Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաֆիզիկոսը՝ ՀՀ-ում համավարակի, յակուտական «ծիրանագետների» ու Թայվանի փորձի մասին

Հունիս 18,2020 18:03

Կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանը, որը 10 տարի է՝ աշխատում է Թայվանում, իր հրապարակախոսական հոդվածներում ստորագրում է «Երեւանի նախկին ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից», պատասխանում է Aravot.am-ի հարցերին:

– COVID-19 դեմ պայքարում ի՞նչ նոր գիտական նվաճումներ կան գրականության մեջ, որևէ հետաքրքիր փաստ կարո՞ղ եք նշել:

– Գիտական հարցերով դիմեք ՀՀ ԳԱԱ մասնակցությամբ միջազգային ասոցիացիային: Հունիսի 9-ին Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան անցկացրեց Վիրուսաբանության գիտական խորհրդի հիմնադիր առցանց գիտաժողով: Վիրուսաբանության գիտական խորհրդի ստեղծման հիմնական նպատակն է միավորել ջանքերը կարևորագույն գիտական խնդիրների վերաբերյալ լուծումներ գտնելու, փորձի փոխանակման և կադրերի պատրաստման գործում: Գիտության մասին առանց այն էլ շատ խոսող կա, եկեք ես չավելացնեմ նրանց շարքերը:

– Ուզում եք ասել, որ չե՞ք հավատում նորաստեղծ գիտական խորհրդի աշխատանքի արդյունավետությանը:

– Ինչպես դասականն էր ասում՝ միամիտ չեմ հավատամ քեզ, տառապանքս փորձ ունի: Եթե չեմ սխալվում, այդ կազմակերպությունը ստեղծվել է 1993 թ.-ին ԱՊՀ երկրների և Վիետնամի ԳԱ միջև, հետագայում միացել են Մոնղոլիայի և Չինաստանի Ցզյանսի գավառի ԳԱ-ն: Արդեն գործող 25-ից ավելի գիտական խորհուրդներին ավելացրել են ևս մեկը՝ վիրուսոլոգիայի հարցերով: Փորձեցի գտնել որևէ արժեքավոր գիտական արդյունք, որ ստացվել է արդեն 27 տարի գործող այս ոչ պետական կառույցի գիտական խորհուրդներից որևէ մեկի մասնակցությամբ, սակայն, ցավոք, չգտա: Կամ լավ թաքցրել են, կամ էլ ես վատ փնտրեցի: Ինչեւէ, եթե հավատում եք, որ այս նոր խորհուրդը գերազանցելու է մինչ այժմ գործող գիտխորհուրդների արդյունավետությունը, ապա առաջարկում եմ COVID-19 մասին գիտական հարցերով դիմել այդ խորհրդի հայաստանյան ներկայացուցչին:

– Դուք ձեր ֆեյսբուքյան էջում և հայաստանյան մամուլում տպագրված հոդվածներում պարբերաբար պատմում եք Թայվանում համաճարակի դեմ պայքարի մեթոդների մասին: Ի՞նչ վիճակ է այդ երկրում ներկա պահին:

– Կարող եմ խոսել չոր թվերի և որպես դիտորդ՝ պայքարի միջոցների և արդյունքի մասին: Մոտ 25 մլն ազգաբնակչություն և Հայաստանի չափ տարածք ունեցող երկրում վարակակիրների թիվը չհասավ 500-ի, իսկ մահերի թիվը կարծեմ 7 է: 55 օր է ներքին վարակման դեպք չկա՝ միայն մի քանի ներկրման դեպք՝ այլ երկրներից: Եթե ավելացնենք, որ բնակչության 95 տոկոսը էթնիկ չինացի է, կան սերտ կապեր պատմական հայրենիքի հետ և օրական տասնյակ ինքնաթիռներ էին վայրեջք կատարում Չինաստանից՝ կարելի է ենթադրել, որ մենք էլ տեսական շանս ունեինք խելամիտ ձևով պայքարել COVID-19 դեմ: Այստեղ արդեն դադարեցրել են ստուգումները մեծ հանրախանութներ մտնելիս, համալսարանների մուտքի մոտ, ուսանողական ճաշարաններում վերատեղադրել են սեղան աթոռները: Իսկ թե ինչ է կատարվում Հայաստանում՝ ինձնից լավ գիտեք, թվերը հայտնի են:

– Ձեր կարծիքով Հայաստանում ինչո՞ւ չստացվեց գոնե թայվանական պատկերին մոտ արդյունք ստանալ:

– Չգիտեմ, չեմ ուզում առանց այն էլ քաղաքականացված խնդրին ավելացնել իմ՝ քչերին անհրաժեշտ կարծիքը: Մարտի 1-ից հայաստանյան հանրությանը փորձել եմ ինձ հասանելի բոլոր մեթոդներով տեղ հասցնել տեղեկատվությունը Թայվանում իրականացվող հակահամաճարակային պայքարի մեթոդների և արդյունքների մասին: Կարելի է ասել՝ ես ասել, ես էլ լսել եմ: Փոքրաթիվ ընթերցողները և հատուկենտ համախոհները ընդհանուր դատարկաբանության ֆոնի վրա տոկոս չեն կազմել: Եթե կարճ ասեմ՝ ծիրան առեք հայերից, ձիթապտուղ՝ հույներից, համաճարակի դեմ պայքարի մեթոդները սովորեք Թայվանից: Սեփական աննախադեպության մասին զառանցանքից հետո, արդեն բառից էլ եմ զզվում, գնացին «յակուտներից ծիրան առնելու»: Այն մարդիկ, որոնք խորհուրդ էին տալիս համաճարակի դեմ պայքարում, ինձ հիշեցնում են յակուտական «ծիրանագետներին»: Հայաստանն էլ Թայվանի պես «կղզի» է, այստեղ պարզապես սահմանը ծովային է: Բայց մեր շրջափակումը, ինչը տարիներ շարունակ «օգտագործվել » է տարբեր տնտեսական անհաջողություններ արդարացնելու համար, մեզ վերածել է «ցամաքային կղզու»: Համաճարակի դեմ պայքարի մեթոդն ընտրելիս կարելի էր հաշվի առնել այս հանգամանքը:

-Ձեր տպավորությամբ կամ գուցե տեղեկությամբ՝ ու՞մ խորհուրդներն են լսում մեզ մոտ:

– Անվանական չգիտեմ, կարող եմ միայն ենթադրել: «Խորհրդատուներին» երևի կարելի է բաժանել մի քանի երևացող խմբի՝ ակնհայտ շահ հետապնդող որոշ լրատվամիջոցներ, գուշակների ու աստղաբանների կոնսպիրոլոգիական մի խումբ, բարի մղումներով, բայց անգրագետ «մասնագետների» հանրություն: Ում են ավելի շատ լսում՝ չեմ կարող ասել, բայց որ բոլորի «խորհուրդներն» էլ մեկ-մեկ ի հայտ են գալիս՝ ակնհայտ է:

Կցանկանայի նաեւ մի երկու բառ ասել մի երիտասարդ բժշկին, կարծեմ Մանասյան է ազգանունը: Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ այս երիտասարդի մղումները ազնիվ են, որ նա ցանկանում է օգուտ բերել ժողովրդին, երկրին: Բայց… երևի տարիքս թույլ է տալիս այսպես դիմել՝ տղա ջան, երբ սկսեցիր խոսել «հատուկ հայկական գենի» մասին և դա բացատրում էիր «պարբերական կամ երևանյան հիվանդության» մեզ վերևից տրված լինելու փաստով, արդեն գոնե միջնակարգ կրթություն ունեցող մարդկանց վանեցիր քեզնից: «Կորոնավիրուսն ում շունն ա» արտահայտությունը ամբողջացրեց այդ մոտեցումը: Երբ կուրծք էիր ծեծում, թե մի 5 հազար ջահելներով գնանք հատուկ վարակվենք, որ իմունային բարիեր ստեղծենք՝ դա էլ ունենք հիմա: Տասնյակ հազարավոր վարակակիրները օգնո՞ւմ են մյուսների չվարակվելուն: Մի պարզ օրինակ բերեմ, եթե սենյակում կա 20 մարդ, 7-ը արդեն մի անգամ վարակված-բուժված, 3-ը վարակակիր: Հիմա մնացած դեռ առողջ 10-ին այդ 7-ը ինչպե՞ս կփրկեն, այն 3-ն էլ հազում ու փռշտում են: «Մատառիստ Վլե» խորագրով մի հումորով գյումրեցի աչքովս ընկավ յութուբում: Ինձ հարազատ բարբառով և սպեցիֆիկ հումորով մի հերոսը մյուսին ասում էր՝ «Ծո Գառնուգ, չեղնի հիվընդի փռշտածաձը էգել շնճել են, մեզի բան չմնաց…»:

Ազնիվ մղումները դեռ քիչ են մասշտաբային խորհուրդներ տալու համար: Այդ իսկ պատճառով ես պարզապես պատմել եմ, թե արդեն պայքարի փորձ ունեցող երկրները ինչ են անում հիմա:

– Թայվանի փորձն աչքի առաջ ունենալով կարո՞ղ եք ասել ՝ իսկ ի՞նչ է պետք անել Հայաստանում:

– Համաճարակի դեմ պայքարի մեջ հաջողության հասնելու պատճառները բազում են: Օրինակ, Ճապոնիայի հաջողությունները լուրջ գիտական հանդեսներից մեկը բացատրել էր առնվազն 43 պատճառով, որոնց մեջ նույնիսկ առկա էին լեզվական առանձնահատկությունները: Իզուր եք ծիծաղում, թե ինչքան «հեղուկի կաթիլներ» է նետում շրջակա միջավայր՝ կախված է լեզվից, խոսելու ոճից: Իմ խորհուրդները տեղ չեն հասնում, բայց նշեմ, որ ինչքան ինձ հաջողվեց դիտարկել թայվանական հաջողության պատճառները ներսից և լսել մասնագետների կարծիքը՝ հիմնականը մարդկային գործոնն է, այն կարգուկանոնը, որով այստեղ մարդիկ կատարում են հրահանգները: Եթե ամեն «զինվոր» քննարկի հրամանատարի առաջադրանքը՝ ոչ մի բանի էլ չենք հասնի:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 Լուսանկարը` Սասուն Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930