Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցաքննությունից հետո կխոսենք. Սեդրակ Առուստամյանի պաշտպան

Հունիս 19,2020 17:12

«Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի՝ «ապօրինի շինարարության» գործով դատական նիստն այսօր կրկին չկայացավ:

Հիշեցնենք, Սեդրակ Առուստամյանը շարունակում է կալանավորված մնալ «փողերի լվացման» գործով: Ավելին, օրերս  ի հայտ եկած նոր՝ «ընտրակաշառքի գործի» շրջանակներում, նրա անունը ևս շոշափվում է: Ըստ գործի նյութերի, ենթադրյալ ընտրակաշառքի համար նախատեսված գումարը, Գեղարքունիքի մարզի ԲՀԿ-ական թեկնածու Վազգեն Պողոսյանը ստացել է Աբրահամ Մանուկյանից եւ Սեդրակ Առուստամյանից: «Վազգեն Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017թ․ Գագիկ Ծառուկյանն հրավիրել է իրեն և առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9.000 ձայն՝ Գեղարքունիքի մարզում: Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին և Աբրահամ Մանուկյանին: 2017թ. ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Սեդրակ Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ «ապօրինի շինարարության» գործով նիստը կրկին հետաձգվեց, քանի որ Սեդրակ Առուստամյանը ներկա չէր կարող գտնվել`«փողերի լվացման» գործով կալանավորված լինելու պատճառով: Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 24-ին: Այդ ժամանակ իր պաշտպանյալն ազատության մեջ կլինի՞, թե՞ ոչ, պաշտպանը չի կարող ասել՝ որոշողն ինքը չէ:

Պարոն Սուքիասյանից հետաքրքրվեցինք, իսկ «ընտրակաշառքի» գործով պարոն Առուստամյանին, ի վերջո, հարցաքննե՞լ են, քանի որ հուլիսի 16-ին, երբ ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ում ներկայացնում էր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը, Սեդրակ Առուստամյանի դուստրը՝ Նորա Առուստամյանը, հարց ուղղեց գլխավոր դատախազին, թե ինչո՞ւ իր հորը չեն հարցաքննում այդ գործով: Տպավորությունն այնպիսին էր, որ Սեդրակ Առուստամյանի հարցաքննությունը էական ազդեցություն կունենա գործի հետագա ընթացքի վրա: Հովիկ Սուքիասյանն ասաց, որ քննչական մարմինն է որոշում՝ ե՞րբ եւ ի՞նչ քննչական գործողություն կատարի, բայց այս պահի դրությամբ, Սեդրակ Առուստամյանը դեռ չի հարցաքննվել: Հարցին՝ ի՞նչ է մտածում «ընտրակաշառքի» գործի մասին Սեդրակ Առուստամյանը, պաշտպանը պատասխանեց, որ ամեն ինչի մասին կխոսեն հարցաքննությունից հետո:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930