Հարցին՝ եթե կրկին նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշները բարձրանան եւ համաճարակի բռնկում լինի, ի՞նչ ազդեցություն կունենա մարդկանց առողջության վրա, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն առցանց ճեպազրույցի ժամանակ ասաց, որ համավարակը սպառնալիք է երկրների զարգացման համար:
Նրա խոսքով, այս ընթացքում եվրոպական տարածաշրջանում երկրների 68 տոկոսը հայտնել են, որ համավարակը խոչընդոտ է հանդիսացել, որ այլ հիվանդություններով մարդիկ դիմեն բժշկի: Օրինակ՝ Նիդեռլադներում դադարեցվել են քաղցկեղի սքրինինգները, Իսպանիայում 40 տոկոսով նվազել են սրտանոթային հիվանդությունների, ինֆարկտների բուժման գործընթացները: ԱՀԿ ներկայացուցչի խոսքով, աշխարհում 44 տոկոսով կրճատվել է տուբերկուլոզի հայտնաբերելիությունը, իսկ այս հիվանդության ուշացած հայտնաբերումը հանգեցնում է մահացության բարձր ցուցանիշների: Որոշ երկրներում դադարեցվել են բնակչության իմունիզացիայի ծրագրերը, մատուցվող ծառայությունները: Ըստ նրա, մի շարք այլ երկրներում էլ 25 տոկոսով նվազել են պատվաստումները վտանգավոր հիվանդությունների դեմ, ինչը լուրջ սպառնալիք է բնակչության առողջությանը:
Հանս Կլյուգեն նաեւ ասաց, որ ամեն օր նոր տիպի կորոնավիրուսի մասին նոր բան են իմանում, ինչը նպաստում է, որ ավելի անվտանգ ու արդյունավետ բուժում կիրառեն ու պատվաստանյութ հայտնաբերեն: Նրա խոսքով, օրինակ՝ Դեքսամետազոն դեղամիջոցը կարող է երրորդ չափով նվազեցնել ծանր դեպքերը եւ մահացության ցուցանիշները. «Այդ նորությունը մեծ առաջընթաց է այս գործում, բայց չպետք է մեր ուշադրությունը շեղի հիմնական խնդիրներից»:
Ըստ ԱՀԿ ներկայացուցչի, ամռան վերջին կրկին մոտենալու ենք գրիպի սեզոնին եւ պետք է պատրաստ լինել. «Գրիպի դեմ պատվաստումները կնվազեցնեն մահվան ցուցանիշները եւ բացի այդ կնվազեցնեն բժիշկների ծանրաբեռնվածությունը, որոնք պետք է աջակցություն ցուցաբերեն կորոնավիրուսով հիվանդ մարդկանց»: Նրա խոսքով, այս համաճարակը դեռ հաղթահարված չէ, կարանտինը, սոցիալական հեռավորության պահպանումը եւ հակահամաճարակային այլ միջոցառումները, պարզապես, թույլ են տվել ժամանակ շահել. «Մենք պետք է հնարավորություն ունենաք պատրաստվել բժշկական աջակցություն ցուցաբերելուն, պետք է հույս ունենանք, որ լավ կլինի, բայց պետք է պատրաստվենք վատին, քանի որ Covid-ը կարող է բռնկվել երկրներում, քաղաքներում, շրջաններում: Ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ ճտերն աշնանն են հաշվում, եւ ամեն ինչ կախված է նրանից թե մենեք հիմա ինչ միջոցներ կձեռնարկենք»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ