«Սա այնքան աստիճանի անորոշ է, որ հասկանալի չի եղել անգամ Վենետիկի հանձնաժողովի համար, իսկ մենք արդեն երկրորդ տարին է, ինչ բարձրաձայնում ենք այս մասին»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Մարտի 1»-ի մայր գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի՝ նշյալ մեղադրանքը սահմանող հոդվածի վերաբերյալ խորհրդատվական կարծիքին, որում մասնավորապես ասվում է՝ սահմանադրական կարգի, սահմանադրական կարգի տապալման, իշխանության յուրացման կոնցեպտների նախադեպային իրավունքի պակաս կա:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2019թ.-ին դիմել էր ՍԴ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, ՍԴ-ն էլ կասեցրել էր դիմումի վարույթը՝ դիմելով ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիքի համար: Արամ Վարդեւանյանը շեշտեց՝ քանի որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքն արդեն կա, դիմումի վարույթը ՍԴ-ում վերսկսվելու է:
Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ արձանագրեց, որ Վենետիկի հանձնաժողովի այս կարծիքի արդյունքում ՍԴ-ն արդեն կգնահատի՝ առկա՞ են որոշակիության չափանիշներ, միջազգային փորձը բավարա՞ր է պնդելու, որ նման հանցակազմ կարող է գոյություն ունենալ եւ գործնականում կիրառվել. «Այստեղ մենք այնքան չունենք անելիք, որքան ՍԴ-ն: ՍԴ-ին որեւէ որոշում կամ քաղաքական գործընթաց որեւէ բան չի պարտադրում: ՍԴ-ն իր վարույթներն իրականացնում է իրավունքի սկզբունքներով: Եթե ՍԴ-ն 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական, քրեական գործը ենթակա կլինի կարճման»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ երեկ վերաքննիչ քրեական դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ