Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարունակվող քաղաքական վայրիվերումներն իրական ռիսկ են նախևառաջ օտարերկրյա ներդրումների տեսանկյունից». «Փաստ»

Հունիս 19,2020 13:40

Ուզենք թե ոչ, երկրի տնտեսությունն է, որը պետք է ստեղծի այն միջոցները և հնարավորությունները, որով կարող է լուծվել սոցիալական, ինչպես նաև համավարակի դեմ պայքարին ուղղվող միջոցների հարցը: Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի դիտարկումն է, որի խոսքով, հույսը միայն արտաքին աղբյուրների վրա դնելը կարող է շատ կարճաժամկետ էֆեկտ ունենալ:

«Նույն արտաքին աղբյուրներից ներգրավվող միջոցները պարբերական բնույթ չունեն ու հիմնականում ավելացնելու են արտաքին պարտքը, որը, ի վերջո, պետք է մարվի մեր տնտեսությունում գեներացված եկամուտներից: Առաջնայինը մեր տնտեսական զարգացումն է, մակրոտնտեսական կայունությունը և մեր տնտեսական ընդհանուր պայմանները, որոնք զարգացման նոր ներուժ պետք է ստեղծեն՝ ներդրումների տեսքով: Մենք խոսում ենք Covid-19-ի տնտեսական հետևանքների մասին, բայց պետք է հիշենք, որ մինչ այդ կային խնդիրներ, որոնք օր առաջ լուծումներ էին պահանջում:

Ի դեպ՝ դրանք լուծելու առումով օրվա իշխանությունը խոստումներ էր տվել: Առաջինը տնտեսական զարգացման իմաստով ավելի կայուն պայմաններ ստեղծելն էր երկրում՝ հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, մեր աշխարհագրական դիրքը:

Խոսքը նաև քաղաքական կայունությանն է վերաբերում, ինչպես նաև ներդրումային միջավայրի կայուն զարգացմանը: Այս դաշտում, ցավոք, չունեցանք առաջընթաց: Շարունակվող քաղաքական վայրիվերումներն իրական ռիսկ են նախևառաջ օտարերկրյա ներդրումների տեսանկյունից»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Թ. Ավետիսյանը շեշտեց, որ արժանապատիվ աշխատանքի պայմանների ապահովման ուղղությամբ ևս էական փոփոխություններ չեն եղել ու հավելեց. «2018-ից առաջ դեռ գծագրված էին անհրաժեշտ փոփոխությունները, որոնք, սակայն, դուրս թողնվեցին:

Իսկ հիմա վերափաթեթավորմամբ ուզում են դրանք օրակարգ բերել, բայց արդեն ուշացած, որովհետև Covid-19-ը նոր պահանջներ է դնում: Այս առումով հակազդող քայլերն ու միջոցառումները նախ՝ ծրագրված չէին, չունեին հաջորդ քայլի տրամաբանությունը: Նշվածն ակնհայտ էր դրվագային աջակցության ծրագրերով, պոպուլիստական թվերով, հախուռն, անհասկանալի սահմանափակումներով, որոնք մարդկանց ավելի շատ գցեցին անորոշությունների մեջ:

Ամփոփելով՝ տնտեսագետը շեշտեց, որ կառավարության քայլերը երկարաժամկետ կտրվածքով դիտարկելու դեպքում մի եզրահանգման է գալիս. «Քայլերի հիմքում կրկին պոպուլիզմն է. եկամտահարկի սոցիալական բաղադրիչը վերացրին, բարձրացրեցին նաև անուղղակի հարկերը, թե ինչպիսին է ազդեցությունը՝ այլ հարց է:

Իսկ հիմա, այսքանից հետո շքեղությունը հարկելու քողի տակ իրականում ավելացնում են գույքահարկը՝ այն պատիկներով ավելացնելով նաև միջին ու ցածրարժեք գույքի համար: Իսկ նպատակը լրացուցիչ միջոցներ բերելն է համայնքային բյուջե: Նման փոփոխությունը նաև ժամանակավրեպ է՝ ի՞նչ կապ ունի այն այսօրվա իրավիճակի հետ, երբ մարդիկ կայուն եկամուտը կորցնելուց հետո կանգնած են աղքատության եզրին:

Կարելի էր պարզապես հարկել շքեղությունը, որի ստացված օրինակներն ու մեթոդներն առկա են տարբեր երկրներում»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930