Նախօրեին Նիկոլ Փաշինյանն ասել է, թե «ՀՀ-ում կրթական համակարգը ավերակ է, ՀՀ-ում չի եղել կրթական համակարգ»: Իսկ իշխանություններն ի՞նչ քայլեր ձեռնարկեցին կրթության որակը բարձրացնելու ուղղությամբ։
Կարևորագույն, առաջնային քայլերից մեկը հայագիտական առարկաների նկատմամբ սկսված «խաչակրաց արշավանքն» էր, երբ որոշվեց, որ այդ առարկաները բուհերում ոչ պարտադիր են դառնալու։ Բացի այդ, բուռն քննարկումների առիթ դարձավ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից հանելու հարցը։
Եվ այս ամենը տեղավորվում էր վարչապետի այն հայտարարության շրջանակում, թե թամադաներ պատրաստող կրթական համակարգը պետք է փոխարինել ինժեներներ պատրաստող համակարգով։
Դժվար է պատկերացնել՝ սա՞ էր իշխանությունների կողմից պատկերացված կրթական համակարգը, երբ փորձ է արվում նվազեցնել հայագիտական առարկաների նշանակությունը հանրային կյանքում։ Բացի այդ, եթե մտադրություն կար կրթության որակը բարձրացնելու, ապա պետք է լուրջ ֆինանսական ներարկումներ արվեին գիտության և կրթության ոլորտում։
Կարդացեք նաև
Սակայն կառավարությունը բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների ու գործուղումների համար առատ գումարներ ունի, բայց կրթության համար միջոցները սուղ են։
Շարունակում է անմխիթար վիճակ տիրել նաև բարձրագույն կրթական ոլորտում, որը կարծես թե անտերության է մատնված։ Ներկա փուլում «անտեր» են մնացել թվով 6 բուհեր, որոնք չունեն ռեկտորներ, իսկ մի քանիսն էլ՝ անգամ հոգաբարձուների խորհուրդ:
Այն, ինչ այս ընթացքում տեղի է ունենում մասնավորաբար ԵՊՀ-ում, լավագույնս ի ցույց է դնում վերջին երկու տարիներին մեր կրթական համակարգի հանդեպ տեղի ունեցողի ամբողջ թշվառությունը:
Ու նորից վերադառնալով Փաշինյանի՝ քիչ է ասել, թե սենսացիոն ու առավելապես, իր սովորույթի համաձայն, հուզական հայտարարությանը: Բա որ կրթական համակարգն ավերակ էր, ապա Փաշինյանի գլխավորած կառավարությունը երկու տարի շարունակ ինչո՞վ էր զբաղված, ինչո՞ւ չէր բարեփոխում ոլորտը, մի՞թե ժողովուրդն իրենց ընտրել է, որպեսզի լայվերի ընթացքում կենացներ ասեն ու պարգևավճարներ ստանան։
Թե՞ ընդհակառակը: Դեռ պետք է հասկանալ, թե ինչու է մեծամասնությունը մատնանշում այն հանգամանքը, որ իշխանությունը, հանձին ԿԳՄՍ նախարարության, պարզապես պատժում է կրթական համակարգին…
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: