Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկետայում լրացրել է, որ իրենք հրաժարվել են թեստավորումից». կորոնավիրուսից մահացած կնոջ դուստրը մանրամասներ է հայտնում. ԳԱԼԱ

Հունիս 18,2020 22:40

Հունիսի 16-ին «Գյումրի» ԲԿ-­ում մահացած 66­ամյա կնոջ հարազատները հերքում են, որ երկու անգամ կնոջն առաջարկվել է թեստավորել, և երկու անգամ էլ թեստավորումից հրաժարվել են, այն էլ գրավոր: Հանգուցյալի հարազատներն այդ ամենը զրպարտություն են համարում։

Մահացածը Հայ առաքելական եկեղեցու հովիվ Տեր Եզնիկ քահանա Գալստյանի կինն է։

«Մենք ամբողջ ընտանիքով մրսել էինք։ Հայրս հիվանդացավ, մկանները ցավում էին։ Հետո ինձ մոտ հազ սկսվեց, մայրիկիս մոտ ոչինչ չկար։ Ինքը շատ ուժեղ իմունիտետ ուներ։ Հետո նկատեցինք, որ մորս մոտ ինչ-որ խնդիրներ են առաջացել։ Դիմեցինք «Կարմիր խաչի» պոլիկլինիկա։

Պոլիկլինիկայում երեքիս էլ ջերմաչափել են։ Մայրս բարձր ջերմություն ուներ, բայց ոչ ոք չասաց՝  ջերմությունը բարձր է, բերեք թեստավորենք։ Ընդամենը ռենտգեն հետազոտություն արեցին, ասացին՝ գնացեք տուն, բժշկուհին  երբ եկավ, ռենտգենի պատասխանը կնայի և ձեզ կզանգի։ Եկանք տուն, ժամը 17։00-ին բժշկուհին զանգահարեց, ասաց, որ քահանայի մոտ ոչինչ չկա, Մարիամի մոտ թեթևակի թոքերի բորբոքում է, իսկ տիկին Էմմայի մոտ թոքաբորբ է, լավ կլինի թեստավորենք։

Հայրս ասաց՝ բժշկուհի ջան, ճիշտ կլինի, որ սկզբում թոքաբորբի դեմ բուժեք, վիճակը կայունանա, հետո եթե պետք եղավ, կթեստավորեք։ Այդ մասին ընդամենը քննարկել ենք բժշկուհու հետ, որ կարելի է տանը մնալ, որովհետև մայրս չէր ուզում հիվանդանոց գնալ, չէր ուզում բժիշկների ձեռքն ընկներ, որովհետև մեր ծանոթներից մեկին կորոնավիրուսի կասկածով տարել էին պոլիկլինիկա, նրան շատ վատ էին այնտեղ վերաբերվել։ Մայրս ուզում էր բուժումը տանը ստանալ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նոր մանրամասներ ներկայացրեց հանգուցյալ կնոջ դուստրը՝ Մարիամ Գալստյանը։

Մարիամի խոսքերով՝ բժշկուհին՝ որպես պրոֆեսիոնալ մասնագետ, պիտի զգուշացներ, որ մայրը ռիսկային խմբում է գտնվում, և որ նրա մոտ հայտնաբերված թոքաբորբը երկկողմանի է, և տանը բուժում կազմակերպելը վտանգավոր է, ոչ թե առանց իմանալու՝ ինչ բուժում պիտի նշանակի մարդուն,  դեղեր և ներարկումներ է նշանակում, որը օգուտ տալու փոխարեն ավելի է բարդացնում հիվանդի վիճակը։

«Գոհար Խաչատրյանը թոքաբորբի դեղեր էր նշանակել, բայց չէր զգուշացրել, որ մարդը ռիսկային խմբում է, և կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբի բուժումն ուրիշ բան է, սովորական թոքաբորբինը ուրիշ։ Կիրակի գիշերը մայրս շատ վատ էր, շունչը կտրվում էր։ Առավոտյան զանգահարեցի պոլիկլինիկա, խնդրեցի, որ գան մեր տուն և մայրիկիս թեստավորեն։ Ասացին, որ դուք եկեք, դուք բերեք հիվանդին։

Ուզում եմ ընդգծել, որ մենք պոլիկլինիկայում միայն հինգշաբթի օրն ենք եղել, դրանից հետո մեզ չեն կանչել։ Ծնողներս էլ չեն գնացել, և գրավոր հրաժարական չի եղել։ Պոլիկլինիկայի տնօրենը լկտիաբար ասում է, որ եկան ինձ մոտ, թուղթ գրեցին, որ եթե մեռնեմ, թող իմ տանը մեռնեմ։

Հայրս ընդամենը բժշկուհու հետ քննարկել է՝ թեստ չանենք, կինս վախենում է, հազար ու մի բան կա, բայց կտրականապես չի հրաժարվել։ Այդ խոսքերից ենթադրել է, որ մենք հրաժարվել ենք թեստավորումից , դա ավելի շատ իրեն ապահովագրելու համար է ասել։ Անկետայում լրացրել է, որ մենք հրաժարվել ենք թեստավորումից։

Մորս մահից հետո զանգել էր, ասում էր՝ Տեր հայր ջան, թուղթ գրեք բերեք, որ դուք եք հրաժարվել թեստավորումից։ Ոչ մի թուղթ չգրեցինք, թե չէ հետին ամսաթվով կդարձնեին, մեզ էլ կրակը կգցեին»,- պատմում է Մարիամը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930