Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Սերբիայի նախագահների պայմանավորվածության շնորհիվ հատուկ չվերթով Երևան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին օդանավը

Հունիս 18,2020 19:20

Այսօր «Air Serbia» ավիաընկերության հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան ժամանեց մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաներ ու սարքավորումներ բերող առաջին օդանավն, իսկ վաղը կժամանի ևս մեկը: Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Սերբիայի կողմից Հայաստանին մեծածավալ աջակցություն տրամադրելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում:

Օրերս նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել իր գործընկեր Վուչիչի հետ, ում հետ ջերմ բարեկամական հարաբերություններ ունի: Նախագահներն անդրադարձել էին կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին, և Սերբիայի նախագահն ընդգծել էր, որ իր երկիրը պատրաստակամ է աջակցել Հայաստանին: Նախագահ Սարգսյանը սերբական կողմին էր փոխանցել ՀՀ առողջապահության նախարարի տրամադրած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը:

Որպես աջակցություն համավարակի դեմ պայքարին՝ Սերբիան Հայաստանին է տրամադրում 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ:

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցում Սերբիայի նախագահն առաջարկել էր իր օգնությունը, և այսօր արդեն ժամանեց մարդասիրական օգնությամբ առաջին ինքնաթիռը, -լրագրողների հետ զրույցում ասել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: -Վաղը կժամանի երկրորդ ինքնաթիռը՝ դարձյալ բժշկական պարագաներով և սարքավորումներով: Այն, ինչ բերվել է այսօր և կբերվի վաղն, առաջնային նշանակություն ունի Հայաստանի առողջապահական համակարգի համար: Ալեքսանդար Վուչիչի հետ հեռախոսազրույցի ընթացքում Հանրապետության նախագահն իր շնորհակալությունն է հայտնել և՛ Սերբիայի նախագահին, և՛ սերբ ժողովրդին՝ մեր երկրին օգնություն ցուցաբերելու համար»:

Էմիլ Տարասյանն ավելացրել է, որ նախագահ Սարգսյանը շարունակում է օգտագործել իր գործընկերային և անձնական կապերը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում աջակցության նոր հնարավորություններ ապահովելու Հայաստանի համար: Իսկ Հանրապետության նախագահի աշխատակազմը մշտապես կապի մեջ է կառավարության գործընկերների հետ, առողջապահության նախարարության հետ պարբերաբար թարմացվում է պահանջվող սարքավորումների և միջոցների ցանկը:

«Այս աջակցության առաջարկը շաբաթներ առաջ է արվել, երբ մեր երկրների նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Նրանք ունեն շատ ջերմ, մտերիմ հարաբերություններ, և ես ուրախ եմ, որ մենք արդեն ունենք արդյունք,- ասել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Ցվետկովիչը: -Վաղը մարդասիրական օգնությամբ ևս մեկ ինքնաթիռ կժամանի Հայաստան: Կարծում եմ՝ այս աջակցությունն օգտակար կլինի Հայաստանի համար»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930