Պարետատան նիստերին հաջորդող ասուլիսներից մեկում այս շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անկեղծացավ. «Այս բոլոր աղմուկ-աղաղակի մեջ գալիս, կուլմինացիա են դառնում երկու գործոն՝ դիմակ, որը դառնում է դոմինանտ գործոն և երկրորդը՝ սոցիալական հեռավորություն: Սա է մեր ամենամեծ պրոբլեմը: Ես այդ նկարները, որ տեսնում եմ, ինչպես են մարդիկ այդպես հավաքված, ինձ հարց եմ տալիս՝ լավ, ի՞նչն եմ սխալ արել, որ այս մարդիկ իրենք իրենց դատապարտում են մահվան: Այսօրվա թիվը ցույց է տալիս, որ 15 հոգի հավաքված են, որ մեկը ասիմպտոմ լինի 15 հոգի նարդու սեղանի շուրջ հավաքվածները, մանավանդ, որ այդ ժողովուրդը 55-ից ավելի տարիքի են, իրենք իրենց դատապարտում են մահվան: Անընդհատ ինձ հարց եմ տալիս, ի՞նչն եմ սխալ արել, որ այդ մարդիկ այդպես են անում»:
Ապշելու հարց է: Վարչապետը խոստովանում է, որ ինքը բացարձակապես մամուլ չի կարդում, ինքն իրենից բացի ոչ մեկին չի լսում, տեղ-տեղ ինքն իրեն էլ չի լսում: Ու եթե անկեղծ է հարցնում՝ ի՞նչ սխալ եմ արել, ստիպված եմ կրկնել.
1. Որևէ անծանոթ, բայց մեծամասշտաբ խնդրին չափազանց կարևոր է առաջին արձագանքը, մարդիկ, որ ոչինչ չգիտեն, առաջին արձագանքով են վարքագիծ որոշարկում, սա հոգեբանական է: Ո՞րն էր կորոնավիրուսին առաջին պաշտոնական արձագանքը Հայաստանում, որո՞նք էին ձեռնարկված առաջին քայլերը: Անլուրջ, անհետևողական, կիսատ-պռատ: Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսին՝ ինչպես աշխարհի բոլոր երկրները, բայց ոչ մի երկրի իշխանություն խոսքը չէր հարմարեցնում ռեսուրսներին:
Երբ դիմակ չկար Ֆրանսիայում, Մակրոնը դիմակների գույքագրում և վերաբաշխում հայտարարեց ու առաջինը հատկացրեց բուժաշխատողներին, դիմակների արտադրության անցան կուտյուրեները, գնումներ կատարվեցին՝ որտեղից հնարավոր էր, ֆրանսիացի ոչ մի պաշտոնյա չասաց, որ դիմակ կրելը կարևոր չէ, պարտադիր չէ, օգտակար չէ: Համեմատեք Արսեն Թորոսյանի հայտարարությունների հետ: ԱՀԿ-ն իրարամերժ, հակասական ու ոչ համարժեք հրահանգներ էր ուղարկում բոլոր երկրներին, ամեն երկիր ինքն էր որոշում՝ կատարի՞, թե՞ չկատարի:
Կարդացեք նաև
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին երբ լրագրողները մայիսին հարցնում էին՝ ինչո՞ւ դիմակ չեք կրում, պատասխանում էր՝ առողջապահության նախարարն ասել է, որ պարտադիր չէ: Երբվանի՞ց դիմակ սկսեցին կրել նախարարներն ու պատգամավորները: Եվ ինչու՞ պիտի հպարտ հայերն առողջապահական հարցերում վստահեն ու հավատան պաշտոնյաներին, որ բժշկության հետ կապ չունեն: Բժիշկներին կառավարությունում նույնիսկ առողջապահության նախարարը չէր լսում ու չի լսում: Աշխարհում կորոնավիրուսից 1 միլիոն բնակչից միջինը մեռնում է 56,1 մարդ, Հայաստանում՝ 96։ Սա է Ձեր մեղքը:
2. Կորոնավիրուսին պատրաստ չէր ոչ մի երկիր, առողջապահական համակարգերը՝ նույնպես: Դեռ կորոնավիրուսը չհաղթահարած՝ շատ երկրներում սկսվել են դատական հայցեր իշխանությունների դեմ: Երկրները տարբեր մարտավարություններ ընտրեցին, ոչ ոք չգիտի՝ ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալվեց, բայց հաջողության հասած բոլոր երկրներում որոշումներն ընդունում են համաճարակաբանների, բժիշկների ու պաշտոնյաների ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ: Եվ այդ որոշումները զուտ քաղաքական չեն: Բոլոր պետությունների ղեկավարները նույն խնդիրն ունեն՝ հայտարարել կարանտին, նվազեցնել համավարակի տարածումը, փրկել մարդկանց ու զոհել տնտեսությու՞նը, թե՞ հանուն տնտեսության՝ վտանգել մարդկանց կյանքը: Գերազանցապես ընտրում են առաջինը: Հայաստանը գնաց իր ճանապարհով՝ կանգնեցրեց տնտեսությունը, բայց լոկդաունի ժամանակ կարանտինը չգործեց, ու դա է Ձեր մեղքը:
3. Երբ ճգնաժամային իրավիճակներում կառավարումը խաթարվում է, ոչ թե սպասում են՝ ճգնաժամն ավարտվի, հետո կառավարիչներին փոխեն, այլ փոխում են կառավարիչներին՝ ճգնաժամը կառավարելու համար: Սա պահանջում է քաղաքական ռիսկ, Դուք այդ ռիսկին չգնացիք, ու դա է Ձեր մեղքը:
Ամբողջ աշխարհը թեստավորումն օգտագործում է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, Հայաստանը՝ վարակվածների առողջացումը պարզելու: Հետևանքը՝ բացահայտված 20000-ին հասնող վարակակիրներ, և չբացահայտված քառակին, հնգակին, որ իրենք էլ չգիտեն հիվանդ են՝ վարակում են ու վարակվում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում