«Իրատեսի» զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, մամուլի խոսնակ ՄԻՔԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ։
-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին 7-րդ գումարման խորհրդարանը զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Ըստ դատախազության՝ Ծառուկյանի նկատմամբ իրավական գործընթաց սկսելու հիմնական պատճառը 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելն է: «Քաղաքացու որոշում» կուսակցությունն ի՞նչ գնահատական է տալիս այս ամբողջ գործընթացին. համաձա՞յն եք ԲՀԿ–ի այն պնդմանը, որ քաղաքական հետապնդում է իրականացվում:
-Իրականացվում է իրավական գործընթաց, որը զերծ չէ քաղաքական նախապատմությունից և մի շարք քաղաքական հարցերից։ Բանն այն է, որ հենց նույն կառավարող ուժը նախորդ տարվա ապրիլ-մայիսին իր թևերը փռել էր Ծառուկյանի վրա ու ընթացք չէր տալիս մեր՝ Ծառուկյանի կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստի առթիվ էթիկայի հանձնաժողով ձևավորելու մասին դիմումին՝ ասելով, թե «ճիշտ չի լինի, որ քաղաքական մեծամասնությունը մեծությամբ երկրորդ ուժի ղեկավարի նկատմամբ այդպիսի գործընթաց սկսի», այդ նույն մեծամասնությունն էր, որ հուշագրեր էր կնքում ԲՀԿ-ի հետ, այդ նույն մեծամասնությունն էր, որ «պաչ-պռոշտի» էր անում ԲՀԿ-ի հետ։ ՈՒ հիմա մարդիկ հարց են տալիս, իսկ ինչու՞ էիք առաջ չտեսնելու տալիս։ Սա է հարցի քաղաքական կոնտեքստը։
–Քաղաքացիները նաև հարց են բարձրացնում՝ իսկ ու՞ր են մյուս գործարարները կամ օլիգարխները, որ նախկինում աջակցել են իշխանություններին, այսօր էլ տաքուկ տեղավորվել են իշխանության գրկում ու շարունակում են բարգավաճը:
Կարդացեք նաև
-Այդ հարցը քաղաքական երկնակամարում այնքան ժամանակ է կախված մնալու, քանի դեռ կառավարող ուժը նույնպիսի ճանապարհով հարստացած բոլոր մարդկանց նկատմամբ միանման վերաբերմունք չի ցուցաբերել։ Եվ հարցն այն է, որ կառավարող ուժը չի կարող բանտ նստեցնել բոլորին, որովհետև խաղի կանոններն այլ են եղել, և այդ մարդիկ, ուզենք թե ոչ, մեր տնտեսության 90 տոկոսի սեփականատերն են։ Դրա համար «Քաղաքացու որոշում» կուսակցությունն առաջարկում էր կիրառել հետևյալ գործիքակազմը. այն գործարարը, որ 5-10 տարում կփոխհատուցի ժողովրդից գողացվածը և դուրս կգա քաղաքականությունից, կազատվի բանտ նստելու տխուր հեռանկարից, ունեցվածքն էլ օրինական սեփականություն կճանաչվի։ Սա հաշտության լավ բանաձև էր, որը թույլ կտար մի կողմից օլիգարխներին առանց աղմուկ-աղաղակի տուն ուղարկել, մյուս կողմից կմեղմեր հանրության բարկությունը, և բոլորը գոհ ու շնորհակալ կլինեին։ Բայց կառավարող ուժը մեր այս առաջարկը նույնպես անտեսեց, և հիմա ինչքան էլ հեքիաթ պատմեն, որ հերթը բոլորին էլ կհասնի, մենք հո լավ գիտենք՝ բոլորին չեն կարող ձերբակալել։ Նույն Ծառուկյանի գործով 17000 մարդ կաշառք է ստացել, ինչը, գիտենք, ևս հանցագործություն է, հիմա ի՞նչ՝ 17000 մարդու դատելու՞ են։
–Ի հակադրություն ԲՀԿ–ի՝ իշխանությունն էլ իր հերթին է երդվում, թե մեկ տոկոսով անգամ իրենց վարկանիշն անկում չի ապրել: Իշխանության ինքնավստահությունը որտեղի՞ց է գալիս:
-Կառավարող ուժը վերջին երկու տարում ընդդիմություն հռչակեց նախկիններին, որ նրանց ֆոնին լավը երևա։ Բայց ես շփվում եմ մարդկանց հետ, դուրս եմ գալիս բակեր ու կարող եմ ասել, որ եթե այսպես շարունակվի, ապա մարդիկ, մի օր պարզապես զզվելով ամեն ինչից, հեղեղի նման սրբելու են ներկաներին էլ, նախկիններին էլ ու զրոյից սկսեն երկիր կառուցել։ Ի վերջո, «նախկին» լինում է ոչ թե մարդը, այլ մտածողությունը։ Հարցրե՛ք մարդուն` եթե ինքը դառնա երկրի ղեկավար, ի՞նչ է անելու, ի՞նչ է փոխելու, և պարզ կդառնա` ձեր առաջ անցյա՞լն է, թե՞ ապագան։ Այսօր «Իմ քայլը» դաշինքի առնվազն կեսը մտածողությամբ «նախկին» է, նայեք այդ մարդկանց, լսեք նրանց մեկը մյուսից աբսուրդային ու ինքնահավան մտքերը և ճշգրտորեն կնշմարեք նոր ժամանակների «նախկիններին»։ Ո՛չ մի տարբերություն չկա, թերևս բացի նրանից, որ այդ անհեթեթություններն ու ցինիկությունները մեկը «ազգի անունից» էր ասում, մյուսը՝ «ժողովրդի» կամ «հեղափոխության»։
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: