Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սիմոնյանը՝ հայագիտությունը կառավարության ցանկից դուրս թողնելու եւ ԵՊՀ-ի մասին

Հունիս 19,2020 14:20

Կառավարությունը հաստատել է այն մասնագիտությունների ցանկը, ըստ որի՝ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորող աշխատող ուսանողների վարձը կփոխհատուցվի նրանց եկամտահարկից: Ընդ որում` այդ ցանկից, ի թիվս այլնի, դուրս են թողնված հայագիտական բլոկի մասնագիտությունները եւ լրագրությունը, ինչը դժգոհությունների տեղիք է տվել:

Aravot.am-ը ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ նախկին ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում կառավարության հաստատած ցանկին, որտեղից բացակայում է հայագիտությունը:

«Կարծում եմ դա սխալ է, որովհետեւ հայագիտության բլոկի ուսանողների թիվը կսահմանափակվի: Տնտեսական վիճակը վատ է, իսկ ուսանողներն էլ, որոնք դիմելու են այդ մասնագիտությունների գծով՝ սիրելով այդ մասնագիտությունները, որքան էլ տխուր է, հիմնականում գյուղական վայրերից են, բանասերների, պատմաբանների կոնտինգենտը հիմնականում քիչ հնարավորություն ունեցող խավի ներկայացուցիչներից է կազմվում:

Ընդհակառակը՝ պետք է այնպես անեին, որ քաջալերեին, շահագրգռեին մարդկանց՝ ընտրելու այդ մասնագիտությունները: Մինչդեռ, այս ամենի արդյունքում, կարծում եմ՝ կրճատում կտեսնենք այդ մասնագիտությունների գծով ընդունելության: Եվ այն ուսանողները, որոնք կարող էին գալ այդտեղ ոչ թե այն պատճառով, որ չեն ընդունվել մեկ ուրիշ տեղ, երկրորդ, երրորդ հայտերով «կընկնեն» պատմության կամ բանասիրական մասնագիտությունների տեղերի վրա, իսկ սրտի մղումով, հետաքրքրությունից ելնելով ընդունվել ցանկացողների թիվը կսահմանափակվի»,-ասաց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենը:

Արամ Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով ինչպե՞ս պետք է շահագրգռել, որպեսզի երիտասարդներն ընտրեն հայագիտական ոլորտի մասնագիտություններ, ի դեպ, Հայաստանում պետական մակարդակով միշտ հայտարարվում է, թե հայագիտությունը գերակա ուղղություն է: «Միշտ էլ այդ մասնագիտությունները համալրել են ուրիշ մասնագիտություններ առաջին հայտով դիմած, բայց չանցած ուսանողները…Հայագիտությունը երբեք էլ գերակա չի համարվել: Դեռ իննսունական թվականների սկզբներից հայագիտության նկատմամբ եղել է այնպիսի վերաբերմունք, որը շատ վնասներ է բերել:

Միշտ էլ առերես հայագիտության մասին որոշումներ են ընդունել, առերես հոգածություն է ցուցաբերվել, բայց քանի գնում, հայագիտության նկատմամբ մեր հասարակության հետաքրքրությունը նվազում է, եթե չասեմ՝ հայագիտության նկատմամբ երկրորդական, երրորդական մասնագիտությունների վերաբերմունք է ցուցաբերվում, ինչը տխուր է:

Հումանիտար կրթությունը եւ մանավանդ հայագիտական կրթությունն այսօր մեզ շատ պետք են: Իհարկե, ինժեներական. բնագիտական կրթությունը պետք է առաջնահերթ լինի, բայց հայագիտությունը ոչ պակաս առաջնահերթություն է պահանջում: Հայաստանի Հանրապետությունն է հայագիտության կենտրոնը, ինչ էլ ուզում են ասեն հայագիտական կենտրոնները արտասահմանում, միեւնույն է՝ ընդամենը երկրորդական, երրորդական, տասներորդական դեր են կատարում: Հայագիտության կենտրոնը Հայաստանի Հանրապետությունն է, եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է մշտապես հոգ տանի հայագիտության մասին»,-ասաց պարոն Սիմոնյանը:

Նախկին ռեկտորից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում համալսարանի ներսում եւ համալսարանի շուրջ եղած վերջին զարգացումներին:

«Ես այդ զարգացումներից արդեն հեռու եմ, բայց իմ ցանկությունն է, որ այն կայունությունը, որ կար համալսարանում, պահպանվի եւ ավելի զարգանա: Տեսնենք, թե ընտրություններն ինչպես կընթանան, եւ ով կընտրվի ռեկտոր: Հույս ունենանք, որ համալսարանը շատ կորուստներով դուրս չի գա այս գործընթացներից: Չնայած համալսարանի ղեկավարության այս տարիների ընթացքում թափած ջանքերին, համալսարանը շատ տեղերում դեռ խոցելի է, ու անհրաժեշտ է, որպեսզի համալսարանին օգնության գան ոչ միայն համալսարանականները, այլ նախ եւ առաջ Հայաստանի կառավարությունն ու մտավորականությունը»,-ասաց ԵՊՀ նախկին ռեկտորը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930