«Չեմ մեկնաբանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց երեկ ձերբակալված ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Ձերբակալումը կապված է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի քրեական գործի հետ`ընտրակաշառքի գործով։
Դատարանը, հիշեցնենք, ոչ իրավաչափ էր ճանաչել Աբրահամ Մանուկյանի ձերբակալումը:
Այսօր, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր նաեւ Աբրահամ Մանուկյանի կալանավորման հարցը:
Դատարանից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում, Աբրահամ Մանուկյանը հարցերին չպատասխանեց, ասաց`«ոչ մի բան չեմ մեկնաբանում»: Իսկ հարցերը վերաբերվում էին իր`ընտրակաշառք բաժանելու մասնակից լինել -չլինելուն: «Ոչինչ չունեմ ասելու, չեմ պատասխանում»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Պաշտպան Հրանտ Անանյանն էլ ասաց, որ Աբրահամ Մանուկյանին կալանավորելու գործի քննությունը հետաձգվել է վաղը`17.00, քանի որ նյութերը ծավալուն էին: Աբրահամ Մանուկյանն այսօր ինքնակամ է ներկայացել կալանքի միջնորդության քննարկմանը: Պաշտպանն ասաց, որ Աբրահամ Մանուկյանը վկայություն տվել է, սակայն մանրամասներ չհրապարակեց: Հավելեց`նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Առերեսումներ Աբրահամ Մանուկյանի եւ իր դեմ ցուցմունք տված անձանց միջեւ չի եղել. «Որեւէ վկա չկա, որ ասի կամ ասել է այս գործի շրջանակներում, որ ինքը պարոն Աբրահամ Մանուկյանից գումար է ստացել»:
Հրանտ Անանյանն ասաց, որ Աբրահամ Մանուկյանի տանը խուզարկություններ են եղել, բայց գործի համար ապացույց համարվող ոչինչ չի հայտնաբերվել: «Ինչ-որ փաստաթղթեր վերցվել են, բայց դրանք գործի հետ կապ չունեցող են, քանի որ կալանքի միջնորդության հիմքում դրված չեն, վերցվել են`հետագայում ուսումնասիրելու համար»,- ասաց պաշտպանը:
Աբրահամ Մանուկյանը մեղադրվում է կաշառք տալուն օժանդակելու մեջ: Հրատ Անանյանն ասում է, որ գործով տվյալներ, որ Աբրահամ Մանուկյանը Գագիկ Ծառուկյանից գումար է վերցրել`չկան, իր պաշտպանյալն էլ չի ընդունում առաջադրված մեղադրանքը: «Դա քրեական հետապնդման մարմինների վարկածն է, կան ցուցմունքներ, կան ցուցմունքների մեջ հակասություններ եւ չի նշանակում, որ ցուցմունքը իրականություն է»,- ասաց պաշտպանը:
Կալանավորման միջնորդության հիմքում էլ մեկ անձի վկայություն է դրված:
Հրանտ Անանյանը նաեւ տեղեկացրեց, որ Աբրահամ Մանուկյանը վատառողջ է:
Գագիկ Ծառուկյանի եւ Աբրահամ Մանուկյանի կալանավորման հարցը նույն դատական նիստի ընթացքո՞ւմ է քննարկվում, հայտնի չէ: Միայն հայտնի է, որ նախագահող դատավորը նույնն է՝ Ռոբերտ Պապոյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ