Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի փաստաբանն ուղղակի ապատեղեկացնում և մոլորության մեջ է գցում հանրությանը. Գոռ Աբրահամյան

Հունիս 19,2020 12:33

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ ցավալի է, որ մանիպուլյացիան որպես գործիք, շարունակում է անողոքաբար կիրառվել՝ բացառապես իրավական հարթության մեջ գտնվող հարցերի կապակցությամբ՝ դատախազության դեմ որոշակի հանրային տրամադրություններ գեներացնելու նպատակով: Հերթական նման փորձը երեկ կատարեց մեղադրյալ Գ. Ծառուկյանի փաստաբանը՝ ճեպազրույցում հայտարարելով, թե իբր ՀՀ գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողով ներկայացված միջնորդագրերում տեղ է գտել ցուցմունք, որը ստացվել է միջնորդություններն Ազգային ժողովում մուտքագրվելուց հետո:

Փաստաբանը ուղղակի ապատեղեկացնում և մոլորության մեջ է գցում հանրությանը, որովհետև հայտարարության մեջ նշվածը չի համապատասխանության իրականությանը:

2020թ. հունիսի 14-ին ժամը 19:30-ին, սույն քրեական գործով ձերբակալվել է Ռ. Մուրադյանը, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Դրանից անմիջապես հետո, նույն օրը` ժամը 20:00-ից մինչև 22:00-ն, օրենքով սահմանված կարգի համաձայն, վերջինս կասկածյալի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է և նրա հայտնած տեղեկությունները ներառվել են ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԱԺ ներկայացված միջնորդագրերում: Հաջորդ օրը` հունիսի 15-ին, ժամը 17:40-ից մինչև ժամը 19:00-ն Ռ. Մուրադյանը պաշտպանի մասնակցությամբ երկրորդ անգամ է հարցաքննվել կասկածյալի դատավարական կարգավիճակով, որի ընթացքում պնդել է նախկինում տված ցուցմունքը` հայտնելով լրացուցիչ տվյալներ և հստակեցնելով գործով անցնող անձանց դերակատարությունը: Երկրորդ ցուցմունքում Մուրադյանի հայտնած հանգամանքները չեն ներառվել ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրերում, սակայն օրենքով նախատեսված կարգով ներկայացվել են դատարան՝ Գ.Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման միջնորդության քննության ընթացքում:

Նշված պայմաններում փաստաբանը ձեռքի տակ ունենալով վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդությանը կից դատարանին ներկայացված` որպես խափանման միջոց կալանավորման համար հիմնավոր կասկածի ամենաբարձր շեմը հաղթահարելու համար անգամ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, սակայն, իրավաչափորեն չտիրապետելով քրեական գործում առկա մյուս նյութերին` մասնավորապես Ռ.Մուրադյանի 14.06.2020թ. տված ցուցմունքին, տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Նման ապատեղեկատվություն տարածելը դատավարության մասնակիցներին պրիմիտիվ մակարդակի մանիպուլյատիվ գործընթացների մեջ ներքաշելու փորձ է՝ միտված նաև քրեական գործի շուրջ ավելորդ և անհարկի իրարանցում առաջացնելուն, ինչն անընդունելի վարքագիծ է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930