Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է «դատարանի բարեկամի» (amicus curiae) կարծիքը՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:
Ինչպես ասվում է Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրությունում, կարծիքը տրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ 2019թ. օգոստոսի 2-ի նամակի հիման վրա:
Ի պատասխան հինգ հարցերի, որոնք վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածին, որն էլ նախատեսում է պատիժ՝ սահմանադրական կարգի տապալման համար, Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ անդամ պետություններից ստացված նյութերն այս հարցի վերաբերյալ զգալի տարբերվում են, ուստի կարծիքում տեղ գտած եզրակացությունները նախնական են:
Սահմանադրությունները և օրենսդրությունը տարբեր պետություններում տարբերվում են իրարից՝ կախված այն հանգամանքից, թե ինչպես են դիտարկվում սահմանադրական կարգի դեմ հանցագործությունները: Անդամ պետությունները, որոնցում տեղ են գտել նման իրավախախտումներ և հիշատակվում են սահմանադրությունում, սովորաբար նախատեսում են սահմանադրական հարկադիր և անօրինական փոփոխություններ՝ որպես տվյալ հանցագործության տարր և ամբողջությամբ հիմնվում են սահմանադրության վրա: Մյուսներն էլ բացահայտորեն հիմնվում են սահմանադրական կարգը հարգելու պարտավորության վրա՝ առանց սահմանելու այն: Այնուամենայնիվ չկան օրենքով սահմանված դրույթներ, որոնք հստակ հղում են պարունակում սահմանադրության հատուկ հոդվածներին:
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, քրեական օրենսգրքերի/օրենսդրության դրույթների մեծ մասը հիմնվում է սահմանադրության վրա՝ վկայակոչելով սահմանադրական սկզբունքները, ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարությունը և ընտրությունները, կամ դիմում է սահմանադրական ինստիտուտներին, ինչպիսին է խորհրդարանը:
Հետևաբար, թվում է, որ հստակ հղում չկա սահմանադրություններում՝ «սահմանադրական կարգի տապալմանը» վերաբերող հանցագործությունների մասին, բայց կարելի է եզրակացնել, որ կան ոչ ուղղակի հղումներ:
Սահմանադրական կարգի, սահմանադրական կարգի տապալման, իշխանության յուրացման կոնցեպտների նախադեպային իրավունքի պակաս կա, ինչն էլ վկայում է այն մասին, որ օրենքով սահմանված դրույթների մեծ մասը, որոնք կարգավորում են այդ կոնցեպտները, մինչ օրս չեն կիրառվել: Սա իր հերթին ցույց է տալիս, որ չկա ավելի լավ փորձ, քան այն փաստական հանգամանքները, որոնց պարագայում անդամ պետություններում կքննվեն նման հանցագործությունները, մասնավորապես պետական դավաճանությունը: Ինչ վերաբերում է քրեական օրենքների հետադարձ ուժի արգելմանը և օրենքներում հանցավոր գործողությունների հստակ, ճշգրիտ բնութագրումներ տրամադրելու պահանջին, սահմանադրական կարգի և սահմանադրական կարգի տապալման կոնցեպտների անճշտությունների վերաբերյալ քննադատությունները հնարավոր է մեղմի այն գիտակցումը, որ Վենետիկի հանձնաժողովի անդամ պետությունների միջև կարծես թե առկա է կոնվերգենցիա ՝ այդ հասկացությունները անորոշ, ոչ հստակ թողնելու մասով:
Հետևաբար, ոչ մի եզրակացություն չի կարելի անել այն մասով, թե որն է լավագույն փորձը իրավական որոշակիության տեսանկյունից: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այս սկզբունքը և համաչափության սկզբունքը, ողջամիտ է ակնկալել, որ որքան լայն է ձևակերպված կանոնադրական դրույթը, այնքան ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել մեղադրյալի անհատական ազատություններին և հիմնական իրավունքներին: Նման դրույթը պետք է նեղ մեկնաբանել՝ հաշվի առնելով dubio pro reo սկզբունքը:
Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս հարկ եղած դեպքում աջակցել ՀՀ Սահմանադրական դատարանին այս հարցով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ