Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Նիկոլս ծերացել ա մեր ձեռը». Վարչապետը շրջում էր փողոցներում եւ դիմակ բաժանում

Հունիս 18,2020 16:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում էր Երեւանի փողոցներում եւ դիմակներ էր բաժանում, եւ նրանց, ովքեր դիմակներ էին կրում, շնորհակալություն հայտնում, ովքեր սխալ էին կրում՝ ճիշտ ձեւը բացատրում:

Վարչապետի հետ սելֆի անել ցանկացողները շատ էին, Փաշինյանը չէր մերժում, նկարվում էր նրանց հետ՝ հեռավորությունը պահպանելով:

Քաղաքացիների մեծ մասը սիրո խոստովանություն էին անում Փաշինյանին, համբերություն մաղթում: Մարդիկ կային, որոնք մոտենում էին եւ իրենց խնդիրը ներկայացնում:

Օղակաձեւ այգում զրուցարանում մի խումբ տարեցներ էին նստած, նրանք նկատելով իրենց մոտեցող վարչապետին, արձագանքեցին՝ փառք ու պատիվ ձեզ, երկար կյանք ձեզ, Փաշինյան ջան: Տարեցներից մեկը դիմակ չէր կրում, Փաշինյանը նրան էլ դիմակ տվեց եւ հորդորեց ուշադիր լինել, դիմակը ճիշտ կրել ու բացատրեց՝ կարող է մեկը վարակված լինի, մոտենա նրանց եւ վարակի, ուստի դիմակի ճիշտ կրելը շատ կարեւոր է: Դիմակ չկրող տարեցը, ինչպես ընկերներն ասացին, 90-ն անց է: «Ընձի բան չի ըլնի»,-ասաց 90-ն անց այս տարեց մարդը: «Այ հայրիկ ջան, ախր ո՞նց բան չի լինի, ախր տենց ո՞նց կլինի»,-արձագանքեց Փաշինյանը:

«Մենք ձեզ խնդրում ենք, զգույշ եղեք»,-վարչապետին հորդորեցին տարեց քաղաքացիները, ինչին ի պատասխան վարչապետն ասաց.«Ախր, դո՛ւք զգույշ եղեք»:

«93 տարեկան մարդը դիմակ չի կրում, ասում է՝ ինձ բան չի լինի»,-հետո ասաց Փաշինյանը: Նրան հանդիպող շատ քաղաքացիներ ցանկանում էին ձեռքով բարեւել: «Հլը ձեռքով բարեւո՞ւմ եք»-արձագանքում էր վարչապետը: Ալեք Մանուկյան փողոցի սրճարաններից մեկի աշխատակցուհին էլ դիմակ չէր կրում, Փաշինյանը նկատեց եւ ձայն տվեց. «Հիմա ոստիկանները ձեզ կտուգանեն»: «Չեն տուգանի»,-պատասխանեց կինն ու փորձեց ձեռքով բարեւել վարչապետին: Այս կնոջն էլ դիմակ տվեց ու բացատրեց՝ տուգանելու համար չի ասում, այլ՝ առողջության: Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի շենք մտավ, այստեղ վարչապետին ջերմաչափեցին՝ 36 աստիճան:

«Մենք ձեզ շատ-շատ ենք սիրում»,-Փաշինյանից դիմակ վերցնելով ասաց մի կին: «Ես էլ ձեզ եմ շատ սիրում, բայց ոնց որ մենք էս իրար ընդհանուր սիրելու ձեռքը կրակն ենք ընկել, խնդիր է առաջանում»,- պատասխանեց նա:

«Սա մեր հիմնական խնդիրն է, չնայած երկրում համավարակ է, բայց չգիտես՝ ինչու, երկրում տոնի մթնոլորտ է, լուրջ եմ ասում»,-նկատեց վարչապետը: Շրջելով մի բան էլ նկատեց՝ մարդիկ դիմակով քայլում են, հենց ծանոթի են հանդիպում՝ դիմակն իջեցնում, նոր են խոսում: «Պարոն Փաշինյան, սա չենք կրելու, սա պահելու ենք որպես հիշատակ»,-ասաց Փաշինյանից դիմակ ստացած մի կին:

«Նիկոլս ծերացել է մեր ձեռը»,-Փաշինյանին տեսնելով արձագանքեց մի կին:

Մեկն էլ կանչում էր՝ «Դիմակները հանեք, ժողովուրդը մեղք է»:

Մի կին էլ չկարողացավ մոտենալ Փաշինյանին, ասում էր՝ բան ունեմ ասելու վարչապետին, բայց Փաշինյանը չնկատեց նրան, քանի որ շատ մարդիկ կային շրջակայքում: Տեսնելով, որ արդեն մարդկային կուտակումներ են լինում, վարչապետը դադարեցրեց իր ակցիան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930