Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասնավոր հեռուստաընկերությունների գովազդային մասը կպակասի». Հ1-ը սկսում է գովազդ ցուցադրել. «Ժամանակ»

Հունիս 19,2020 11:34

Հունիսի 15-ից  Հանրային հեռուստաընկերությունը սկսում է գովազդ ցուցադրել։

Ի տարբերություն գովազդի մասնագետների՝ լրագրողական կազմակերպությունները դեռևս անցած տարվա դեկտեմբերին էին արձագանքել Հանրայինին գովազդի իրավունք շնորհելու նախագծին՝ ընդգծելով, որ այդպիսով անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվելու հեռուստադաշտում։

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությանը միացած Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ Հանրային հեռուստաընկերությունը սնվում է բյուջեից, ստանում է ահռելի գումարներ, ու եթե հիմա էլ հնարավորություն է ստանում օգտվելու գովազդի շուկայից, ապա դա ամենամեծ անհավասար պայմաններն է  ստեղծում մասնավոր հեռուստաընկերությունների միջև։

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ առ այսօր որևէ կերպ չի  հիմնավորվել, հաշվարկներ չեն արվել և հանրությանը չի ներկայացվել, թե  այս փոփոխության՝ Հանրայինին գովազդի իրավունք տալու նպատակահարմարությունը որն է: «Մրցակցությունից խոսելուց առաջ պետք է հաշվի առնենք, որ մինչև այժմ պետության կողմից հատկացվող գումարները բավարարել են Հանրայինին։ Բոլորս էլ գիտենք, թե Հանրայինում ինչպիսի բարձր աշխատավարձեր գոյություն ունեն տնօրենի, փոխտնօրենի, խմբագրի համար։

Հիմա էլ հանկարծ որոշում են, որ իրենց պետք է գովազդային շուկայից օգտվելու հնարավորություն ընձեռվի։ Կարծում ենք՝ սա շատ սխալ մոտեցում է, և որևէ կերպ չի հիմնավորվում դրա  անհրաժեշտությունը։ Իսկ եթե անգամ որևէ փաստարկ էլ բերվում է, ապա դա մեզ՝ փորձագետներիս համար հիմնավոր չէ։ Այդ փաստարկները համոզիչ չեն»,- ասաց Մելիքյանը։

Փորձագետի խոսքով՝ բացառված չէ, որ առաջիկայում մասնավոր որոշ հեռուստաընկերություններ կանգնեն փաստի առաջ, քանի որ գովազդային շուկայից ինչ-որ մի մաս գովազդները կգնան Հանրային։ Բայց պետք է հետևել, որ հեռուստաընկերությունը չչարաշահի իրեն հատկացված 5 տոկոս գովազդի շեմը. «Բայց փաստ է, որ մասնավոր հեռուստաընկերությունների գովազդային մասը կպակասի։ Դրանում ոչ մի խոսք չկա»։

Նշենք, սակայն, որ գովազդի իրավունք ստանալուց հետո Հանրային հեռուստաընկերության՝ պետական բյուջեից հատկացումները չեն կրճատվելու։ Օրենքով սահմանված է, որ հեռուստաընկերության ֆինանսավորումը ամեն տարի չի կարող ավելի պակաս լինել, քան նախորդ տարին եղել է։ Այսինքն՝ հաշվի առնելով գովազդի իրավունք ստանալու փաստը, գուցե ֆինանսավորումը չավելանա, բայց չի էլ պակասելու։ «Կարծում եմ՝ Հանրայինի խորհուրդը իր հաշվետվությունների մեջ կներկայացնի, թե ինչի վրա են ծախսում այդ գումարները»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930