Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լավրովն ու Շոյգուն անսպասելիորեն չեղարկեցին իրենց այցը Թուրքիա

Հունիս 19,2020 12:00

Սկիզբը՝ այստեղ

Անկարան չի բացառել միանալու հակառուսական ծրագրին, եթե ՆԱՏՕ-ն կատարի թուրքական կողմի պայմանը

Ղարաբաղյան պատերազմի մեկնարկից Հայաստանը շրջափակման մեջ պահող Թուրքիայի՝ Հայաստանի եւ Հունաստանի վրա հարձակումների վերաբերյալ ռազմական պլանների հերթական բացահայտման փաստը ուղեկցվեց թուրք-հունական լարումով:

Էգեյան ծովում ու Միջերկրական ծովի արեւելքում Անկարայի ապօրինի գործողությունների պատճառով վերջին օրերին շարունակվում են լարված մնալ հարաբերությունները Թուրքիայի ու Հունաստանի միջեւ։

Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Կոնստանտինոս Ֆլորոսն աղմկահարույց հայտարարություն արեց Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հնարավոր բախման վերաբերյալ, որը կրքեր բորբոքեց թուրքական մամուլում։ Ըստ ermenihaber-ի՝ թուրքական «Star.com.tr»-ը տեղեկացրել է, որ գեներալ Ֆլորոսը հունական հեռուստատեսության եթերում սպառնացել է՝ ասելով. «Հույն զինվորները կտրելու են թուրքերի ճանապարհը»։

Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Հունաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նշյալ հայտարարությունը կապված է արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից նավթի հորատման աշխատանքներ իրականացնելու հետ։ Մեկ այլ աղբյուր հայտնում էր, թե Հունաստանը չի կարողանում մարսել Թուրքիայի հորատիչ գործողությունները։

Նշենք, որ ավելի վաղ Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ակնարկելով Թուրքիայի անօրինական ու միակողմանի գործունեությունը Կիպրոսի ափամերձ գոտում, ինչպես նաեւ Հունաստանի ծովային սահմանների մոտ, հայտնել էր, որ իրենք պատրաստ են ոչնչացնել իրենց արհամարհողներին՝ պատասխանելով Թուրքիայի ագրեսիվ գործողություններին: Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսի խոսքով՝ հանուն իրենց ինքնիշխան իրավունքների պաշտպանության՝ հույները ամեն ինչի պատրաստ են, այդ թվում՝ ռազմական գործողությունների Անկարայի դեմ։

Օրերս Արտաքին սահմանների պահպանության եվրոպական գործակալությունը՝ Frontex-ն անգամ նախազգուշացրեց Թուրքիայի եւ Հունաստանի սահմանին էսկալացիայի վտանգի մասին: Թուրքիայի եւ Հունաստանի սահմանին իրավիճակը, փախստականների եւ միգրանտների մեծ հոսքի պատճառով, կարող է կտրուկ վատթարանալ, հայտարարեց Frontex-ի ղեկավար Ֆաբրիս Լեգերին։ Նա հավելել էր, որ եթե Անկարան «այնպիսի իրավիճակ ստեղծի, ինչպես մարտին», Frontex-ը զգալիորեն կավելացնի իր անձնակազմի թիվը Հունաստանում։

Հիշեցնենք, որ մարտ ամսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, թե Անկարան այլեւս չի խոչընդոտելու թուրքական տարածքում գտնվող փախստականների տեղաշարժին դեպի ԵՄ երկրներ՝ բացելով սահմանները միգրանտների համար։ Լեգերիի խոսքով՝ «ճգնաժամային իրավիճակում» գործակալությունը կարող է Հունաստան տեղափոխել 1.500 աշխատակցի։ Այժմ Թուրքիայի հետ սահմանին, Էգեյան ծովում եւ կղզիներում Frontex-ի շուրջ 600 աշխատակից կա։ «Վերջին մի քանի ամիսներին թուրք սահմանապահներն Էվրոսում առնվազն հինգ անգամ կրակ են բացել միգրանտների ուղղությամբ։ Ոչ ոք չի տուժել»,- նշել էր Frontex-ի ղեկավարը։

Թուրք-հունական լարվածության ֆոնին ուշագրավ շարժեր նկատվեցին ռուս-թուրքական հարաբերություններում: Անցյալ կիրակի՝ հունիսի 14-ին, ռուս-թուրքական բանակցություններ պետք է կայանային: Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Լավրովն ու Շոյգուն կիրակի կմեկնեն Թուրքիա՝ տարածաշրջանային խնդիրների շուրջ բանակցությունների համար։ Սակայն անսպասելիորեն տեղեկատվություն ստացվեց, որ այդ այցը չի կայանա, եւ երկու երկրների ԱԳ եւ պաշտպանության նախարարների հանդիպման ամսաթիվը հավելյալ կհամաձայնեցվի։

ՌԴ ԱԳՆ-ից հիշեցրել էին, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանձնարարականով երկու երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարություններն ակտիվորեն աշխատում են Լիբիայում իրավիճակի կարգավորմանն աջակցելու շուրջ։ Նախարարությունից հայտնել էին, որ փորձագետները գործում են ի շահ հրադադարի համաձայնեցման կարճ ժամանակ անց, ինչպես նաեւ ի նպաստ քաղաքական եւ տնտեսական ուղղություններով ներլիբիական բանակցային գործընթացի հարթեցման ՄԱԿ-ի հովանու ներքո՝ համաձայն սույն թվականի հունվարի 19-ի Բեռլինի միջազգային համաժողովին կայացված որոշումների եւ ՄԱԿ-ի ԱԽ 2510 բանաձեւի։

Հունիսի 14-ին հեռախոսազրույց էր կայացել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջեւ, որի ժամանակ ՌԴ արտգործնախարարը տեղեկացրել էր, որ իր եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության այցը Թուրքիա հետաձգվել է: «Անադոլու» գործակալությունը` հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության մամուլի ծառայությանը, հայտնել էր. «ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ մեր նախարարի հեռախոսազրույցի ժամանակ որոշվել է, որ կշարունակվեն շփումներն ու բանակցությունները երկու երկրների փոխնախարարների միջեւ»:

Աշխարհաքաղաքական, տարածաշրջանային հետաքրքրության հարցերում տարաձայնություններից բացի, ռուս-թուրքական հարաբերություններում էներգետիկ հարցերում որոշ տեղեկություններ ի հայտ եկան: Օրերս հայտնի դարձավ, որ թուրքական ընկերությունները հրաժարվել են վճարել «Գազպրոմ»-ին: 2019-ի արդյունքներով՝ «Գազպրոմ»-ին թուրքական ներմուծողների պարտքը կազմել է 2 միլիարդ դոլար՝ հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Այս ընկերությունները հրաժարվում են մարել իրենց պարտքերը:

Խոսքը թուրքական յոթ ընկերությունների մասին է, որոնք հրաժարվում են վճարել take-or-pay տեսակի վճարման պայմանագրերով պարտավորությունները: Անցյալ տարի նրանք ընտրել են համաձայնեցված ծավալի միայն 15 տոկոսը, եւ այժմ վճարելու միջոցներ չունեն: 2019-ին «Գազպրոմ»-ի առաքումները Թուրքիա տարեկան կտրվածքով նվազել է 35% -ով: Դրա պատճառը արտասովոր տաք ձմեռն էր, ինչպես նաեւ Ադրբեջանից եւ այլ երկրներից գազամատակարարումների ավելացումը։

Թուրքիայի EPDK էներգետիկ կարգավորիչի տվյալների համաձայն՝ չնայած Ռուսաստանը մնացել է գազի խոշոր մատակարարը, գազային ներմուծման նրա մասնաբաժինը կրճատվել է 33,61%-ով 2018-ին: Այս տարի «Գազպրոմը» զրկվել է թուրքական շուկայում առաջատարի դիրքից՝ զբաղեցնելով 5-րդ տեղը՝ զիջելով Ադրբեջանին, Կատարին, Իրանին եւ Ալժիրին:

Մյուս կողմից էլ Թուրքիան, չի բացառվում, որ միանա հակառուսական ծրագրին, եթե ՆԱՏՕ-ն կատարի իր պայմանը: Թուրքիան մտադիր չէ իր աջակցությունը ցուցաբերել Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրների (Բալթիկա, Լեհաստան) պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի նոր ծրագրին, որի նպատակն է մեծացնել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը նշյալ երկրներում։ Որոշ մասնագետների կարծիքով՝ այդ ծրագիրն առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ։

Թուրքական իշխանությունները խոչընդոտում են ՆԱՏՕ-ում Արեւելյան Եվրոպայի երկրների, մասնավորապես՝ բալթյան երկրների եւ Լեհաստանի համար պաշտպանության նոր պլանի իրագործմանը, որը հռչակվել էր որպես Ռուսաստանի «զսպման» հարցով դաշինքի հիմնական տարր: Այս մասին երկուշաբթի հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրները:

Ծրագիրը հաստատելու դիմաց Անկարան իր շահերին ավելի լայն աջակցություն է պահանջում տարածաշրջանում: Թուրքիան, օրինակ, ցանկանում է, որպեսզի դաշինքի մյուս անդամները՝ «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցությունը եւ քրդական Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները ներառեն ահաբեկչական կազմակերպությունների շարքում: ՆԱՏՕ-ի որոշ գործընկերներ հրաժարվում են դա անել:

Դաշինքի ծրագիրը մանրամասն սահմանում է, թե դաշինքի անդամներին ինչ աջակցություն կարող է ցուցաբերվել հարձակման կամ անվտանգության իրավիճակի սրման դեպքում, մասնավորապես, այն հատուկ ժամանակ է սահմանում հնարավոր սպառնալիքի մասին ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին նախազգուշացնելու համար, հիշեցնում է գործակալությունը: DPA-ի փոխանցմամբ՝ անցյալ տարվա դեկտեմբերին Լոնդոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին պլանների կատարման համար խոչընդոտներ չկային:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 18.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930