Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց բնակիչ-սպառողների համար գազի սակագինը թողնել նույնը՝ 1 խմ-ի դիմաց 139 դրամ: Ամսական մինչեւ 10 000 խմ սպառող տնտեսվարողները եւս կվճարեն 1 խմ-ի դիմաց 139 դրամ, իսկ 10 000 խմ-ից ավելի գազ սպառելու դեպքում յուրաքանչյուր 1000 խմ-ն կարժենա 255,91 դոլար: Իսկ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն: Որոշումն ուժի մեջ է մտնելու այս տարվա հուլիսի 19-ից:
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիան» հանձնաժողովին ներկայացրած հայտով առաջարկում էր սոցիալապես անապահովների եւ բնակիչ-սպառողների համար սահմանել 135,909 դրամ, ջերմոցային տնտեսությունների, գյուղատնտեսության ոլորտում որոշ արտադրությունների՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերք արտադրողների համար գազի սակագինը բարձրացնել, ներկայումս գործող 212 դոլարի փոխարեն այն դարձնել 283.14 դոլար:
Հանձնաժողովի որոշումն ինչպե՞ս կազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Այսօր նիստից հետո լրագրողների հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանն ասաց՝ իր տեղեկություններով` էլեկտրաէներգիան առաջիկայում չի թանկանա. «Օգոստոսի 1-ից պետք է սահմանվեն էլեկտրաէներգիայի վաճառքի գները, եւ, ինչքան գիտեմ, դրանք չեն բարձրանալու: Ենթադրում եմ, որ այդ պարագայում ՋԷԿ-երն ու մյուսները կարող են վճարումներ իրականացնել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Նույն պատմությունն է: Էլէներգիայի գինը կբարձրացնեն հաջորդ տարի: Նազարյան Ռոբերտի գիծը շարունակվում է: