Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննչական կոմիտեն աշխարհի մեղքը բարդեց ինձ վրա, որ ես չարաշահել եմ պաշտոնեական դիրքս, ինչո՞ւ ՀՔԾ-ն գործ չհարուցեց». Աշոտյան

Հունիս 19,2020 17:36

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին Զոլաքարի դպրոցի գործով հրավիրել էին Երեւանի քննչական վարչություն՝ հարցաքննության:

Հարցաքննությունից հետո Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Աշոտյանն ասաց, որ իր համար չի պարզաբանվել, թե ինչո՞ւ ՀՔԾ-ից գործը հետ է ուղարկվել Քննչական կոմիտե. «Իմ «աշխարհացունց» արարքը նկարագրելով՝ ինչո՞ւ են հետ ուղարկել գործը ՔԿ: Քննչական կոմիտեն մանրամասն նկարագրեց, աշխարհի մեղքը բարդեց ինձ վրա, որ ես չարաշահել եմ պաշտոնական դիրքս, վնաս եմ պատճառել, ընդ որում՝ համարյա մեղադրական վճռի պես, որ ես առերեւույթ չարաշահել եմ պաշտոնեական լիազորություններս ու ծանր հետեւանքներ եմ առաջացրել: Ինչո՞ւ ՀՔԾ-ն Քննչական կոմիտեի աշխարհացունց հաղորդագրության հիման վրա քրեական գործ չհարուցեց ու հետ ուղարկեց: Չէ՞ որ իրենց նախկին հաղորդագրության մեջ գրել էին՝ մեծածավալ քննչական գործողություների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ես ինչ-որ չարաշահումներ եմ արել: Բա եթե այդպիսի փաստական տվյալներ էիք ձեռք բերել, ինչո՞ւ ՀՔԾ-ն հետ ուղարկեց, ու ինչո՞ւ եք ինձ նորից կանչել հարցաքննության, եթե մեծածավալ գործողություններ արդեն արել էիք ու ունեիք փաստական տվյալներ»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, նախորդ հարցաքննությունից հետո այսօրվա հարցաքննության ընթացքում նո՞ր մոտեցում կար, նո՞ր բովանդակությամբ հարցեր էին՝ Աշոտյանը չբացեց փակագծերը՝ մտավախություն ունենալով, որ գուցե այս անգամ էլ մեղադրեն նախաքննական գաղտնիք բացելու մեջ. «Թեման նույնն էր, երկար հարցաշար էր»:

Աշոտյանի համար պարզ չէր՝ ինչո՞ւ են իրեն նորից կանչել հարցաքննության, այն էլ հիմա, երբ եվրոպական քաղաքական շրջանակները խիստ գնահատականներ հնչեցրեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին. «Ես այդ կուսակցությունում արտաքին կապերի համար փոխնախագահ եմ»: Ճշտեցինք, այսինքն, սա կապում եք Դոնալդ Տուսկի հայտարարության հե՞տ՝ Աշոտյանը պատասխանեց. «Ինչի՞ հետ կապեմ, այն ժամանակ, երբ ՀՔԾ-ն հետ էր ուղարկել ու Քննչական կոմիտեն երկար ժամանակ լռում էր»: Հարցին՝ ՔԿ-ում հնչեցրած հարցերից ինչ-որ միտո՞ւմ զգացիք՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Միանշանակ, տպավորությունն այն է, որ ամեն գնով, ամեն անկյունից ու դիտանկյունից փորձում են ինձ համար վկայի կարգավիճակից մեղադրյալի կարգավիճակի համար հորինածին մտացածին հիմքեր գտնել»:

Հարցին՝ եթե, այսպես ասած, «բզբզան», կգտնե՞ն մի բան՝ նա պատասխանեց. «Եթե չի եղել, ո՞նց կարող են գտնել: Կարող են հորինել, ինչպես արել են բազմաթիվ այլ քրեական գործերի շրջանակներում»:

Մենք պարզաբանումներ ենք խնդրել ՀՔԾ-ից ու ՔԿ-ից, պարզաբանումները՝ առաջիկայում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930