«Կարող է լրացուցիչ թիրախավորված քայլեր անհրաժեշտ լինեն վարակի տարածումը արագ կանխելու համար»,-անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակին՝ առցանց ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն:
Երեկ պարոն Կլյուգեն պատասխանեց լրագրողների հարցերին՝ նշելով, որ մի քանի երկրներում կորոնավիրուսի ցուցանիշների աճ է նկատվում: ԱՀԿ-ի ներկայացուցչի խոսքով, խոսքը մասնավորապես՝ Հյուսիսային Մակեդոնիայի, Հայաստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Իսրայելի մասին է, որտեղ վարակակիրների թվերը կրկին աճում են: «Ուզբեկստանում այդ ցուցանիշները երեք անգամ բարձրացել են»,-ասաց Հանս Կլյուգեն՝ նշելով, որ Հայաստանում, չնայած բարձր ցուցանիշներին, վարակի ալիքի մեղմացման եւ հանրային առողջության վերահսկման խոստումնալից միտումներ են նկատվում:
Պարոն Կլյուգեն ասաց, որ նախորդ շաբաթ ՀՀ առողջապահության նախարարի հետ քննարկել են իրավիճակը: Նրա խոսքով, շատ կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր երկրում համավարակի դեմ պայքարի ռազմավարությունը միաձայն հավանության արժանանա կառավարության կողմից. «Մենք մշտապես նշում ենք բնակչության առողջության եւ բարեկեցության միջեւ հավասարակշռությունը պահպանելու մասին, սակայն ըմբռնումով ենք մոտենում սոցիալական եւ տնտեսական քաղաքականությունից բխող քայլերին»:
Հանս Կլյուգեի խոսքով, նոր կորոնավիրուսը ամբողջ աշխարհում կես միլիոն մարդու կյանք է խլել: Եվ այսօր էլ շատ երկրներում վարակի տարածումն ակտիվ վիճակում է եւ բոլոր երկրներում վարակի բռնկման ռիսկը շարունակում է բարձր մնալ. «Կարեւոր է, որպեսզի պետությունների կառավարությունները ներդնեն բոլոր ջանքերն ու միջոցները՝ թեստավորում անցկացնելու հիվանդներին հայտնաբերելու եւ կոնտակտավորներին հետեւելու համար, որպեսզի խուսափեն մոտ ժամանակներս նոր կարանտինի հայտարարումից, ինչը լուրջ ֆինանսական միջոցներ է արժենում այդ երկրներին»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ