Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանն էական է համարել Հայաստանը պարենի անվտանգության ոլորտում տարածաշրջանային հանգույց դարձնելու գաղափարը

Հունիս 19,2020 14:28

«Բոլորին հորդորում եմ լինել չափազանց զգոն: Կորոնավիրուսը դեռ շարունակելու է մեզ հետ լինել,- «Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: -Այսօր առաջնայինը պայքարն է մարդկանց կյանքի և առողջության համար: Մեզ համար կարևորագույն հարցեր են դառնում Covid-19-ի դեմ պայքարի ռազմավարության, ճգնաժամի կառավարման և բժշկական անձնակազմի համալրման հարցերը: Այսօր և կորոնավիրուսից հետո պետք է գիտակցենք, որ առողջապահությունը և առողջությունը համաշխարհային մասշտաբով և նաև Հայաստանում դառնում են առաջնահերթ»:

Ինչ վերաբերում է հետկորոնավիրուսային աշխարհին, նախագահի խոսքով, ակնհայտ են դրա ինչպես բարոյական, այնպես էլ համաշխարհային տնտեսության համար օբյեկտիվ բացասական հետևանքները: Ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ դիմագրավելու համավարակի տնտեսության ոլորտներում իր կրելիք նյութական հավանական կորուստներին։ Այս հարցին ի պատասխան՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ առումով նախագահականի կողմից քայլեր են արվել դեռևս անցյալ տարի, երբ 2019թ. նոյեմբերին ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը (UNCTAD) հրապարակեց նախագահի խնդրանքով պատրաստած՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցը (IPR): Զեկույցը մատնանշում է տնտեսության արտահանման ենթակա և խոստումնալից մի քանի ճյուղ, որոնք հաջորդ 10-20 տարիների ընթացքում կարող են ապահովել միլիարդավոր դոլարի ներդրումներ: «Հետամուտ լինելով Ներդրումային քաղաքականության զեկույցի դրույթներին և հիմնվելով տեղեկությունների և վերլուծության վրա, որն արվել էր այն պատրաստելու համար, նշված զեկույցում UNCTAD-ը և ՀՀ նախագահի աշխատակազմը հանդես են գալիս նկատառումներով և առաջարկներով,- նշել է Հանրապետության նախագահը: -Առաջարկում ենք իրականացնել նաև նոր գործողություններ. ստեղծել մի կառույց՝ Ներդրողի արագ արձագանքման աշխատանքային խումբ (QIRT) -պայմանական անունով, որը կոչված է լինելու համալրել կառավարության որդեգրած բիզնեսին անհապաղ աջակցելու միջոցառումների շարքը: Այդ կառույցի հիմնական գործառույթներն են լինելու ներդրումների պաշտպանությունը, աջակցություն վերաներդրողներին և արդեն իսկ առկա ներդրողների/ներդրումների վերակողմնորոշումը, ներդրողների ռազմավարական թիրախավորումը և ռազմավարական գործընկերությունը: Այսինքն՝ մի կողմից լինելու է մի կառույց, որը դասական ընթացակարգերով կխթանի ներդրումները երկրում, աշխարհին կգովազդի Հայաստանը, մյուս կողմից՝ այդ կառույցը հայկական սկսնակ ընկերություններին պետք է օգնի։ Ամբողջ աշխարհը նաև այդ կազմակերպության ջանքերի միջոցով պետք է ծանոթանա Հայաստանին»:

Նախագահը նշել է, որ պետք է ունենանք հստակ տեսլական՝ համահունչ աշխարհի զարգացման տեսլականին։ «Հայաստանում պետք է ամեն բան զարգացնել՝ գյուղատնտեսությունից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Օրինակ, կորոնավիրուսից հետո պետք է ավելի ջանասիրաբար աշխատել էլեկտրոնային կառավարման (eGovernment), էլեկտրոնային առողջապահության (eH) և էլեկտրոնային ուսուցման (EdTech) ներդրման ոլորտներում,- ասել է Արմեն Սարգսյանը: -Այն երկրները, որոնք հաջողությամբ կարողացել են խթանել, կիրառել, ներդնել այս գործիքները, շատ ավելի ուժեղ և դիմադրող են»։

Որպես առաջնահերթություն դիտարկելով երկրի պարենային անվտանգության խնդիրը՝ այդ համատեքստում Հանրապետության նախագահը էական է համարել Հայաստանը պարենի անվտանգության ոլորտում տարածաշրջանային հանգույց դարձնելու գաղափարը: Այդ ուղղությամբ նա քննարկումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների և մասնագիտացած միջազգային կազմակերպությունների հետ, որոնք մտադիր է շարունակել:

Կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո նախագահ Սարգսյանը մտադիր է վերադառնալ ATOM նախագահական նախաձեռնությանը, որը միտված է միջազգային կազմակերպություններ Հայաստան բերելուն, արհեստական բանականության զարգացման նպատակով լաբորատորիաներ ստեղծելուն: «Այն ապագայի հիմնարար գործիք է սննդի արտադրության, գյուղատնտեսության, միջպետական հարաբերությունների, կորոնավիրուսի դեմ պայքարի, կենսաբանական տեխնոլոգիաների զարգացման, առողջապահության և այլ ոլորտներում,- նշել է Հանրապետության նախագահը։ -Աշխարհը գնում է դեպի նոր էլեկտրոնային բանկային համակարգ և էլեկտրոնային սպասարկում: Հետևաբար, անհրաժեշտ են լինելու բազմաթիվ գործիքներ, որպեսզի այդ համակարգերը լինեն արդյունավետ»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930