Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ապացույցները քրեադատավարական տեսանկյունից թույլ են տալիս, որ մեղադրանք առաջադրվի Նվեր Ծառուկյանին». «Ժամանակ»

Հունիս 19,2020 13:03

2019 թվականի հունվարի 29-ին Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, ունի վկայի կարգավիճակ: Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը։

Հիշեցնենք, որ 2019-ի հունվարի 29-ին ԱԺ նախկին պատգամավոր Շշի Մելո մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ կրակոցներ էին հնչել։

Հնչած կրակոցների հետևանքով երկու մարդ մահացել էր, իսկ ութը՝ ստացել տարբեր աստիճանի հրազենային վիրավորումներ։

Ռիմա Եգանյանը նաև ասաց, որ այս գործով մեղադրյալ ներգրավվել է 22 անձ, որոնցից 7 անձի վերաբերյալ մասն անջատվել է հիմնական գործից: Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Անջատված մասով մեղադրյալներից 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, 1 անձի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին, 2 անձի նկատմամբ՝ գրավ: Քրեական գործով հարցաքննվել է 100-ից ավելի վկա, իսկ 6 անձ ճանաչվել է որպես տուժող: «Քրեական գործով 15 մեղադրյալի մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Եգանյանը։

Նվեր Ծառուկյանը օրերս այս գործով կրկին կանչվել է հարցաքննության, սակայն չի ներկայացել։ Նրա փաստաբանը նախաքննական մարմնին տեղեկացրել է, որ Նվեր Ծառուկյանը առողջական խնդիրների պատճառով այս պահին չի կարող ներկայանալ:

Գործով տուժողի իրավահաջորդի՝ Ջիվան Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Սյուզաննա Մալխասյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ զավեշտալի է, որ Նվեր Ծառուկյանն առ այսօր այս գործով ունի վկայի կարգավիճակ, քանի որ եղած ապացույցներն առավել քան բավարար են նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար։ Նրա խոսքերով՝ Նվեր Ծառուկյանին պետք է մեղադրանք առաջադրվի միանգամից մի քանի հոդվածներով՝ հանցագործություն կազմակերպել, ղեկավարել և սպանության փորձ։

Փաստաբանը նշեց, որ շատ դժգոհ են մինչ այս իրականացված նախաքննությունից։ Նրա խոսքերով՝ քննությունը մինչ այժմ վարվել է ակնհայտ կողմնակալ, քննիչի կողմից բոլոր փաստերը խճճվել են այնպես, որպեսզի հնարավորինս բացառվի այս գործով որոշ անձանց մասնակցությունը։ «Խոսքը հատկապես Նվեր Ծառուկյանի մասին է։ Գործով կա ձեռք բերված բավականին շատ ապացույցների համակցություն, որոնք որ քրեադատավարական տեսանկյունից թույլ են տալիս, որ մեղադրանք առաջադրվի նրան, բայց մինչև վերջին իրադարձությունները Նվեր Ծառուկյանի մասով որևէ գործողություն չէի իրականացվում։ Անգամ այն բանից հետո, երբ Ջիվան Հարությունյանը նամակով դիմել էր վարչապետին, իսկ վարչապետը գրություն էր ուղարկել դատախազություն, դատախազությունը՝ նախաքննական մարմնին։ Այս ամենից հետո էլ ավագ քննիչ, քննչական խմբի ղեկավար Բադալյանը ամեն կերպ փորձում էր բացառել Նվեր Ծառուկյանի մասնակցությունը։ Նրանից բացի, մենք այլ անձանց մասով ևս միջնորդություններ ենք ներկայացրել, բայց դրանք մերժվել են, քանի որ այդ թիմի կողմնակիցներին էին։ Միայն դեպքերի վերջին զարգացումներից հետո, կարծես թե, Քննչական կոմիտեն էլ է սկսել որոշակի լուրջ գործողություններ ձեռնարկել։ Լուրջ այնքանով, որ իրենց իրավունք են վերապահել, որ Նվեր Ծառուկյանին կանչեն հարցաքննության, բայց չի էլ ներկայացել։ Իսկ մինչ այդ քննիչը իրեն իրավունք չէր վերապահում Նվեր Ծառուկյանին կանչել հարցաքննության»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ գործի փաստերն այնպիսին են, որ կարելի է կանչել նրան ու միանգամից մեղադրանք առաջադրել։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930