանդների ծավալների փոփոխությունը արձանագրել է համապատասխանաբար՝ 2.7 և 2.2% անկում, իսկ դոլարով ավանդների ծավալների աճը կազմել է համապատասխանաբար՝ 4.5 և 2.8%:

Այս երևույթը բացատրվում է երկու հանգամանքով՝

  • Խուճապով, ինչը բացատրվում նրանով, որ մարտ մասին (հատկապես 2020թ.-ի մարտի 10-ից սկսած) փետրվարի համեմատ ՀՀ դրամն որոշակիորեն արժեզրկվել էր, որը ինչպես ՀՀ ձեռնարկությունների, այնպես էլ տնային տնտեսությունների մոտ բացասական սպասումներ է առաջացրել, որի հետևանքով վերջիններս ՀՀ դրամով ավանդները սկսել են վերածել հատկապես արտարժույթով ավանդների (մի մասն ուղղելով ընթացիկ ծախսերն հոգալու նպատակով):
  • Անորոշությամբ՝ մարտ ամսին դժվար էր կանխատեսել, թե որքա՞ն երկար կտևի համաճարակը և դրանով պայմանավորված ի՞նչ տնտեսական հետևանքների կհանգեցնի և ապահովության համար, որոշ տնային տնտեսություններ մեծացրել են իրենց դոլարային ավանդները՝ նույնիսկ տանը պահվող գումարների հաշվին: Ձեռնարկությունների դեպքում դա հնարավոր է բացատրել տնտեսական գործունեության սահմանափակ տեսակներ թույլ տալու հետ կապված, որի դեպքում որոշ ընկերություններ տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով գումարները վերածում էին ավանդների:

Իսկ արդեն համաճարակի խորացմամբ և դրանով պայմանավորված տնտեսական ազդեցության հետևանքով 2020թ.-ի ապրիլին մարտի համեմատ, տնային տնտեսությունների դոլարով, ինչպես ցպահանջ, այնպես էլ ժամկետային ավանդները՝ համապատասխանաբար գրանցեցին շուրջ 7.2 և 6.2% անկում: Տնային տնտեսությունների դրամով ժամկետային ավանդները ևս 0.6% անկում գրանցեցին՝ կազմելով շուրջ 574.7 մլրդ ՀՀ դրամ, մինչդեռ ցպահանջ ավանդերը ավելացել են 9.5%-ով՝ կազմելով շուրջ 202.6 մլրդ ՀՀ դրամ: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ համաճարակի տնտեսական ազդեցությունը հանգեցրել է նրան, որ տնային տնտեսությունները սկսել են վերցնել ժամկետային ավանդներ, ինչպես նաև ցպահանջ դոլարով ավանդներ, որոնց որոշ մասը փոխարկելով դրամի փոխանցվել են ընթացիկ դրամային հաշվին, իսկ հետ վերցված ավանդների մեծ մասը ուղղվել են ընթացիկ կարիքները և/կամ ծախսերը հոգալու համար: Ձեռնարկությունների դեպքում 2020թ.-ին նախորդ ամսվա համեմատ ամենամեծ անկումն արձանագրվել է վերջիններիս դոլարային ցպահանջ ավանդների կտրվածքով` 18.9 մլրդ ՀՀ դրամի չափով (13%)՝ կազմելով 134.9 մլրդ ՀՀ դրամ: Ձեռնարկությունների դրամով ցպահանջ, ինչպես նաև ժամկետային ավանդները համապատասխանաբար գրանցեցին 1.7 և 3.7% անկում, մինչդեռ վերջիններիս դոլարով ժամկետային ավանդներն այդ նույն ժամանակահատվածում ավելացան շուրջ 4.6 մլրդ ՀՀ դրամով՝ կազմելով 57.9 մլրդ ՀՀ դրամ: Այս աճը, թերևս, կարելի է բացատրել այն հանգամանքով, որ այն ձեռնարկություններից որոշները, որոնց գործունեությունը դադարեցված է եղել, իրենց դրամական միջոցները ներդրել են դոլարով ժամկետային ավանդ՝ հետագայում անհրաժեշտության դեպքում դրանք հետ վերցնելու նպատակով:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալներն անկում են արձանագրել՝ համաճարակի տնտեսական ազդեցությամբ պայմանավորված: Ինչ վերաբերում է տարեկան ծավալների փոփոխությանը, 2019թ.-ի դեկտեմբերի համեմատ, ապա այդ փոփոխությունը բացառապես պայմանավորված է լինելու հատկապես միջին և միջինից բարձր եկամուտների մակարդակ ունեցող տնային տնտեսությունների իրական եկամուտների փոփոխությամբ:

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930