«Քաղաքացիական հասարակությունը քաղաքական հասարակություն է, այսինքն՝ հասարակական մի ոլորտ է, որտեղ պետությունն ունի հետաքրքրություններ»։
Ջոն Լոկ, անգլիացի փիլիսոփա, 17-րդ դար
Հայքում ամեն ինչ խառնվել է իրար։ Ինչպես շատ ոլորտներում, այնպես էլ քաղաքացիական կազմակերպությունների դաշտում արդեն անհասկանալի է, թե ինչով են միմյանցից տարբերվում քաղաքական ու հասարակական կազմակերպությունները, որտեղ է սկսվում ներքին քաղաքականությունն ու ավարտվում արտաքին քաղաքականությունը, որ կազմակերպությունները (ըստ իրենց կարգավիճակի) ի՞նչ պարտականություններ ու իրավունքներ ունեն։
Այսօր Հայքում խախտվում են բոլոր գրված ու չգրված օրենքները, եղած կանոնակարգերը, պետական պաշտոնյանների հանրային խոսքի, գործի ընդունված նորմերն ու իրավասությունները։ Այս ցուցակը կարելի է երկար շարունակել, սակայն քննարկենք ընդամենը մեկ ոլորտ. ի՞նչ է իրենից ներկայացնում «քաղաքացիական հասարակություն» ասվածը։
«Քաղաքացիական հասարակության» մասին կան տարբեր տեսակետներ, սակայն հիմնականներն երկուսն են․
Կարդացեք նաև
1․«Քաղաքացիական հասարակությունը» ոչ կառավարական կազմակերպություններն են, որոնք միավորում են մարդկանց իրենց անձնական կամ խմբակային շահերը պաշտպանելու, կարգավորելու ու առաջ մղելու համար։ Դրանք կարող են լինել կրոնական, էթնիկ միավորումներ, մասնագիտական միություններ կամ ուղղակի հետաքրքրությունների ու համոզմունքների առումով միավորված մարդկանց միավորումներ։
2․Մարդու իրավունքներ հարցերով զբաղվող կազմակերպություններ։ Ըստ մարդու իրավունքների մասին կոնվենցիաների, մարդու իրավունքները խախտում է պետությունը, որն ունի միջազգայնորեն ստանձնած պարտավորություններ և այդ կազմակերպությունները, ըստ էության, պայքարում են պետության դեմ, որով նրան պարտադրում են կատարել իր պարտավորությունները։
Առաջին տիպի քաղաքացիական հասարակություն, ցավոք, Հայքում գոյություն չունի։ Միայն նման տիպի հասարակություններում է կարող գոյություն ունենալ իրական ժողովրդավարություն, քանզի միայն կազմակերպված հավասարությունն է ի վիճակի ներկայացնել ու պաշտպանել հասարակության տարբեր շահերը։
Հայքում և մյուս հետխորհրդային երկրներում «քաղաքացիական հասարակություն» հասկացությունը ներմուծվել ու աջակցություն է ստանում Արևմուտքից, իսկ գործունեության հիմնական ոլորտը մարդու իրավունքների պաշտպանությունն է: Բնականաբար, այդ կազմակերպությունները, որպես կանոն, ունեն ազատական՝ լիբերալ արժեհամակարգ։
2018 թվականին իշխանափոխությունից հետո քաղաքացիական հասարակությունն երկակի վիճակում է հայտնվել։ Քաղաքացիական ակտիվիստների մի մասը հայտնվեց Ազգային ժողովում և ընդգրկվեց կառավարության մեջ, ինչի հետևանքով այդ կազմակերպությունների զգալի հատվածը վերածվեց քաղաքական կողմի, այն էլ՝ իշխող, իսկ մի հատվածն էլ դարձավ իշխանության ապոլոգետ՝ կառավարության որոշումների ու գործունեության ճշմարիտությունը քարոզող հանրույթի։
Գործող իշխանությունը հանդես է գալիս լիբերալ հռետորաբանությամբ, խոսում է «ժողովրդի» անունից, սակայն գործողություններն ու հռետորաբանությունը, միևնույն ժամանակ, հակաժողովրդավարական են ու լի սպառնալիքներով այլակարծության հանդեպ՝ դատարանները թիրախի տակ են, ընդդիմադիրները հայտարարվում են «վիրուսներ», որոնք պետք է «ոչնչացվեն» և այլն։ Այս առումով այդ կազմակերպությունները հայտնվել են երկիմաստ վիճակում, երբ պետք է շարունակեն գործել որպես իրավապաշտպան կազմակերպություններ, այսինքն՝ պետությունից քաղաքացիների իրավունքների պաշտպաններ կամ բռնության կոչեր ու բռնության գործողություններ իրականացնող կառավարության ապոլոգետներ՝ նրա գործելակերպը հիմնավորողներ ու սատարողներ։
Չունենալով առաջին տիպի քաղաքացիական հասարակություն՝ մենք պետք է արձանագրենք, որ չունենք նաև երկրորդ տիպի քաղաքացիական հասարակություն։
Չունենալով քաղաքացիական հասարակություն, անգամ դրա սաղմերը, միաժամանակ այլասերվում է և՛ քաղաքական դաշտը, և՛ հանրային դաշտը՝ այդ բոլոր հարցերը թողնելով փողոցին ու սոցիալական ցանցերին, այսինքն՝ կամայական տարերքներին։
Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ