Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ցույց ես տալիս քաղաքացու ցուցաբերած խախտումը, լկտի վերաբերմունքը ոստիկանի հետ, ասում են՝ բա անձնական տվյալները խախտել ես. Նիկոլ Փաշինյան

Հունիս 18,2020 15:52

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, շարունակելով անձնական տվյալների պաշտպանության թեման, ասաց. «Այսօր, օրինակ՝ անձնական տվյալները պաշտպանում ենք սրբորեն, դրա համար հանրության մի ստվար զանգված չի հավատում, որ Հայաստանում կորոնավիրուսով մահացած մարդիկ կան, չի հավատում, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող մարդիկ կան, չի հավատում, որ իրենց կողքի շենքում կորոնավիրուսով հիվանդ մարդիկ կան»:

Փաշինյանի խոսքով, երբ ոստիկանությունը որեւէ մեկին բերման է ենթարկում, ինչ-որ մեկը մտնում է ուղիղ եթեր ու բոլորին ցույց է տալիս, սակայն այդ ժամանակ ոչ ոք չի ասում, որ անձնական տվյալի գաղտնիության խնդիր կա. «Երբ ցույց ես տալիս դրանից առաջ քաղաքացու ցուցաբերած խախտումը, լկտի վերաբերմունքը ոստիկանի հետ, ասում են՝ բա անձնական տվյալները խախտել ես: Մեր ժամանակակից իրավաբանությունում ամեն օր, ինչ-որ տարօրինակ բանի ենք հանդիպում: Որտեղ ուզում ես խնդիր լուծել ասում են՝ մի լուծեք, դա ինչ-որ կոնվենցիայի խախտում է: Ես չեմ հասկանում այդ օրենքները խնդիր լուծելո՞ւ, թե չլուծելու համար են»:

Ապա դիմելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ասաց՝ ոչ թե թաղամասերով է պետք հրապարակել, այլ՝ հասցեներով, թե որտեղ կորոնավիրուսով հիվանդ որքան մարդ կա. «Եկեք անենք դա, թող գնան՝ տեսնեն»: Թորոսյանն ասաց, որ գուցե շենքի հասցե հրապարակվի եւ քարտեզ լինի՝ որ հասցեներում կորոնավիրուսի դեպքեր կան:

Փաշինյանի խոսքով, կառույցներ կան, որ 30 տարի Հայաստանին ասել են՝ պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք ընտրակաշառքների, ընտրակեղծիքների դեմ, հիմա ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ ընդդիմությանն ինչո՞ւ եք ճնշում. «Բա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են: Դա շատ լավ ձեւ է՝ ես ընդդիմություն եմ ինձ բան մի ասեք: Ու ընդհանրապես, պետք է կողմնորոշվել: Որ ուղղությամբ գնում ես, ասում են՝ սխալ է: Հյուսիս գնաս՝ սխալ է, հարավ գնաս՝ սխալ է, արեւելք, թե արեւմուտք՝ սխալ է, ոչ մի ճանապարհ չկա: Տպավորություն է, որ ուզում են մեր ոտքերն ու ձեռքերը կապեն, ասեն՝ ոչ մի բան մի արեք: Արտակարգ դրություն է, պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկել եւ այդ նեյնիմներին պետք է վերջ տալ: Հրապարակեք հասցե առ հասցե: Հրապարակեք այն մարդկանց տվյալները, որոնք առավոտից երեկո կորոնավիրուսի դեմ խոսում են, բայց ընտանիքի մի մասը հիվանդ է»:

Փաշինյանի խոսքով, հյուսիս-հարավ ասելով՝ նկատի չունի աշխարհաքաղաքական կողմնորոշումը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930