Լրահոս
Օրվա լրահոսը

Չի կարող քրգործ հարուցվել նախարարի դեմ. ՊՆ նախարարի խոսնակի պարզաբանումը հարուցված քրեական գործի վերաբերյալ

Հունիս 19,2020 17:05

«Պաշտպանության նախարարը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում համապատասխան միջոցներ է ձեռնարկել պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի մասով դատարանի օրինական վճիռը իրականացնելու ուղղությամբ»,- Aravot.am-ին նախարարի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ պարզաբանեց նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ այսօր քննչական կոմիտեն տարածել էր տեղեկություն, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ այլ պաշտոնատար անձանց դեմ ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված հաղորդման հիման վրա։ Հիշեցնենք նաեւ, որ Ցոլակ Խաչատրյանի խնդիրը ԱԺ-ում նախօրեին արծարծել էր նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք նաեւ, որ Ցոլակ Խաչատրյանը պահանջում է իր արձակուրդայինը:

Ըստ Շուշան Ստեփանյանի՝ դատարանի վճիռը կոչված է ապահովելու օրենքի կատարումը, իսկ օրենքով սահմանված ընթացակարգերը իրականացնելը տևում է որոշակի ժամանակահատված։

«Հարկ է նշել, որ պաշտպանության նախարարությանը հատկացվող բյուջետային միջոցների յուրաքանչյուր լումա ունի իր գործառնական նշանակությունը և նախատեսված է կոնկրետ ծրագրի իրականացման համար, որի մեջ ներառված չեն նախկինում հնարավոր թերացումների, իրավական չկարգավորված հարցերի հետևանքով առաջացած ծախսերը, Ցոլակ Խաչատրյանի և այլ զինծառայողների պահանջմունքների բավարարումը։

Ոչ միայն Ցոլակ Խաչատրյանի մասով, այլև օրինական ուժի մեջ մտած մի շարք այլ դատական ակտերի կատարումն ապահովելու նպատակով Պաշտպանության նախարարությունը ստիպված էր իրականացնել որոշակի ծրագրերի կրճատումներ։ Այդ նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը գարնանը սահմանված կարգով նախաձեռնել է բյուջետային միջոցների վերաբաշխում։ Համապատասխան ընթացակարգերն ավարտված են և շահառուի կողմից բանկային վավերապայմանները տրամադրելուց հետո առաջիկայում կիրականացվի վճռի կատարումը։

Ինչ վերաբերում է քրգործ հարուցելուն, ապա այդ մասին պաշտոնապես ՊՆ-ին դեռ չի տեղեկացվել։ Ինչ վերաբերում է Տոնոյանի դեմ հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել վերնագրին, ապա տեղեկացնեմ՝ չի կարող քրգործ հարուցվել նախարարի դեմ, գործ կարող է հարուցվել փաստի առթիվ։ Պաշտպանության նախարարը որևէ քննվող գործով դատավարական կարգավիճակ չունի»,- անդրադառնալով լրատվամիջոցներով տարածված տեղեկություններին, թե նախարարի դեմ քրեական գործ է հարուցվել ասաց նախարարի խոսնակը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930