Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ էր սրտակեր Ֆերենց Լիստի միակ սերը

Հունիս 19,2020 12:30

Եվ ինչու սիրած կինը կոմպոզիտորին ուղարկեց ճգնելու

Ըստ ժամանակակիցների  վկայությունների, հանրահայտ հունգարացի կոմպոզիտոր եւ դաշնակահար Ֆերենց Լիստը  վիրտուոզ էր ոչ միայն երաժշտության ոլորտում, այլեւ կանանց գայթակղելու գործում:

kulturologia.ru-ն հիշեցնում է, որ կոմպոզիտորին են վերագրվում ֆրանսիացի կոմսուհի Մարի դը Ագուի, իսպանացի սկանդալային պարուհի Լոլա Մոնտեսի, կուրտիզանուհի Մարի Դյուպլեսի, իտալացի արքայադուստր Քրիստին Բելջիոզիոյի, պրուսական բարոնուհի Օլգա ֆոն Մեյենդորֆի եւ այլ կանանց հետ ունեցած սիրավեպերը:

Նույն աղբյուրի հավաստմամբ, բավականին երկար է ձգվել Լիստի եւ իշխանուհի Կարոլինա Սայն-Վիտգենշտեյնի սիրավեպը:

Ասում են՝  Կարոլինան նրա վերջին սերն է եղել, հենց նա էլ կոմպոզիտորին մղել է մենաստանում առանձնանալու որոշում ընդունել:

Կարոլինայի մայրը սերում էր լեհական արիստոկրատական տոհմից, հայրը խոշոր հողատարածքների էր տիրապետում Կիեւում: Տասնյոթ տարեկանում ծնողները Կարոլինային ամուսնացրել էին ռուսական կայսրության ֆելդմարշալ, իշխան Նիկոլայ Վիտգենշտեյնի հետ: Նրանց ամուսնության հիմքում չոր հաշվարկն էր՝ ֆելդմարշալը հարուստ օժիտի ակնկալիք ուներ, իսկ Կարոլինան՝ ազնվական տիտղոսի:

Կարոլինան Ֆերենց Լիստի մասին լսել էր մինչ ամուսնությունը ու հեռակա սիրահարված էր նրան: Երբ 1847թ. Լիստը հյուրախաղերով գալիս է Կիեւ, իշխանուհին մասնակցում է նրա բարեգործական համերգին, որի հասույթն ուղղվելու էր որբ երեխաների աջակցությանը եւ մեծ գումար է նվիրաբերում, ինչը չի վրիպում Լիստի ուշադրությունից: Նա շտապում է իր երախտագիտությունը հայտնել արիստոկրատուհուն: Նրանց ծանոթությունը վերաճում է մեծ սիրո: Արդեն Օդեսա մեկնելու ճանապարհին Լիստը տիկնոջը նամակ է գրում, որ սիրահարված է նրան Ռոմեոյի նման, ցանկանում է Կարոլինայի կյանքը գունեղ եւ երջանիկ դարձնել, հավերժ նրանը լինել: Այս նամակը ստանալուն պես Կարոլինան իսկույն Օդեսա է մեկնում: Քանի որ Նիկոլայ Առաջին կայսրը տանել չէր կարողանում, երբ բաժանություններ էին գրանցվում, համարում էր, որ դրանք խփում են կայսրության վարկանիշին, Կարոլինան արագ վաճառում է իր ունեցվածքը ու թաքուն դստերը վերցնելով՝ փախչում  Վայմար՝ Լիստի մոտ: Ու քանի որ նա չի կատարում կայսեր հրամանը՝ դստերը վերադարձնել հորը, զրկվում է նաեւ ազնվականի տիտղոսից:
Կարոլինան Լիստի հետ տեղավորվում է Ալտեմբուրգ ամրոցում եւ նրանք  երջանիկ ու խաղաղ կյանքով են ապրում: Նիկոլայ Երկրորդը, ի տարբերություն Նիկոլայ Առաջինի, Կարոլինային թույլատրեց  բաժանվել ամուսնուց, ինչի համար Կարոլինան, որը կաթոլիկ էր, մեկնեց Վատիկան, հաստատում ստանալու: Իհարկե, դա նրան չհաջողվեց, ինչը նախկին իշխանուհին համարեց Աստծո կամքը: Պ.  Մինելլին գրում է, որ Կարոլինան որոշեց իր կյանքի մնացած մասը նվիրել եկեղեցուն, քանի որ չէր ստացվել երկրային կյանքը, նույնիսկ Լիստին համոզեց ճգնել եկեղեցում եւ միայն հոգեւոր երաժշտություն  գրել:

1865-ին Ֆերենց Լիստը հոգեւորական դարձավ, բայց իր վերջին սերն այդպես էլ չմոռացավ: Իր կտակում Ֆերենց Լիստը գրել է. «Այն, ինչի հասել եմ իմ կյանքի վերջին տասներկու տարիներին, մի կնոջ շնորհիվ էր, որը կարող էր դառնալ իմ օրինական կինը, եթե չխանգարեին չարությունը եւ առանձին մարդկանց ճղճիմ ինտրիգները: Իմ սիրելի կնոջ անունն է իշխանուհի Կարոլինա Վիտգենշտեյն Իվանովսկայա: Ես միշտ նրա անունը սրտի թրփիռով եմ արտասանում: Նա է իմ բոլոր ուրախությունների աղբյուրը եւ տառապանքներիս մխիթարիչը: Ես նրան պարտական եմ այն հոգեւոր ու բարոյական արժեքների համար, որոնք կրում եմ իմ մեջ, պարտական եմ նաեւ իմ նյութական կարողության համար: Նա իր ուսերին կրել է իմ կյանքում ինձ բաժին հասած ողջ ծանրությունը, եւ դա է համարել իր իրական հարստությունն ու կյանքում ունեցած միակ ճոխությունը»:

Պատրաստեց

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930