Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշակի փորձեր եւ քայլեր եղել են, բայց դրանք ամբողջովին չեզոքացված են». ԱԽ քարտուղարը տեղի ունեցող իրադարձությունների մասին

Հունիս 18,2020 16:40

Այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին՝ ի՞նչ վտանգներ է տեսնում ներքաղաքական իրավիճակում, քանի որ նախկինում մտահոգություն կար, որ տարբեր գործիչների կողմից հնարավոր են պետության անվտանգությանը հակասող քայլեր, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց՝ այս պահին այդ առումով մտահոգվելու որեւէ կարիք չկա, ամբողջ պետական համակարգը եւ անվտանգության համակարգը արդյունավետ աշխատում է. «Իհարկե որոշակի փորձեր եւ քայլեր եղել են, բայց դրանք ամբողջովին չեզոքացված են եւ մենք այդ առումով հանգիստ ենք: Այս պահին միակ մտահոգությունը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է եւ ներքին կյանքում միակ սպառնալիքը, կարելի է ասել, դա է»:

Պարոն Գրիգորյանը չպատասխանեց՝ ի՞նչ են բացահայտել, ովքե՞ր են եղել եւ ի՞նչ վտանգ է սպառնացել:

Դիտարկմանն ի պատասխան, թե ուժային կառույցներում վերջին փոփոխությունները կապված էին հեղաշրջման վտանգի հետ, որ ընդդիմադիրներն ակտիվացել էին, վարչապետն այդ պաշտոնյաների նկատմամբ վստահություն չունե՞ր, Արմեն Գրիգորյանն ասաց. «Միակ պատճառը վիրուսի հետ կապված բացատրությունն է, որը տրվել է: Ընդդիմության ակտիվանալը դրա հետ ընդհանրապես կապ չունի: Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը եղել են միայն քրեական գործերը»:

Արմեն Գրիգորյանի խոսքով, համավարակը մեծ մարտահրավերներ է ստեղծել, բայց կառավարության հետ համատեղ բազմաթիվ աշխատանքներ են կատարվում, որպեսզի դա նվազագույնի հասցվի․ «Ընդհանուր անվտանգության համակարգը, կարելի է ասել, արդյունավետ աշխատում է»:

Այն հարցերին՝ ինչպե՞ս է լինում, որ վարակակիրների տվյալները հայտնվում են ադրբեջանցիների ձեռքում կամ մահացած քաղաքացիների տվյալները հրապարակվում են սոցցանցերում, ԱԽ քարտուղարը պատասխանեց, որ այդ հարցն ուսումնասիրվում է, սպասում են բացահայտմանը, որի մասին հավելյալ կտեղեկացվի:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930