Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղիկ Ավետիսյանը՝ կառավարության ցանկի մասին. «Գործն արվել է կիսատ-պռատ եւ առանց ուսումնասիրությունների»

Հունիս 19,2020 16:30
Astghik Avetisyan

Aravot.am-ը Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին, որտեղից դուրս է թողնված ժուռնալիստիկան: Ըստ այդ ցանկի՝ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորող ուսանողների վարձը կփոխհատուցվի աշխատավարձից վճարվող եկամտահարկից:

«Այն իրավիճակը, որ այսօր կատարվում է փաստաթղթերի, օրենքների նախագծերի քննարկման տեսանկյունից, թերի է եւ հապշտապ է տեղի ունենում: Դրա ականատեսը եղանք նաեւ երեկ: Կառավարութան որոշումը հրապարակվեց այն մասին, թե եկամտահարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով որ մասնագիտությունների գծով կարող է վերադարձվել, ովքեր կարող են անվճար սովորել: Պարզվեց՝ այդ ցանկում ժուռնալիստիկա մասնագիտությամբ որեւէ նշում չկա, կա արվեստ, դիզայն, բայց ժուռնալիստիկան բացակայում է: Նույնը վերաբերում է նաեւ հայագիտությանը, ինչը մեզ մղում է մտածելու, որ այն գործը, որը արվել է, արվել է կիսատ-պռատ, ոչ հիմնավոր եւ առանց լրացուցիչ ուսումնասիրությունների»,-ասաց տիկին Ավետիսյանը:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտն ընդգծեց. «Ինձ նաեւ հետաքրքիր է՝ արդյոք որեւէ որոշում, նախագիծ, որ դրվում է քննարկման, համապատասխան մասնագիտական խմբեր դրանց մասին իրենց կարծիքը, եզրակացությունը տալի՞ս են, թե՞ ոչ: Այս պարագայում հստակ կարող ենք ասել, որ շեշտը դրվել է բնագիտական առարկաների վրա՝ անտեսելով մյուս բոլոր բաները: Եթե Հայաստանում հայագիտության նկատմամբ լուրջ վերաբերմունք չպետք է լինի, ապա էլ ո՞ր երկրից պետք ստանանք այդ խրախուսումը: Կարծում եմ, որ եթե որոշումներ են կայացվում, դրանք պետք է բազմակողմ լինեն, բոլոր լսարանների, սոցիալական ու մասնագիտական խմբերի համար՝ ընկալելի»:

Ի դեպ, Աստղիկ Ավետիսյանը նաեւ իր տարակուսանքն էր հայտնել նախագծի հեղինակներից ԱԺ «Իմ քայլ»-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառման ներքո, որտեղ պատգամավորն ուրախությամբ տեղեկացնում էր որոշ մասնագիտությունների գծով անվճար կրթություն ստանալու մասին: «Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ Սիսակ Գաբրիելյան ջան, ինչո՞ւ ժուռնալիստիկան չկա»,-զարմացել էր տիկին Ավետիսյանը:

Նույն գրառման տակ նաեւ կարծիք էին հայտնել այլ օգտատերեր, ոմանք ցանկություն էին հայտնել, որ Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանողների պարագայում եւս եկամտահարկը գործեր:

Մեկ այլ օգտատեր էլ գրել էր. «Հայագիտության ոլորտի և ոչ մի մասնագիտացմամբ չի գործում ծրագիրը։ Հայագիտության ոլորտը դեռ դնեմ մի կողմ։ Տպավորություն է ստեղծվում, որ ընտրվել են բոլոր այն մասնագիտությունները, որտեղ կան անհամեմատ ավելի քիչ դիմորդներ, քան մյուս մասնագիտություններով։ Այսինքն` ծրագիրն ուղղված է այդ մասնագիտացմամբ դիմորդներ ապահովելո՞ւն։ Եթե այդպես է, ասեք։ Թե չէ գլխատառերով գրում եք՝ աշխատող ուսանողների վարձի փոխհատուցում, իսկ իրականում այլ ծրագիր եք իրականացնում։

Մի բան էլ՝ տպավորություն կա, որ ո՛չ ԿԳՄՍ նախարարության կրթության բլոկում, ո՛չ ԱԺ հանձնաժողովում որևէ մասնագետ չկա, որը կփորձի հիշել, թե որ ծրագրի թիրախը որն է։ Մասնագետ է պետք` ասեք…Ինչևէ։ Գաղափարը լավն է, իրացումը` վատը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930