Լրահոս
Օրվա լրահոսը

Գործում է 30 տարվա համակարգը

Հունիս 19,2020 10:00

Հայաստանի Երրորդ հանրապետության պատմության մեջ ժամանակ առ ժամանակ գալիս են ժամանակաշրջաններ, երբ ձեւավորվում է ուժեղ եւ անվերահսկելի իշխանություն: Հիմա մենք ապրում ենք հենց այդպիսի ժամանակահատվածում: Այսօր իշխանությունը կարող է ազատազրկել ցանկացած պատգամավորի, ցանկացած գործարարի (դրա համար բավարար իրավական հիմքեր գտնելը դժվար չէ), ընդհանրապես՝ ցանկացած մարդու: Իշխանությունը կարող է արգելել ցանկացած կուսակցություն, փակել ցանկացած լրատվամիջոց, պատասխանատվության կանչել ցանկացած «անհաճո» դատավորի: Կարող է փոխել Սահմանադրությունը, ցրել իր կողմից չվերահսկվող Սահմանադրական դատարանը, եւ բոլոր տեսակի Բուքիքիոների կարծիքը ներկայացնել այնպես, որ Արեւմուտքը դա ողջունում է:

Այո, այսօրվա խորհրդարանը ձեւավորվել է արդար ընտրությունների միջոցով եւ քաղաքացիների մեծամասնության կամքով: Բայց զուտ «տեխնիկապես» «Իմ քայլի» մեծամասնությունը չի տարբերվում ՀՀԿ մեծամասնությունից: Երկու դեպքում էլ գործադիր իշխանությունն ունի բավարար չափով ձայներ՝ ցանկացած որոշում անցկացնելու համար: Ինչպես ցույց տվեց Գագիկ Ծառուկյանի «դեպքը», իշխանությունը «բերման է ենթարկում» իր բոլոր պատգամավորներին, որոնք միաձայն քվեարկում են այնպես, ինչպես որ պետք է: Իհարկե, չեկողների կամ չքվեարկողների վրա «հայհոյանք չի դրվում»՝ դա հենց Ծառուկյանի կուսակցության ոճն է, բայց տարբերությունը ոճային է, ոչ թե բովանդակային: «Կայուն մեծամասնությունը» հնարավորություն ունի գործելու առանց հակակշիռների:

Ինչպես եւ առաջ նման ժամանակահատվածներում, հիմա էլ ընդդիմությունը թույլ է, անմիաբան եւ ոչ հեղինակավոր: ՀՀԿ-ն վարկաբեկված է, մնացած ուժերին իշխանության քարոզչությունը կապում է ՀՀԿ-ի հետ, եւ առայժմ դա հաջողվում է: Ընդդիմությունը, առաջվա պես, կարող է քննադատել եւ չհամաձայնել, բայց չի կարող ազդել իրավիճակի վրա: Քաղաքացիական հասարակությունը նույնպես ազդեցիկ չէ. այն հ/կ-ները, որոնք արդյունավետ պայքար էին մղում նախորդ իշխանությունների դեմ, այժմ ձեւական կամ ոչ ձեւական առումով, ընդգրկված են իշխանական համակարգում:

Ինչպես ցույց է տալիս փորձը, նման իրավիճակը, երբ իշխանությունն ունի անսահմանափակ եւ անվերահսկելի հնարավորություն՝ անելու իր ուզածը, կարող է տեւել մի քանի տարի: Բայց մեր երկրի դեպքում դա չի կարող շարունակվել հավերժ. իշխանությունը, որը հենվում է վերջին 30 տարվա ընթացքում ձեւավորված քաղաքական համակարգի եւ մշակույթի վրա, ի վերջո, ստիպված է լինում հեռանալ: Բանն այն է, որ այդ համակարգը Հայաստանում կենսունակ չէ, եւ միայն առաջին հայացքից է թվում, որ այն ձեռնտու է իշխանություններին: Իրականում համակարգը ձեռնտու չէ ոչ մեկին՝ դա հասկանալու համար անհրաժեշտ են հաշվարկներ, որոնք ընդգրկում են ավելի մեծ ժամանակահատված, քան օրերն ու ամիսներն են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մեզ ընդամենը երկու կուսակցություն է պետք, որոնք հաջորդաբար պետք է իրար փոխարինեն’ մեկը խաղաղության կուսակցությունը պետք է լինի, մյուսը’ պատերազմի, խաղաղ պայմաններում ավելի արդյունավետ է մայրիշխանությունը, իսկ պատերազմի ժամանակ’ հայրիշխանությունը, խաղաղ պամաններում ազգն ու պետությունը վերականգնում են իրենց ուժերը, որոնք նախորդ պատերազմում են ծախսվել ու պատրաստվում հաջորդ պատերազմին, իսկ հայրիշխանությունը լուծում է ավելի ռազմավարական խնդիրներ ոչ միայն պատերազմներում հաղթելու, այլեւ հաղթանակների առավել արդյունավետ օգտագործման ծրագրեր մշակում: Ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930