Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական դատարանի նիստը նշանակվել է 2021թ. հոկտեմբերի 14-ին

Հունիս 19,2020 13:00

ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի դեմ դատական հայցապահանջներն աճել են:

Պարզ դիտարկումները խոսում են այն մասին, որ ճանապարհային ոստիկանության դեմ հայցերից հետո պայմանական երկրորդ տեղում է հայտնվել ՀՀ կառավարությունը: ՀՀ նախագահի անունը ՀՀ վարչապետի դեմ դատերում հայտնվում է այն դեպքում, երբ վիճարկվում է դատավորի, դատախազի ազատման հարց, եւ կամ՝ այն կապված է ազատազրկման վայրում գտնվողին ներում շնորհելու հետ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները եւ ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների եւ ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որեւէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Երկու օր առաջ ՀՀ վարչական դատարանը վարույթ ընդունեց Վահագն Վերմիշյանի հայցադիմումը: Նախ, նրա անունից Մուշեղ Առաքելյանն ապրիլի 29-ին փոստային առաքման եղանակով հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարության՝ 2020թ. փետրվարի 27-ի Վահագն Վերմիշյանին` քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին թիվ 211-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Դատարանը վերադարձրել էր հայցադիմումը, քանի որ հայցադիմումը ստորագրել էր ստորագրելու լիազորություն չունեցող անձը: Ի վերջո, անհրաժեշտ ուղղումն անելուց հետո դատարանը վարույթ ընդունեց եւ օգոստոսի 6-ին էլ նշանակեց անդրանիկ դատական նիստը: Դատավորն է Արթուր Ավագյանը:

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը 2018 թվականի հուլիսի 2-ին դիմել էր Հանրապետության նախագահին՝ խնդրելով քննարկել ՀՀ նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՆՀ-264-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու հարցը: 2018 թվականի հուլիսի 3-ին վերոհիշյալ դիմումի կապակցությամբ կարծիք ստանալու նպատակով Հանրապետության նախագահի աշխատակազմը գրությամբ դիմել էր արդարադատության նախարարին եւ գլխավոր դատախազին: 2018 թվականի օգոստոսի 2-ին Ա.Դանիելյանին էր ուղարկվել արդարադատության նախարարությունից եւ գլխավոր դատախազությունից ստացված կարծիքները, իսկ օգոստոսի 7-ին ի լրումն նախորդ գրությանը ուղարկվել էր Հանրապետության նախագահի աշխատակազմի պատասխան գրությունը:

2018 թվականի օգոստոսի 13-ին Ա. Դանիելյանը դիմել է Հանրապետության նախագահի աշխատակազմ՝ իր անձնական գործը եւ հրամանագիրն ստանալու խնդրանքով: Հաջորդ իսկ օրը նրան տեղեկացվել է, որ անձնական գործը 2014 թվականի ապրիլի 3-ին հանձնվել է Գլխավոր դատախազություն, իսկ հրամանագիրն իր հիմքերով փոխանցվել է Հայաստանի ազգային արխիվ: 2018 թվականի օգոստոսի 16-ին գլխավոր դատախազի նախկին տեղակալը կրկին դիմել է Հանրապետության նախագահի աշխատակազմ՝ խնդրելով Հայաստանի ազգային արխիվից ստանալ Հրամանագրի պատճենը: 2018 թվականի օգոստոսի 16-ին Հանրապետության նախագահի աշխատակազմը դիմել է Հայաստանի ազգային արխիվի տնօրենին՝ խնդրելով տրամադրել հրամանագրի պատճենը՝ հայցվորին փոխանցելու նպատակով: Օգոստոսի 20-ին Հայաստանի ազգային արխիվից ստացվել է հրամանագրի եւ գլխավոր դատախազի առաջարկության պատճենները: Հայցվորը դիմել է վարչական դատարան, որը մերժել էր նրան, պատճառաբանելով, որ նրա կողմից բաց են թողնվել իրավունքի պաշտպանության ապահովմանն ուղղված օրենսդրությամբ նախատեսված ողջամիտ ժամկետները, եւ որ բաց թողնման համար բացակայում են փաստական եւ իրավական հիմնավորումները: Վերաքննիչ վարչական դատարանը օրեր հետո` հունիսի 24-ին կհրապարակի որոշումը:

Նուշիկ Ստեփանյանը նույնպես դատի է տվել ՀՀ կառավարությանը: Նրա խախտված իրավունքները վերականգնելու եւ համապատասխանաբար պետության կարիքների համար վերացված եւ քանդված Երեւանի Լալայանց փողոցի 34, 34/3 նախկին հասցեի 125,0 քմ մակերեսով բնակելի տան դիմաց լրացուցիչ 79.966 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ եւ 490.76 քմ մակերեսով հողակտորի դիմաց  եւ  531.493  եվրոյին համարժեք ՀՀ դրամ` ՄԻԵԴ վճռով ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին պատկանող Բուզանդի փողոցի վրա գտնվող հողի 1 քառ. մետրը գնահատվել է 1083 եվրոյին համարժեք դրամ, հայցվորին պատշաճ փոխհատուցում տալուն պարտավորեցնելու պահանջի մասին է: Դատարանը, ուսումնասիրելով սույն վարչական գործի նյութերը, անհրաժեշտ էր համարել ներգրավել ՀՀ ֆինանսների նախարարությանը որպես երրորդ անձ:

ՀՀ ԱՆ Ներքին աուդիտի բաժնի պատասխանատուներից` Արտակ Թորոսյանը հունվարի 22-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության եւ ՀՀ վարչապետի՝ խնդրելով վերացնել ՀՀ վարչապետի 04.12.2019թ. թիվ 1803-Լ եւ 1804-Ա միջամտող վարչական ակտերը եւ, որպես հետեւանք, դրանք ճանաչել անվավեր, ինչպես նաեւ ճանաչել ՀՀ կառավարության 13.02.2014թ. թիվ 176-Ն որոշմամբ հաստատված 1-ին մասի 2-րդ կետի եւ համապատասխանաբար թիվ 2 հավելվածի առ ոչինչ կամ ոչ իրավաչափ լինելը: Դատարանը ՀՀ վարչապետի 04.12.2019թ. թիվ 1803-Լ եւ 1804-Ա որոշումների ուսումնասիրության արդյունքում արձանագրել է, որ 04.12.2019թ. թիվ 1803-Լ որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ վարչապետի 11.06.2018թ. թիվ 704-Լ որոշման մեջ եւ այդ փոփոխությամբ դադարեցվել է ՀՀ արդարադատության նախարարության ներքին աուդիտի բաժնի գործունեությունը, իսկ 04.12.2019թ. թիվ 1804-Ա որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ վարչապետի 11.06.2018թ. թիվ 706-Ա որոշման մեջ եւ ՀՀ արդարադատության նախարարությունում հաստիքների առավելագույն թիվը սահմանվել է 300՝ նախկին 303-ի փոխարեն:

Ըստ դատարանի` «Վիճարկվող որոշումները չունեն վարչական ակտ որակվելու համար օրենքով նախատեսված անհրաժեշտ հատկանիշների համակցությունը. մասնավորապես, այդ որոշումները որեւէ կոնկրետ անձի, այդ թվում՝ հայցվորի համար, իրավունք կամ պարտականություն չեն սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում: Այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետի 04.12.2019թ. թիվ 1803-Լ որոշմամբ դադարեցվել է ՀՀ արդարադատության նախարարության ներքին աուդիտի բաժնի գործունեությունը, հիմք չի տալիս եզրահանգելու, որ այդ իրավական ակտն անմիջական իրավական հետեւանքներ է առաջացրել հայցվորի համար»: Դատարանն անդրադարձել է նաեւ թիվ 1804-Ա որոշմանը, ըստ նրա եզրահանգման. «Այդ որոշմամբ նույնիսկ պարզ չէ, թե նախկինում գոյություն ունեցած առավելագույն 303 հաստիքի փոխարեն 300 առավելագույն թվով հաստիքի սահմանման արդյունքում ինչ հաստիք է կրճատվել, արդյո՞ք դա հայցվորի զբաղեցրած գլխավոր աուդիտորի հաստիքն է»: Դատարանն արձանագրում է, որ հայցվորի համար անմիջական իրավական հետեւանքներ կարող է առաջացնել եւ դատական վերահսկողության օբյեկտ կարող է դառնալ հայցվորին իր զբաղեցրած հաստիքի վերացման հիմքով աշխատանքից ազատելու վերաբերյալ անհատական իրավական ակտը, որի դեմ էլ հայցվորը պետք է իրականացնի իր իրավունքների դատական պաշտպանությունը:

Տիգրան Ալոյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության է, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության: Այն Տիգրանի` Մանչեստրի համալսարանում ուսումնառության ժամկետով ուսանելու, նրան պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու մասին ՀՀ կառավարության որոշումը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին է: Այս  գործով նախնական դատական նիստը նշանակվել է հուլիսի 7-ին:

Արտյոմ Անտինյանի ներկայացուցիչ Արթուր Սուքիասյանը 03.12.2019թ. դիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 08.04.2010 թվականի 393-Ն որոշմամբ սահմանված՝ «Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգ»-ի 3-րդ կետի վերջին պարբերությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Դատարանում է նաեւ ՀՀ նախագահի 31.03.2018 թվականի թիվ ՆՀ-201-Ա հրամանագրի 1-ին կետի 5-րդ ենթակետն անվավեր ճանաչելու պահանջով հայցադիմումը: Խոսքը Հ.Ս.-ին ներում շնորհելու եւ նրա պատժի չկրած մասը չորս ու կես տարով կրճատվելու մասին է: Հայցվորը` տուժողը նշել է, որ Հ. Ս.-ի՝ ազատության մեջ գտնվելը իրական սպառնալիք է ստեղծում իր կյանքին:

Ըստ դատարանի` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաեւ պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են:

Դատարանն արձանագրում է, որ հանցանքի համար սահմանվող պետական հարկադրանքի միջոցը՝ պատիժը, հետապնդում է այլ նպատակ, քան անձի խախտված իրավունքի դատական կարգով վերականգնումն է: Քրեական պատասխանատվության նպատակն առավելապես կրում է հանրային բնույթ, հանցանք կատարած անձը պատասխանատվություն է կրում հասարակության, այլ ոչ թե մասնավոր անձի առջեւ, քրեական պատասխանատվությունն առնչվում է ոչ այնքան մասնավոր, որքան հանրային շահերին:

Դատարանը վկայակոչել էր ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 17-րդ կետը` ներում շնորհելը ՀՀ նախագահի բացառիկ իրավասությունն է:

Ներում շնորհելու գործընթացը կարգավորվում է ՀՀ նախագահի 2003թ. նոյեմբերի 19-ի՝ «Ներման խնդրագրերի կարգը հաստատելու մասին» հրամանագրով:

Հայցվորի հասցեին սպառնալիք հնչեցնելու վերաբերյալ փաստարկների հետ կապված դատարանը արձանագրել է, որ նշված հանգամանքը բավարար չէ հայցվորի իրավական շահի առկայությունը հաստատված համարելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930