Վերջին օրերին հրապարակված փաստերը ևս մեկ անհերքելի վկայություն են, որ մեր երկրում տասնամյակներ շարունակ իշխանությունը եղել է յուրացված, իսկ պետությունը՝ զավթված։ Ասվածից հետևում է, որ «Բարգավաճ Հայաստան կուսակցություն» անվան տակ իշխանության յուրացման և պետության զավթման մաս կազմած օլիգարխիկ կլանի մասնակցությամբ 2018-ի դեկտեմբերի 9-ին ձևավորված ներկայիս խորհրդարանը կորցնում է լեգիտիմությունը։ Այս քաղաքական ճգնաժամը մի բաղադրիչն է համավարակի ազդեցությամբ օրեցօր խորացող համակարգային ճգնաժամի, որը հնարավոր է հաղթահարել միայն հակաճգնաժամային անցումային կառավարմամբ։
Նման մոտեցում չորդեգրելու դեպքում ոչ լեգիտիմ դարձած խորհրդարանի գործունեությունը հանգեցնելու է ճահճացման կամ քաղաքացիական բախումների։
Երկու տարբերակն էլ անընդունելի են և մեր ժողովրդին ու պետությանը կարող են հասցնել ազգային աղետի շեմին։
Ըստ Ազգային-ժողովրդավարական բևեռի Հռչակագրի, աղետը կանխելու հակաճգնաժամային անցումային կառավարման ծրագիրը պետք է իրականացվի ինքնիշխանության ամրապնդման ու Արցախը ներառող միասնական կառավարման համատեքստում և ներառի.
Կարդացեք նաև
1) առողջապահական, պարենային, էներգետիկ ու պաշտպանական անվտանգության, ինչպես նաև լայնածավալ հայրենադարձության նախադրյալների ու պայմանների ապահովում,
2) անցյալի իրավաքաղաքական գնահատական,
3) իրավաքաղաքական գնահատականից բխող անցումային արդարադատություն, այդ թվում. – քրեական արդարադատություն, – լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական և գործակալական, ինչպես նաև որպես հետևանք՝ նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեության և դրանց պարագլուխների հանրային գործունեության արգելում,
4) իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ Նոր Սահմանադրության մշակում և ընդունում,
5) Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն և դրանց հիման վրա արտահերթ ընտրությունների անցկացում:
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ